Կոոպերատիվ շինարարություններից քաշվածները

18/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կոոպերատիվի անդամները, նույնն է թե` ապագա շենքի բնակիչներն իրենք նախօրոք համապատասխան ներդրում էին կատարում իրենց նոր կառուցվելիք բնակարանի համար: Գումարը կամ ամբողջությամբ էին վճարում, կամ մասամբ: Շենքի ավարտին անհրաժեշտ մնացած գումարը պետբյուջեից էր հատկացվում դոտացիայի կարգով, որպեսզի հետագայում, տարիների ընթացքում բնակիչները մաս-մաս վերադարձնեին: Համենայնդեպս, այդպես ներկայացրեց մեզ «Հրատարակիչ 1» կոոպերատիվ շինարարական կազմակերպության տնօրեն Կոլյա Վարդազարյանը, որը 1980-ական թվականների վերջին նախաձեռնել էր բնակելի շենք կառուցել «Տիգրան Մեծ» հրատարակչության 56 աշխատակիցների համար, որոնցից մեկն էլ ինքն է: Կոոպերատիվի բոլոր անդամների կատարած ներդրումը կազմել է 772 հազար ռուբլի, որը կառուցվելիք շենքի համար անհրաժեշտ գումարի ընդամենը 30 տոկոսն էր: Այդ 56 բնակիչներից յուրաքանչյուրն իր բնակարանի արժեքի տարբեր չափի կանխավճար էր հատկացրել: Վճարել էին 30, 50 եւ նույնիսկ 120 տոկոսը: Մնացածը պետք է պետությունը հատկացներ, որը հետո բնակիչները պարտավորվելու էին վերադարձնել: Բայց 1988թ. երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ պետությունը չի կարող դոտացիա հատկացնել: Իսկ մինչ այդ կառուցվել էին «Հրատարակիչ 1» կոոպերատիվի շենքի առաջին 3 հարկերը: Պարզ է, որ պետությունը բնակարանաշինության համար դոտացիա չկարողացավ հատկացնել նաեւ անկախության տարիներին: Բնակելի շենքեր կառուցող որոշ կոոպերատորներն իրենք փորձեցին միջոցներ գտնել եւ գործն ավարտին հասցնել: Բայց մեծամասնությունն այդ հնարավորությունը չգտավ, ու շենքերն այդպես կիսատ էլ մնացին: Իսկ 1993թ. «Հրատարակիչ 1» կոոպերատիվն իր շենքի 10 հարկերը կառուցել էր: Ըստ կոոպերատիվի տնօրեն Կ. Վարդազարյանի՝ իրենք շենքն ավարտին հասցնելու հետեւյալ ձեւը գտան. «Կոոպերատիվի անդամներով ժողով հրավիրեցինք,- պատմում է Կ. Վարդազարյանը: -Ես առաջարկեցի իրենց բնակարանների չափերին համապատասխան լրավճար տալ, որպեսզի կարողանանք շենքն ավարտին հասցնել: Հակառակ դեպքում լրավճար չտվողների բնակարանները կմնան շինարար կազմակերպությանը, որը դրա դիմաց կփոխհատուցի անդամների վճարած կանխավճարը»:

1998թ. Հայաստանի Հանրապետությունն այդ կիսակառույց շենքը հաշվեկշռային արժեքով հանձնել է «Հրատարակիչ 1» սպառողական կոոպերատիվին: Այն ժամանակ քաղխորհրդի հանձնաժողովն այդ կիսակառույցը գնահատել է 30 մլն 128 հազար դրամ կամ մոտ 60.000 դոլար: Այդ գումարը բաժանել են կոոպերատիվի անդամների մուծած կանխավճարի` 772 հազարի ռուբլու վրա՝ ստացել են 39: Այսինքն՝ խորհրդային մեկ ռուբլու համար պետք է վճարեն ընդամենը 39 դրամ: Եթե անդամներից մեկը տվել է 8000 ռուբլի կանխավճար, ապա այս հաշվարկով կոոպերատիվը կամ շինարար կազմակերպությունը նրան պետք է փոխհատուցի 312 հազար դրամ կամ ընդամենը 700 դոլար: Պարզ է, որ կոոպերատիվի անդամները կընդդիմանային եւ կպահանջեին արժանի հատուցում: «Ես 8000 ռուբլի եմ վճարել, որպեսզի այդ շենքից 2 սենյականոց բնակարան ստանայի,- ասում է «Տիգրան Մեծ» հրատարակչության նախկին աշխատող եւ «Հրատարակիչ 1» կոոպերատիվի անդամ Ցոլակ Մարուխյանը: -Տունը ստանալուց հետո 25 տարիների ընթացքում եւս պետք է 8000 ռուբլի էլ վճարեի: Բայց շենքը չկառուցեցին: Հետո էլ արդեն ես չէի կարող այդ լրավճարը միանգամից տալ, ու ինձ հետ միասին լրավճար չտվող մյուս անդամներն էլ իրենց կանխավճարը հետ ուզեցին: Մեզ ասացին, թե մեր հասանելիքը մի քանի հարյուր հազար դրամ է: Ես ո՞նց վերցնեմ այդ գումարը: Սովետի տարիներին 1 ռուբլին 1 դոլարից էլ շատ էր, հիմա իրենց տված մեկ ռուբլու գնին մետրո էլ չենք կարող նստել: Մեր քրտինքով աշխատած կոպեկ-կոպեկ հավաքած գումարը տվել ենք, որ շենք սարքեն ու այսօր էլ ծախեն ու իրե՞նք վայելեն, մեզ էլ մի քանի հարյուր դոլար տա՞ն»:

Ըստ Կ. Վարդազարյանի՝ կոոպերատիվի 20 անդամներ իրենց լրավճարը կատարել են ու տները ստացել են, որից մեկն էլ ինքն է եղել: «Ես սկզբից վճարել էի 26.000 ռուբլի 4 սենյականոցի համար, հետո՝ շենքի կառուցումը շարունակելու ժամանակ տվեցի 16.000 դոլար լրավճար,- ասում է պարոն Վարդազարյանը: -Հիմա այդ շենքում ունեմ 4 սենյականոց բնակարան: Ով լրավճարը տվեց՝ իր բնակարանը ստացավ»: Կ. Վարդազարյանի ասելով` մնացած բնակարանները, պայմանավորվածության համաձայն, մնացել են շենքը կառուցող շինարար կազմակերպությանը, որովհետեւ վերջինս գործը ավարտին է հասցրել իր միջոցներով: «Շինարար կազմակերպությունն այդ բնակարանները կարող է վաճառել եւ տալ կոոպերատիվի այն անդամների փոխհատուցումները, որոնք լրավճար չեն տվել եւ տուն չեն ստացել»,- ասում է Կ. Վարդազարյանը:

Կանխավճար տված եւ բնակարան չստացած անդամները փոխհատուցումն ուզում են, բայց ոչ թե 1 ռուբլու դիմաց 39 դրամ, այլ 1 դոլար հաշվարկով: Այսինքն՝ Ց. Մարուխյանն ուզում է 8000 դոլար: «Թող ավելացած տները ծախեն` մեր գումարը մեզ տան,- ասում է նա: -Ես տանջանքով չեմ աշխատել, որ Կոլյան ու շինարարը վայելեն»:

Այս պատմությունը շատ նման է խորհրդային բանկին պահ տված ավանդների պատմությանը: Հիմա կառավարությունն այդ գումարը շատ չնչին չափով փոխհատուցելու գործընթաց է սկսել: Բայց, ի տարբերություն խորհրդային ավանդների՝ այս մարդկանց կանխավճարով սկսած շենքն ավարտին է հասել՝ չնայած ոչ իրենց միջոցներով: Նրանց կարծիքով` այդ բնակարանների վաճառքից կարելի է հսկայական գումարներ ձեռք բերել, փոխհատուցել իրենց պահանջած գումարը, նույնիսկ շահույթ էլ ստանալ: Իհարկե, այս վերջինը վերաբերում է շինարարին եւ կոոպերատիվի փայատերերին: Շենքը գտնվում է Արաբկիր համայնքում, Վրացական 4-րդ նրբանցք 5/1 հասցեում: Այդ մասում 4 սենյականոց բնակարանի շուկայական արժեքը տատանվում է 40-50 հազար դոլարի սահմաններում: 2 սենյականոց բնակարանի արժեքը՝ 25-35 հազար դոլարի չափով: Այնպես որ, բնակարան չստացածների պահանջներն ինչ-որ տեղ կարելի է արդարացված համարել:

Ի դեպ, այդ շենքում բնակարան ունի նաեւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան եւ ռեկտորի թեկնածու Գագիկ Ղազինյանը: Մեր տեղեկություններով` Գ. Ղազինյանը նաեւ կոոպերատիվի բաժնետերերից է: Բնակարան չստացած անդամները բաժնետերերի հետ բազմաթիվ անգամ դատական վեճերի մեջ են եղել ու միշտ պարտվել են: Նրանց տեղեկացմամբ` շենքում բաժնետեր է ՀՀ գլխավոր դատախազության քննիչներից Ստյոպա Շահբազյանը: Բնակարան չստացած անդամները հավատացնում են, որ այս երկուսն իրենց լծակներով ամեն ինչ անում են, որպեսզի իրենք դատական ատյաններում միշտ պարտվեն: Բացի այդ, մեր տեղեկություններով` Կ. Վարդազարյանին հովանավորում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: