Տասնյոթ տարեկան տղայի սպանությունը Մոսկվայում եւ նույն օրերին Հայաստանի կինոմիության քարտուղարի վրա կատարված ավազակային հարձակումը պետք է ցնցեր Հայաստանի եւ արտասահմանի հայ հասարակությանը։ Չէ, ես չեմ պարտադրում, երբ ասում եմ` «պետք է»։ Նկատի ունեմ, որ առողջ հասարակությունը պետք է արձագանքեր մեր ռազմավարական դաշնակից երկրում տեղ գտած ծայրահեղականությանը։ Պետք է արձագանքեր այնպես, ինչպես կարձագանքեր, եթե դեպքերը տեղի ունեցած լինեին հարեւան Վրաստանում կամ մեր ավանդական թշնամի երկրում՝ Թուրքիայում։
Բայց հասարակությունը ոչ միայն չի արձագանքում, այլեւ Կինոմիության շատ հարգելի քարտուղարն, ասուլիս հրավիրելով, դեպքը որակում է քսենոֆոբիա, եւ ոչ թե, ասենք, «արմենոֆոբիա» կամ էլ, ասենք, «կովկասյան ազգության դեմքերի» հալածանք։ Ստացվում է, որ Մոսկվայում ապրող կամ այդ քաղաքում գործով գտնվող հայը ոչ թե կովկասյան տարածաշրջանում ապրող ազգերից մեկի ներկայացուցիչն է, այլ՝ պարզապես մարդ, տիեզերքի բնակիչ։
Հայ մարդու պատվից ցածր է վրացիների, աբխազների, չեչենների, ադրբեջանցիների հետ նույնանալը։ Նա իր հետ կատարված դժբախտությունը պատրաստ է քննարկել համայն Ռուսիո քրեածին իրավիճակի համատեքստում։ Այսինքն՝ քսենոֆոբիան կարող է գալ ու հանդիպել ցանկացած մարդ արարածի՝ անկախ նրա մազերի եւ աչքերի գույնից, անկախ բեղերի առկայությունից կամ բացակայությունից, անկախ քթի չափից ու կեռությունից։
Ազգային հատկանիշը չընդգծելը գալիս է մեր ավանդական ռուսասիրությունից եւ անսահման նվիրվածությունից։ Մենք մտածում ենք, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելով, ապահովագրված ենք անցանկալիների ցուցակում հայտնվելուց, բայց մինչ այդ պետք է խորհենք, թե ի՞նչ է նշանակում «ռազմավարական դաշնակից» եւ ի՞նչ է նշանակում «անցանկալի տարր»։
«Ռազմավարական դաշնակից» լինում են երկու պետություններ, որոնց քաղաքական ու տնտեսական շահերը փոխադարձաբար համընկնում են, որոնք պատերազմի պահին թե խաղաղ օրով իրար տալու եւ առնելու բան ունեն, որոնց հասարակությունները գիտակցում են միմյանց կարեւորությունը։ Այս դեպքում, սակայն, ամեն ինչ միակողմանի է։ Բացի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կեսբերան հավաստիացումներից, ռուսական որեւէ աղբյուր չի նշում հայերի եւ ռուսների ռազմավարական դաշնակցության մասին։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի հասարակությունը չգիտե անգամ, որ նման դաշինք կա։
Եվ եթե ռուս հասարակությունը չգիտե, որ հայերը ռազմավարական դաշնակից են, ո՞նց կարող են այդ բանն իմանալ, այսպես կոչված, սքինհեդները, որոնք դեռ պատանի հասակում, մի կարգին կրթություն չստացած, հավաքագրվում են Ռուսաստանի Պետական հատուկ ծառայությունների կողմից՝ երկիրն անցանկալի տարրերից մաքրելու սուրբ գործին ծառայելու համար։ Եվ ուրեմն՝ այդ ջահելներին ո՞վ եւ ինչպե՞ս պիտի բացատրի, որ կովկասյան ազգության դեմքերը լինում են երկու տեսակի՝ վատ եւ լավ։ Պետական հատուկ ծառայություններն ինչպե՞ս պիտի ձեւակերպեն պատվեր-հանձնարարությունը, որ սքինհեդների գազազած ոհմակը պահի տակ կարողանա կողմնորոշվել՝ մետրոյից դուրս եկող սեւ բեղերով, կովկասյան քթով մարդը հա՞յ է, թե՞ վրացի, չեչեն, ադրբեջանցի կամ կովկասյան մի այլ ազգության ներկայացուցիչ։
Սքինհեդներին հրահանգավորողները չեն կարող բացատրել, որ Հայաստանը՝ Մոսկվայում կամ մի այլ քաղաքում հանդիպող այդ սեւերի հայրենիքը Ռուսաստանին պարտքի դիմաց բաշխել է իր տնտեսության ամենակարեւոր հատվածները, որ կովկասյան ազգության այդ առանձնահատուկ դեմքերի հայրենակիցները կես խոսքից պատրաստ են ուզածդ «մուտիլովկան» անել հարեւան Վրաստանում՝ դրա անունը դնելով ջավախահայության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման պահանջ՝ հոգու խորքում, սակայն, ունենալով ազգային իղձերի իրականացումը։
Այս բացատրություններն, արդեն ասացի, չեն օգնի, որովհետեւ սքինհեդները ժամանակ եւ հնարավորություն չունեն տարբերակելու։ Հո չե՞ն հարցնելու՝ հա՞յ ես։ Կամ եթե հարցնեն էլ, ի՞նչ երաշխիք, որ ոմն Մամեդ Մամեդով կամ ոմն Գիա Գեորգաձե գլուխը պրծացնելու համար չի ասի՝ հա։ Ուրեմն ստիպված պիտի անձը հաստատող փաստաթուղթ պահանջեն, բայց անձը հաստատող փաստաթուղթը նայելուց հետո ո՞նց պիտի շիշն առնեն ու տան գլխին կամ էլ դանակը խրեն սիրտը։ Կստացվի, որ մատնում են պատվիրատու-հրահանգիչներին։
Որպեսզի ռուսական ֆաշիզմը ներկայացվի ինքնածին ու ինքնակա երեւույթ, սքինհեդները պետք է գործեն արագ եւ անհապաղ, իսկ ռուսական իշխանությունները պետք է մտածեն հիմնավորումներ` կատարվածը պատահականություն ներկայացնելու կամ հարբեցողության եւ թմրամոլության՝ այդ երկրում շատ տարածված, արատների հետ կապելու։
Իսկ որպեսզի ֆաշիզմն արմատախիլ արվի մի երկրում, որտեղ ավելի քան երկու միլիոն հայ է ապրում, հայ հասարակությունը հրաշքով փրկված կինոռեժիսորի շուրթերով պետք է դատապարտի ոչ թե անորոշ քրեածին մթնոլորտը, այլ կոնկրետ դեպքը կովկասյան ազգության կոնկրետ ներկայացուցչի նկատմամբ։ Թե չէ ստացվում է, որ մեր գույքը Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնելուց, հարեւան Վրաստանում պետական շահից բխող որոշումների իրականացումը խոչընդոտելուց բացի, մենք նաեւ հիմնավորումներ ենք մտածում սքինհեդների պատվիրատու-հրահանգիչների համար։
Այս ամենն ինձ ցավ է պատճառում, ցավ վերստին կորսված անկախության համար, բայց արդեն չի զարմացնում, որովհետեւ մենք ավելի ռուս ենք, քան ցանկացած ռուս, եւ ինքներս մեզ հետ ավելի վատ ենք վարվում, քան ցանկացած սքինհեդ։ Սքինհեդները կարող են տասը կամ գուցե հարյուր հոգու սպանել, բայց մենք սպանում ենք մեր ազգային արժանապատվությունը։
Վերնիսաժում ցուցադրված օբսիդիանի սալիկը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի դիմանկարով ու այդ երկրի զինանշանով առաջին անգամ չէր աչքովս ընկնում, բայց հատկապես այս դեպքերից հետո որոշեցի հարցնել հեղինակ-վաճառողին. «Առնող կա՞»։ «Էն էլ ո՜նց»,- եղավ պատասխանը։
«Երեւի ռուս զբոսաշրջիկները կամ դեսպանատան աշխատակիցներն են առնում»։
«Չէ, շատը մերոնք են առնում, պաշտոնավոր մարդիկ են շատ առնում»,- ասաց հեղինակ-վաճառողն ու սկսեց անուններ թվարկել։
«Սիրում են երեւի»,- ասացի։ «Չէ, չեմ կարա ասեմ` սիրում են, շատը երեւի վախենում են»,- եղավ պատասխանը։ Ու ես հասկացա, որ գտել եմ այս շաբաթվա հոդվածիս վերնագիրը։