Մարդկանց մեծամասնությունը Իլհամ Ալիեւի՝ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցը մեկնաբանում է՝ շեշտը դնելով էներգետիկ անվտանգության եւ Ադրբեջանի հարավային հարեւան Իրանի խնդիրների վրա։ Այսպիսի շեշտադրությունն արտահայտում է Վաշինգտոնի առաջնահերթությունները։ Սակայն այս այցն ուներ մի շատ ավելի կարեւոր ասպեկտ, որն ավելի շատ բխում է ոչ թե ԱՄՆ առաջնահերթություններից, այլ Ադրբեջանի շահերից։
Մասնավորապես, 2003թ. հոկտեմբերին Ալիեւի ընտրվելուց հետո ԱՄՆ կատարած առաջին այցն Ադրբեջանի համար շատ ավելի կարեւոր էր, քան ԱՄՆ-ի։ Ու թեեւ էներգետիկ եւ Իրանի հետ կապված խնդիրներն ադրբեջանական օրակարգի անքակտելի մասն են, դրանք միայն տարածաշրջանային ավելի հեռուն գնացող ծրագրի բաղադրիչներն են։ Այս համատեքստում Ադրբեջանը նախաձեռնություն ունի ԱՄՆ-ի նկատմամբ՝ թաքնված լծակների շնորհիվ, որոնք կարծես մնացին ստվերում, եւ դրանց մասին ոչ ոք չխոսեց։ Իսկ Ադրբեջանի նախաձեռնության մասին առաջին հերթին վկայում է Իրանը։
Չնայած Ադրբեջանի եւ Իրանի միջեւ առկա պատմական լարվածությանը, որը պայմանավորված է ազերիներով բնակեցված՝ Իրանի հյուսիսային մասերի նկատմամբ Բաքվի նկրտումներով, Ադրբեջանն այս երկրի կողմից իրական վտանգ չի տեսնում։ Իրականում, Ադրբեջանը, ինչպես եւ Ռուսաստանը, աշխատում է օգուտ քաղել իրանական «ստատուս-քվոյից», քանի որ Իրանին սահմանակից ռազմավարական դիրքը մեծացնում է այս երկրի կարեւորությունը։ Աստիճանաբար մեծանում է ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ ծավալվելու հնարավորությունը։ Այս ֆոնի վրա Ալիեւի վարչակազմը զգալի օգուտներ է քաղում, քանի որ ԱՄՆ-ը աչք է փակում 2005 թվականի կեղծված պառլամենտական ընտրությունների վրա։
Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է Իրանի հյուսիսային սահմանի անվտանգության անհրաժեշտության մասին՝ բազմակողմանի պատճամիջոցների կամ ռազմական ներխուժման դեպքում, որի արդյունքում Ադրբեջանի ռազմական եւ աշխարհաքաղաքական կարեւորությունն ընդլայնվել է՝ դուրս գալով նրա նախկին սահմանափակ դերից, որպես Կենտրոնական Ասիա եւ Աֆղանստան տանող օդային միջանցք։ Բաքվի համար ամերիկացիների ռազմական ներկայությունը կարեւոր է, քանի որ հույս ունեն նրանց օգնությամբ կամ համաձայնությամբ վերականգնել Իրանին սահմանակից տարածքների նկատմամբ հսկողությունը, որոնք ներկայումս գտնվում են հայկական զինված ուժերի հսկողության տակ։
Ահա այս աշխարհաքաղաքական առավելությունները Ադրբեջանին թույլ տվեցին խուսափել ռեկորդային ընտրակեղծիքներով անցած ընտրությունների համարժեք գնահատականներից։ ԱՄՆ ռազմական նկատառումները երկրորդ պլան են մղել մյուս գործոնները։ Այս առնչությամբ, Ալիեւի այցը Սպիտակ տուն ոչ պարգեւատրման եղանակ էր, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական նշանակության ճանաչում։
Մինչդեռ միեւնույն ժամանակ Բաքուն ակտիվորեն բարելավում է հարաբերությունները Թեհրանի հետ։ 2004թ. Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանիի՝ Բաքու կատարած այցը նոր մակարդակի բարձրացրեց ռազմական համագործակցությունը։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պատասխան այցի արդյունքում ստորագրվեց պաշտպանության բնագավառում համագործակցության միջպետական պայմանագիր։ Ավելին, Ալիեւի այցը տեղի ունեցավ Իրանի նախագահի եւ պաշտպանության նախարարի այցերի միջեւ ընկած ժամանակահատվածում։ Ապրիլի 20-ին Ալիեւը հանդիպեց Շահմանիի հետնորդ Մուստաֆա Մուհամմադ Նաջջարին, որն էլ հավաստիացրեց, որ «Իրանը պատրաստ է» ցույց տալ ցանկացած օգնություն՝ «Ադրբեջանի զինուժը զարգացնելու համար»։
Իրանի հետ հարաբերությունների բարելավումը, սակայն, շատ ավելի լայն ռազմավարության միայն մի մասն է։ Ադրբեջանն աստիճանաբար սերտացնում է կապերը Ռուսաստանի, Պակիստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ադրբեջանի ռազմավարության շարժիչ ուժն այն է, որ այս երկիրը ցանկանում է տարածաշրջանում գերիշխող դիրք զբաղեցնելու լուրջ հայտ ներկայացնել։ Իսկ այդ հայտը ներկայացվելու է ոչ թե Թուրքիայի հովանավորության, այլ ուժային նոր դիրքերի շնորհիվ, որը պետք է ձեռք բերվի հետեւյալ 3 գործոնների շնորհիվ։
Առաջին, ակնկալվում է, որ նավթի վաճառքից ստացվելիք գումարները կնպաստեն երկրի հզորությունների կոնսոլիդացիային եւ հնարավորություն կտան զարգացնել զինված ուժերը։ Ադրբեջանում այդ կոնսոլիդացիայի միջոցով հույս ունեն հաղթահարել երկրի սոցիալական թուլությունը եւ վերջ դնել ներքին պառակտումներին։ Երկրորդ բաղադրիչը բխում է Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի սերտ կապերից։ Մասնավորապես, այս ամսվա վերջում կստորագրվի պայմանագիր, որով Ղազախստանը տարեկան 25մլն տոննա նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով, եւ հնարավորություն կստեղծվի կառուցել Ղազախստանը Հարավային Կովկասի հետ կապող նոր կասպիական նավթամուղ։ Այստեղ ենթադրվում է, որ Ադրբեջանը կլինի Կասպիական տարածաշրջանի անվտանգության քաղաքականության կենտրոնում եւ ԱՄՆ ռազմական աջակցության շնորհիվ առաջ կանցնի իր մրցակիցներից։ Եվ երրորդ, վերը նշված երկու գործոնների շնորհիվ Ադրբեջանը նպատակ ունի Իրանում կատարվելիք հնարավոր հեղափոխությունից եւ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո փոխարինել վերջիններիս այս տարածաշրջանում։ Դրա գլխավոր եւ անհրաժեշտ պայմանն արդյունավետ եւ վերակառուցված բանակն է, որի շնորհիվ Ադրբեջանը ոչ միայն կկարողանա դիմակայել Հայաստանին, այլ ապագայում կդառնա տարածաշրջանի գլխավոր ուժը։
Սակայն տարածաշրջանային գերիշխանության հասնելու եւ դրան ձգտելու միջեւ էական տարբերություն կա։ Ադրբեջանի ռազմավարության մեջ բացակայում է մի շատ կարեւոր ասպեկտ՝ այն հասցեագրված չէ երկրի հզորության ամենահիմնարար խոչընդոտի լուծմանը։ Իսկ այդ խոչընդոտը լեգիտիմության բացակայությունն է։ Այնպես որ, եթե Ադրբեջանն անգամ օգտագործի նշված բոլոր հնարավորությունները, դինաստիական ռեժիմով ժառանգած ներքին հակամարտությունները չեն լուծվի։ Այս երկիրը դեռ պետք է կարողանա առաջին անգամ ազատ եւ արդար ընտրություն անցկացնել։ Այսինքն, իրական ուժ ներկայացնելու միակ հիմքը լեգիտիմության առկայությունն է։