Ո՞վ է Տաճատիչի իրավահաջորդը

18/05/2006

Մեր տեղեկություններով` մայիսի 17-ին կայանալիք ԳԱԱ-ի նախագահի ընտրության օրը առաջադրվող հավանական թեկնածուներն են Ռադիկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Աթոյանը, Յուրի Շուքուրյանը, Լենսեր Աղալովյանը, Էդուարդ Ղազարյանը: Ըստ վերջին թեկնածուի, ԳԱԱ-ն ղեկավարելն այսօր դարձել է դժվար ու պատասխանատու աշխատանք, քանի որ հնացած են սարքավորումները, ցածր է աշխատողների աշխատավարձը, ծերացել է ինստիտուտներում աշխատողների տարիքը, եւ առկա են այլ մեծ ու փոքր խնդիրներ: Այս խնդիրները լուծելու համար գիտաշխատողները ցանկանում են ԳԱԱ-ի նախագահի պաշտոնին տեսնել արժանի ղեկավար: Իսկ ընտրվող արժանի թեկնածուից նրանք պահանջում են ծրագիր: Հենց այստեղ էլ տեղի է ունեցել գիտաշխատողների եւ ակադեմիկոսների կարծիքների բախում: Վերջիններս խուսափում են թափանցիկ ընտրությունից: Երեւույթից հեռու մնալու համար 250 գիտաշխատող ղեկավարությանը ներկայացրել է 2 առաջարկ: Ըստ մեխանիկական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազատ Սարգսյանի` առաջարկվել է, որ մայիսի 17-ին առաջադրվեն թեկնածուները, որից մի քանի օր հետո նրանք ներկայացնեն գիտության զարգացմանը նպաստող իրենց ծրագիրը: 2-րդ՝ գիտաշխատողները պահանջում են, որ նախագահության ընտրությանը ձայնի իրավունքով մասնակցի նաեւ գիտական կազմակերպությունների կողմից լիազորված մեկ թեկնածու: Նշենք, որ ԳԱԱ նախագահի ընտրությանը ընտրելու իրավունք ունեն ակադեմիայի 69 ակադեմիկոս եւ 17 թղթակից անդամ: Նշյալ առաջարկների համար ԳԱԱ-ի ակադեմիկոսների միջեւ անցկացվել է քննարկում, որի արդյունքում պարզվել է, որ մայիսի 17-ին կառաջադրվեն ԳԱԱ-ի նախագահի թեկնածուները եւ հենց այդ օրն էլ նրանք հանդես կգան իրենց ծրագրով, եւ այդ օրը գիտաշխատողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել թեկնածուներին: Իսկ 2-րդ առաջարկը հասկանալի է, որ ձեռնտու չէ վերոնշյալ հավանական թեկնածուներին: Էդուարդ Ղազարյանն ասում է, որ 2-րդ հարցի համար իրենք դիմել են կառավարությանը, որը պետք է դիմի ԱԺ, ուր կբարձրացվի հարցը: