Աշխարհն անդադար
Օրերս դաժան, օրերս թախծոտ,
Մարդիկ անդադար են, ընդմիշտ
դատավոր,
Կյանքը դժոխք է դարձել ընդհանուր
Ժողովուրդը խաբեբա է դարձել ամենուր:
Իսկ իմ սիրտը ալեւոր,
Դողում է, դողում այս դաժան կյանքից,
Ուզում եմ փախչել հեռու աշխարհից,
Ուզում եմ ապրել ծովի ընդերքում:
Անտառի խորքում,
Որ չտեսնեմ ինչ է կատարվում
Այս մերկ աշխարհում, այս փուչ
աշխարհում:
«Ուզում եմ ապրել ծովի ընդերքում». Այս տողերի հեղինակը 20 տարեկան Գեւորգ Ծատինյանն է, ով մայիսի 3-ին A-320 օդանավով Երեւան-Սոչի չվերթի առեղծվածային ավիավթարի հետեւանքով հայտնվեց «ծովի ընդերքում» , եւ որի դիակը մինչ օրս չի հայտնաբերվել: Նրա մայրը՝ տիկին Գոհարն է օրերս Գեւորգի իրերի միջից հայտնաբերել բանաստեղծությունների տետրը: Հայրը՝ Սանասարն, ով Սոչիում աշխատելու պատճառով երկուս ու կես տարի տղային չէր տեսել, այդ օրը Սոչիում մեծ խնջույք էր նախապատրաստել եւ ընկերների հետ եկել էր օդանավակայան` տղային դիմավորելու: «Շատ ընկերներ ունեմ այնտեղ, երկար տարիներ այնտեղ եմ աշխատում: Բոլորն իմացան տղայիս գալու մասին, ուզում էինք յուրահատուկ տոն սարքեինք: Էդ տրամադրությամբ գնացինք Ադլերի օդանավակայան»,- պատմում է Գեւորգի հայրը, ով ինքնաթիռի վայրէջքի նախատեսված ժամից շուտ ընկերների հետ սպասում էր որդուն: Օդանավի ուշանալու պատճառով նա բջջային հեռախոսով կապվում է Ադլերի օդանավակայանի տեղեկատուի հետ, որտեղից հորդորում են, թե 10 րոպեից ինքնաթիռը վայրէջք կկատարի, ու այդ պատասխանը տրվում է մի քանի անգամ, իսկ ավելի ուշ ընդհանրապես չեն պատասխանում: Ժամը 03:00-ին, երբ օդանավակայանի բոլոր դռները փակում են եւ մեծ թվով ոստիկաններ են հավաքվում, տագնապից Սանասարի «ոտքերը թուլանում են»: Փորձում է իր կապերով ինչ-որ տեղեկություն ստանալ: Զանգահարում է Սոչիի հիվանդանոցներից մեկի ծանոթ գլխավոր բժշկին, որին հաջորդում է այս պատասխանը. «Պինդ եղիր, Սանո, ամենավատ, ամենասարսափելի բանն է պատահել այդ ինքնաթիռի հետ: Պինդ եղիր…»: Երկար ու մաշող գիշերվանից հետո, երբ զոհվածների հարազատները անորոշությունից խելագարվում էին, Սանասարը չի դիմանում եւ մոտորանավ վարձելով՝ անձամբ որոնում է որդու դիակը. «Մեկի թեւը, մեկի աչքը, մեկի շորը, պայուսակը, ոտքը գտնում էի ու անընդհատ մի հարմար պահի աղոթում էի Աստծուն, որ գոնե այնպես անի, որ մահացած տղայիս դիակը կամ գոնե մարմնի մի «փրթիկ» գտնեմ»,- պատմում է նա, ով երեւի Աստծուց վիրավորվել է, որովհետեւ միայն գտել է Գեւորգի զինվորական գրքույկը, որից, ի դեպ, վառելիքի հոտ է եկել: Սոչիում ապրող Սանասարը ծովից գտած որդու զինգրքույկն այդ օրն առաջին անգամ է տեսնել, քանի որ Գեւորգն ամիսներ առաջ էր ավարտել զինծառայությունը: Այդ ընթացքում հորը չէր տեսել:
Բանակում
Բանակում եմ ծառայում,
Մեկ-մեկ նստում, մտածում,
Ու անցածն եմ վերհիշում:
Հանկարծ մի օր վշտացա,
Ապրած կյանքս գրի առա,
Թե ինչպես եմ ապրում ես,
Ու ծառայում հենց այսպես…
Տալիս են հաց սեւ ու չոր,
Այն էլ միայն մի կտոր,
Տալիս են մեզ մարգարին,
Սիրոպ կտան տոն օրին,
Չի հերիքի բոլորին:
Ախ, երբ կանցնի երկու տարին
Մի օր կեղտոտ, մի օր թաց,
Առավոտից սոված կաց,
Նամակ կտան այն էլ բաց
Մեջի դրամն էլ հանած,
Երազում եմ միշտ տան հաց:
Չունեմ ոչինչ գրելու
Գնամ ցորեն ուտելու,
Մտածում եմ ես մի պահ,
Կանգնելու եմ ժամապահ:
Մի մտածեք ծնողներ
Շուտ-շուտ կանցնեն ամիսներ:
«Բալահովիտում էր ծառայում, դե մենք ծառայության ընթացքում տեսնում էինք ժամանակ առ ժամանակ, բայց հորը չէր տեսել: Շատ էր կարոտել, շատ-շատ, ուշքն ու միտքը հոր մոտ գնալն էր»,- պատմում է տիկին Գոհարը, որն այնքան անակնկալի եկած ու շփոթված է որդու մահից, որ այս իրականության մեջ կարծես իր տեղը չի գտնում: Գեւորգի՝ տանը եղած իրերի միջից մայրը գտել է հորը նվիրված ոտանավորը, որը նա կարոտից գրել է ծառայության ընթացքում.
Ախ դու ընկեր սիրելի…
Երազ տեսա այս գիշեր
Ու երազում մի պատկեր:
Մինչեւ քնից արթնացա՝
Այդ պատկերը մոռացա:
Ախ դու ընկեր սիրելի
Քո պատկերն էր երազ եկել,
Քո կարոտից քեզ էի հիշել:
Երբ ես գալու իրար տեսնենք,
Որ էլ իրար չկարոտենք:
Ախ դու ընկեր սիրելի
Շատ չմնաց, մնաց մի քիչ,
Մնաց շատ կարճ ժամանակ,
Էսա նորից կհանդիպենք,
Նորից իրար հետ կլինենք:
Գեւորգը սովորում էր Գլաձոր համալսարանի Համաշխարհային տնտեսագիտություն բաժնում, ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակելու էր 3-րդ կուրսից: Տիկին Գոհարն անդադար հիշում է Գեւորգի վարքագիծը, որը վերջին օրերին ակնհայտ փոխվել էր: Պատմում է, որ նա մի տեսակ դառնացած էր, ջղագրգիռ, անհանգիստ: Մայրն այդ հանգամանքը կապում էր հոր հանդեպ ունեցած կարոտին. «Շատ անհանգիստ ու տխուր էր, ներաշխարհում ինչ-որ բան էր կատարվում, մտածում էի, որ կգնա հոր հետ կկիսվի, բայց հիմա եմ հասկանում, որ վատ բան էր զգում»: Սոչի մեկնելուց մի քանի օր առաջ Գեւորգը շատ տխուր է եղել, մայրը ենթադրում է, որ վատ կանխազգացում է ունեցել, մանավանդ, որ վերջերս անընդհատ բացասական էր արտահայտվում կյանքի մասին: Մայրը հիշում է, որ Գեւորգը մեկնելուց առաջ խորհրդավոր կերպով մոտ երկու օր շարունակ բոլորին հրաժեշտ է տվել, անգամ նրանց հետ է հաշտվել, ում հետ վատ հարաբերություններ է ունեցել: Գեւորգի համակուրսեցիներն այդ օրը նրան առանձին-առանձին հրաժեշտ են տվել եւ բջջային հեռախոսներով լուսանկարել են. «Ինձ ասեց՝ մամ հետո քեզ նկարներ կբերեն: Շատ զարմանալի էր էդ օրերին, որովհետեւ նա առաջին անգամ չէր մեկնում, մենք ամեն անգամ ճանապարհում էինք, բայց էս անգամ հրաժեշտի էր նման: Ինձ մի նկար տվեց, ասեց՝ մա՛մ, էս նկարս ոնց որ մեքենայի առաջի, թաղման նկար լինի: Օգոստոսին պետք է գար, որ սեպտեմբերին դասի գնար»,- պատմում է տիկին Գոհարը:
Գեւորգը մեկնելուց առաջ մորը ցույց է տվել սիրած աղջկա լուսանկարները, տիկին Գոհարին անընդհատ գրկել, համբուրել է, իսկ մեկնելիս ետ է վերադարձել եւ կրկին գրկախառնվել է: «Սնդիկի պես էս կողմ, էն կողմ էր գնում, կարծես տեղը չէր գտնում, տաքարյուն էր դարձել: Գեւորգն իմ երկու մահացած տղաներից հետո ծնված երեխան էր, Սուրբ Գեւորգի անունով էինք այդպես կնքել ու մեր տունն առել էինք Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ, որ պահպանի մեզ»,- արցունքները խեղդում են տիկին Գոհարին, որն ուզում է Գեւորգի մասին ամեն ինչ պատմել, բայց համարում է, որ դեռ ոչինչ չի պատմել: Տետրի արանքից հանում է մի թուղթ, որտեղ Գեւորգը նկարել էր մեծ խաչ, կնոջ արտասվող աչք եւ մեծ տուն, որի մասին նա միշտ երազել է: Տիկին Գոհարը պատմում է, որ միշտ Գեւորգի համար վախեցել է, չափազանց հոգատար է եղել նրա հանդեպ, սակայն նրան կորցնելու վախը երբեք հանգիստ չի տվել իրեն. «Ամեն բան մտքովս անցել է, ամեն անգամ նրան կորցնելու վախով՝ շատ բաներից եմ վախեցել, բայց որ ինքնաթիռի պատճառով կլինի ու, որ անհայտ կորած՝ երբեք չէի մտածի: Երբ Գեւորգին տարա օդանավակայան, սպասում էինք այնտեղ, մինչեւ ինքնաթիռը կգա, ու իրեն կթողնեն առաջ: Որոշ ժամանակ անց ինքնաթիռը մոտեցավ, նայեցի՝ շատ զարմացա, վատ տպավորություն թողեց, առաջին անգամ էի էդ գույներով ինքնաթիռ տեսնում: Կարմիր, կապույտ գույներով: Վատ զգացի, բայց չուզեցի իր մոտ արտահայտվեմ: Հետո, երբ նա փաստաթղթերը ներկայացնելով առաջացավ, ուզում էի ետեւից գոռամ՝ զգույշ կլինես, մեկ էլ տեսա` չի երեւում, շատ առաջ էր գնացել: Մոր սիրտը միշտ զգում է, չէ՞»: Սանասարը պատմում է, որ ինքը դեմ է եղել Գեւորգի Սոչի մեկնելուն, քանի որ խորհուրդ է տվել կենտրոնանալ ուսման վրա, իսկ ավարտելուց հետո նոր միայն մեկնել: «Ես չգիտեմ, իրեն կարծես ինչ-որ մի ներքին ուժ դրդեր, որ գա այնտեղ: Նույնիսկ անձնագրի մեջ վիզա չի եղել, գնացել էր շրջանների իմ ծանոթ-բարեկամների միջոցով, խնդրելով` կնքել էր տվել, դասավորել էր: Ինքնաթիռի տոմս գնելիս տոմսավաճառի հետ վիճել է, ինչ է թե` կարող է տոմս չլիներ: Երբ գնել է՝ շատ է ուրախացել»: Տիկին Գոհարն ասում է, որ մշտապես Գեւորգի կյանքի համար վախ ապրելով` Գեւորգին ճանապարհելիս ասել է, որ հանկարծ մենակ ծով չգնա, հանկարծ մեքենա չքշի, սակայն այսօր արդեն Գեւորգի ծնողների համար Սոչին դարձել է գերեզմանատուն: