Բանջարեղեն

18/05/2006

Բողկ

Բողկի հյութը որպես բուժամիջոց օգտագործում են հազի ժամանակ, ինչպես նաեւ ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում` մերսման համար։ Սակայն այն խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի, աղեստամոքսային համակարգի, երիկամների հիվանդություններով տառապողներին, քանի որ դրա մեջ պարունակվող եթերային յուղերը սրում են այդ հիվանդությունները։

Բազուկ

Բազուկը պարունակում է շաքարի բարձր տոկոս (9 տոկոս)։ Հարուստ է մանգանական, կալցիումական աղերով։ Նորահաս բազուկի տերեւները հարուստ են մեծ քանակությամբ C եւ B վիտամիններով։ Բազուկը պարունակում է բջջանյութ, շաքար եւ օրգանական թթուներ։ Օգտակար է աղիների գալարակծկումների ժամանակ։

Բազուկն օգտակար է հիպերտոնիկ հիվանդների համար. պարունակում է պեկտին, որը երկար ժամանակ չի մարսվում եւ օրգանիզմից ներծծում, մաքրում է շատ վնասակար նյութեր` աղեր, ծծումբ, արճիճ, անագ, խոլեստերին։

Բազուկի տերեւները 2-3 անգամ ավելի շատ սպիտակուցներ են պարունակում, քան պտուղը։

Ժողովրդական բժշկության մեջ բազուկն օգտագործում են սակավարյունությունը բուժելու համար։

Որպեսզի բազուկը համեղ ստացվի, եփելիս պետք չէ կեղեւը մաքրել եւ արմատը կտրել։

Խորհուրդ չի տրվում մաքրած բազուկը երկար ժամանակ պահել, որովհետեւ թթվածնի հետ շփումից C վիտամինը ոչնչանում է։

Բազուկը պետք է եփել եռացող ջրով, խորը, փակ կաթսայի մեջ։

Վարունգ

Ջրի մեծ քանակության պատճառով վարունգի կալորիականությունը շատ ցածր է (100 գ վարունգը պարունակում է 10-15 կալորիա)։ Այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել գեր մարդկանց։

Վարունգը պարունակում է հանքային, հատկապես կալցիումական աղեր, օժտված է միզամուղ հատկությամբ եւ կարգավորում է սրտամկանի կծկումները։

Վարունգի մեջ քիչ է նատրիումի քլորը։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել երիկամների եւ սրտանոթային հիվանդությունների ժամանակ։

Ստամոքսի, աղիքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում վարունգն ուտել առանց կեղեւի։

Եթե թթու վարունգով լցված տարայի մեջ մի քիչ մանանեխ ավելացնեք, վարունգն ավելի համեղ կդառնա եւ երկար կդիմանա։

Կանաչ վարունգները հնարավոր է մի քանի օր պահել թարմ վիճակում, եթե դրանք երեք քառորդ մասով ընկղմեք ջրի մեջ, պոչիկները դեպի ներքեւ։ Ջուրը պետք է ամեն օր փոխել։

Վարունգը դեռ հնուց գեղահարդարման մեջ օգտագործվել է որպես մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող միջոց։