ԱԺ-ում երեկ լուրեր էին շրջում, որ եթե առաջիկայում Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից կամ ԱԺ-ն նրան իմպիչմենտ հայտարարի, ապա խորհրդարանի նոր խոսնակի պաշտոնում ընտրվելու է Ժողպատգամավոր խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ըստ մեր աղբյուրների, ԱԺ նախագահի տեղի վրա աչք ունեն նաեւ ՀՀԿ-ն՝ ի դեմս Տիգրան Թորոսյանի ու ՀՅԴ-ն՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի: Մեր աղբյուրների հիմնավորմամբ, Տ. Թորոսյանին, այնուամենայնիվ, չեն թողնի դառնալ ԱԺ խոսնակ, քանի որ ՀՀԿ-ին արդեն տրված է Կառավարության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այդ տարբերակը եւս բացառվում է, քանի որ ՕԵԿ-ից հետո հաջորդ զոհը լինելու է ոչ պակաս ընդդիմադիր ՀՅԴ-ն: «Բոլորի կողմից ընդունված միակ ուժը մնում է Ժողպատգամավորը, որի ղեկավար Կարեն Կարապետյանին էլ, ամենայն հավանականությամբ, կփորձեն դարձնել ԱԺ նախագահ»,- պնդում են մեր աղբյուրները: