«Արդեն իսկ մեր ձեռքի տակ եղած հիմնավոր փաստերը մեր կարծիքով ապացուցում են, որ ոչ եղանակային պայմանները, ոչ օդանավակայանների դիսպետչերների գործողությունները եւ ոչ էլ առավել եւս շրջանառության մեջ դրված այն վարկածները, թե «Արմենիա» օդանավակայանի VIP սրահում, այնուհետեւ ինքնաթիռում ինչ-ինչ իրարանցումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը եւ միանշանակորեն չէին կարող ինքնաթիռի կործանման գլխավոր պատճառ հանդիսանալ»,- այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նոր ժամանակներ» կուսակցությունը: Ըստ «ՆԺ» հայտարարության. «Այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունն իր որոշ աշխատակիցների միջոցով լրատվամիջոցներով արդեն տեղեկատվություն է տարածել, որ իրենց կարծիքով` բացառվում են ահաբեկչության եւ վառելիքի պակասի վարկածները, ինչը նախաքննության կոպիտ խախտում է, քանի որ դեռ ծովի հատակից դուրս չեն բերվել ամփոփ, հավաստի եւ վերջնական տեղեկություններ պարունակող «սեւ արկղերը», եւ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ: Նշենք, որ հիշյալ երկու վարկածներն ուղղակիորեն չեն բխում իշխանության որոշ մասի շահերից»: Այդքանից հետո «Նոր Ժամանակներ» կուսակցությունն իր վճռականությունն է հայտնում անկախ հետաքննությունն իր տրամաբանական ավարտին հասցնելու գործում: