Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Թե հացի փշուր գտնես՝ թքի քավթառ երեսիս» վերնագրով հոդվածին արձագանքել է Դոնի Ռոստովի Հայերի միության նախագահ Հարություն Սուրմալյանը: Հիշեցնենք, որ 80-անց Սոֆիկ տատիկն աղջկա եւ երկու թոռների հետ ապրում է Չարբախի շուկայի հետնամասում գտնվող տրամվայի եւ տրոլեյբուսի պարկի կիսաքանդ շինության մեջ: Պրն Սուրմալյանը Ռոստովի Հայերի միության ներկայացուցչին, ով այս օրերին գտնվում էր Հայաստանում, հանձնարարել էր 500 ԱՄՆ դոլար փոխանցել այս ընտանիքին: Երեկ Ռոստովի Հայերի միության նախագահի տեղակալն այդ գումարը հանձնեց սոցիալական ծայրահեղ պայմաններում ապրող այս ընտանիքին: Սոֆիկ տատի աղջիկը՝ Սիլվան, ով երբեւէ նույնիսկ հնարավորություն չէր ունեցել ձեռքերում դոլար շոշափել, հուզմունքից լաց էր լինում: Նա խոստացավ այդ գումարով վաղն իսկույնեւեթ 8-ամյա Յուրիին տանել հիվանդանոց բուժման, քանի որ, ինչպես նշել էինք, երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի: