«Կոալիցիայի հռչակագրի հիմքերում դրված է իշխանական կերակրատաշտից համատեղ օգտվելու սկզբունքը: Նույնիսկ այնքան հստակ էր ձեւակերպված, թե այդ կերակրասեղանի մոտ ով որտեղ է նստելու, ով ուտելիքներին ինչքան է մոտ լինելու, ոնց է բաշխվելու սեղանից օգտվելու կարգը»,- անդրադառնալով ՕԵԿ հետ վերջին օրերին կատարվող իրադարձություններին, երեկ հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արշակ Սադոյանը:
Վերջինիս խոսքերով՝ բնական է, որ նման երեւույթը պետք է հանգեցներ նաեւ այդ կերակրասեղանից ավելի շատ բարիքներ վերցնելուն, որովհետեւ այդ տիպի կազմավորումներում անձնական շահը, նեղ խմբակային շահը միշտ ավելի բարձր է լինում: Սակայն, ըստ Ա. Սադոյանի, տվյալ պահին, բացի կերակրատաշտից օգտվելուց, կա նաեւ հետագայի խնդիր, այսինքն, թե ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ կլինի հաջորդ սեղանին: Պատգամավորի խոսքերով՝ բնական է, որ խնդիր է ծագում, թե 2007թ. ընտրություններից հետո ուտելիքի սեղանի շուրջ որքան տեղ է նախատեսվելու ՕԵԿ-ի, որքան տեղ՝ ՀՀԿ-ի համար: «Սակայն սեղանի շուրջը նստելու, բարիքներից ապօրինաբար օգտվելու հավակնորդների թիվն ավելանում է՝ «Բարգավաճ Հայաստան», «Միավորում հանուն Հայաստանի»…: Բնական է՝ կռիվ է ծագում ապագա սեղանի համար էլ: Ոմանք նույնիսկ թամադայի տեղի համար էին հավակնություններ ունենում եւ բնական է, որ այս պայմաններում ավելի մեծ բարդություններ են ծագում»,- կարծում է նա: Ըստ նրա, ՕԵԿ հետ կապված իրադարձությունները նաեւ ապագա սեղանի «թամադայի հետ առնչվող խնդիր է», ինչն, Ա. Սադոյանի գնահատմամբ, բավական հստակ երեւաց վերջին 1-2 ամսվա հայտարարություններում. պատգամավորը նշեց, որ ինքը մասնավորապես նկատի ունի գերմանական թերթերից մեկին Ա. Բաղդասարյանի տված հայտնի հարցազրույցը: Ինչեւէ, դատելով Սադոյանի երեկվա ասածներից, կարելի է եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորն ուրախ է, որ կոալիցիայի կազմից դուրս եկած «Օրինաց երկիրը» համալրելու է ընդդիմության շարքերը: «Իշխանությունների՝ մեխանիկորեն վերարտադրվելու դեմ պայքարողների քանակն ավելանում է: Օգտակար է, երբ որ պայքարողների քանակն ավելանում է, թեկուզ «աբիժնիկ» դառնալու պատճառով»,- նշեց Ա. Սադոյանը, հավելելով, թե ինքն ուրախ է, որ հստակություն է մտցվում, թե «ինչ կարգի գործընթացներ կան Հայաստանում»: Ընդդիմադիր պատգամավորը երեկ նաեւ նշեց, թե ինքը գրեթե անհավանական է համարում ԱԺ արտահերթ ընտրությունները, պատճառաբանելով, թե դա ոչ մեկին հարկավոր չէ: Ա. Սադոյանն անհավանական է համարում նաեւ Վահան Հովհաննիսյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հնարավորությունը, քանի որ «ՀՅԴ-ի նկատմամբ որոշակի վերաբերմունք կա»: Միաժամանակ Սադոյանը չբացառեց, որ ԱԺ նախագահ կարող է դառնալ Տիգրան Թորոսյանը կամ Գալուստ Սահակյանը: Ի դեպ, Սադոյանը երեկ ասուլիս էր հրավիրել այլ թեմայով: Խոսքն «ԱրմենՏելի» հետ կապված մի խնդրի մասին է: Նա տեղեկացրեց, որ հաջողվել է հասնել նրան, որ միացվեն քաղաքացիների հեռախոսները, առանց վճարելու այն գումարները, որոնք նրանց հաշիվներին էին եկել միջազգային՝ տեղի չունեցած հեռախոսային միացումներից: «Հաշվի առնելով մեր իշխանությունների կախվածությունն այդ, այսպես ասած, մեծ փողերի հետ առնչվածների հետ, ձեւակերպումը տրվեց այնպես, թե իբր «ԱրմենՏելը» մեծահոգաբար ներում է պարտքերը»,- նշեց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ այդ գումարը գերազանցում էր 600 հազար դոլարը: Ա. Սադոյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշվել է ստեղծել հասարակական հատուկ կազմակերպություն, որը նման դեպքերում կպայքարի «իշխանությունների եւ մենաշնորհ ունեցող «ԱրմենՏելի» դեմ»: Նա չնշեց, թե ինչպես է կոչվելու այդ կազմակերպությունը, սակայն վստահեցրեց, որ այն զբաղվելու է հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների շահերի պաշտպանությամբ: Պատգամավորի խոսքերով՝ նույնիսկ վատ իշխանությունների դեպքում, եթե գեղ կանգնի, գերան կկոտրի, եւ որպես օրինակ նշեց «ԱրմենՏելի» դեմ պայքարում բաժանորդների վերոնշյալ հաղթանակը: Սադոյանի փոխանցմամբ՝ այն քաղաքացիների հեռախոսները, որոնք անջատվել էին այդ պարտքերի պատճառով, միացվել են: Սակայն եղել են նաեւ քաղաքացիներ, ովքեր վճարել էին չկատարված միջազգային միացումների համար: