Մեր հասարակությունը միշտ էլ որոշակի վերապահությամբ է ընդունում հասարակական հետազոտությունների արդյունքները։ Պատճառը թերեւս ընտրությունների շեմին հրապարակվող սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն են։ Մյուս կողմից, սակայն, հասարակական խնդիրների ուսումնասիրություն-հետազոտություններն ինքնին հազվադեպ են։ Հավանաբար` թանկ լինելու պատճառով։ Հետեւաբար, ցանկացած հետազոտություն ինքնին արդեն արժանի է ուշադրության։ Հատկապես Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» վիճակագրական վերլուծական զեկույցը։ Այն պատրաստվել է մեր երկրի համար աննախադեպ մասշտաբներով` հետազոտվել է մոտ 6 հազար 800 տնային տնտեսություն։ Այս հետազոտության որոշ հատվածներ ակնհայտ հակասում են երկնիշ տնտեսական աճ արձանագրող պաշտոնական վիճակագրությանը։ Հենց այս առումով էլ այդ հատվածներն առավել արժանի են հասարակական ուշադրության։ Այս ուսումնասիրությունները եւս հաստատում են այն փաստը, որ Հայաստանում առկա տնտեսական զարգացումները կապ չունեն հասարակական լայն շերտերի հետ։ Ավելին, դրանք արձանագրում են այն, ինչ պնդում էին շատ փորձագետներ` մեր տնտեսական զարգացումներին զուգահեռ` հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն` ավելի աղքատանում։ Հոդվածին կից աղյուսակում ներկայացված է երկարաժամկետ օգտագործման կենցաղային սարք-սարքավորումների առկայությունը 100 ընտանիքի հաշվով։ Այն, որ հեռուստացույցների քանակն աճել է ավելի շատ, կարելի է վերագրել վիճակախաղերին, քան տնտեսական աճին։ Որովհետեւ զուգահեռաբար նկատելիորեն կրճատվել է կենցաղային մյուս սարքավորումների քանակը։ Ընդ որում, նվազել են խիստ անհրաժեշտ սարքավորումները (սառնարան, փոշեկուլ, լվացքի մեքենա)։ Սա նշանակում է, որ 2002թ. հետո որոշ ընտանիքներ չեն կարողացել գնել նորը` շարքից դուրս եկածի փոխարեն։ Այս եզրակացությունը ավելի հիմնավոր կդառնա, եթե ուսումնասիրենք, թե ինչի վրա է ծախսում միջին հայաստանցին իր եկամուտները։ Ծախսերի ամենամեծ բաժինը սննդամթերքն է` մոտ 54 տոկոս։ Կենցաղային սարքավորումների ձեռք բերման համար բնակչությունը ծախսում է եկամտի մոտ 13 տոկոսը։ Եվ 10 տոկոս «խլում են» կոմունալ ծախսերն ու տրանսպորտը (կապի հետ)։ Մենք` մեզ մշակութային ազգ համարող հայերս, հանգիստ ու մշակութային միջոցառումների վրա ծախսում ենք մեր եկամտի 0,1 տոկոսը։ Այն, որ ազգն իսկապես անհանգիստ, այսինքն` չհանգստացած վիճակում է, կարելի է համոզվել փողոցում ու հանրային տրանսպորտում։ Բայց եթե մշակութային միջոցառումների վրա այդքան քիչ ենք ծախսում, անհասկանալի է, թե ովքեր են գնում արմենչիկների, արամների եւ մեր մյուս աստղերի համերգներին։ Ախր դրանք վիճակագրությունը հաշվառում է մշակութային միջոցառում։ «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» հետազոտության ընտրանքում ակնհայտ նախարարական կամ պատգամավորական ընտանիքներ չեն ընդգրկվել։ Այլապես թե հանգստանալու (հատկապես խաղատներում), թե մշակույթի (մասնակցությունն աստղերի համերգներին) ծախսերը կտրուկ կաճեին։
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն աղյուսակները, որոնք բացատրում են, թե ինչպես են ձեւավորվում բնակչության եկամուտները` վարձու աշխատանք` 41, գյուղատնտեսական գործունեություն` 26 տոկոսը։ Մնացածը բնակչությունը ձեռք է բերում որպես օգնություն, կամ սոցիալական նպաստներ։ Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները, նպաստները միասին կազմում են մեր համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը։ Տնտեսագիտական չափանիշներով սա փոքր ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, դրանք աղքատ բնակչության քանակը նվազեցնում են 10 տոկոսով։ Սա` այն պարագայում, երբ զեկույցն արձանագրում է «աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվածությունը սահմանափակ է` համակարգում ընդգրկված է ծայրահեղ աղքատ բնակչության 40, իսկ աղքատների 25 տոկոսը»։ Սա կարելի է համարել նպաստների հասցեագրման մակարդակի գնահատական։ Հետաքրքիր է նաեւ համեմատել, թե տոկոսային ինչ հարաբերության մեջ են կրթության եւ առողջապահության ծախսերը` հասարակական (պետական) եւ անհատական մասշտաբներում։ Առողջապահությունը ստանում է ՀՆԱ-ի 1,3 տոկոսը, կրթությունը` 2,8։ Բնակչությունն այս ոլորտների հանդեպ ավելի «շռայլ» է` իր եկամուտներից առողջապահության համակարգին «նվիրելով» 7, իսկ կրթությանը` 4 տոկոս։ Այն, որ մենք ոչինչ չենք խնայում կրթություն (կամ կրթության մասին դիպլոմ) ստանալու համար, ակնհայտ է, թեկուզ երկրում գործող դպրոցների եւ բուհերի քանակից։ Դիպլոմների քանակը հաշվի առնելով` բոլոր վիճակագրական զեկույցներն արձանագրում են, որ կրթության մասին ցուցանիշներով Հայաստանը գերազանցում է անգամ շատ զարգացած երկրների։ Այսինքն` վիճակագրությունը մի կողմից` արձանագրում է, որ բավական աղքատ ենք։ Հետո` ավելացնում, որ բավական (նույնիսկ ավելի քան ուրիշները) գրագետ ենք։ Անպատասխան է մնում միայն մեկ հարց, որ սովորաբար հրեաներն են սիրում տալ. «Եթե դուք այդքան խելոք եք, ապա ինչո՞ւ եք այդքան աղքատ»։