Ձերբակալել են

14/05/2006

Նախօրեին Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, ովքեր կասկածվում են թմրանյութերի վաճառքով եւ սպանությունների իրականացմամբ զբաղվող հայկական հանցախմբի անդամ լինելու մեջ: Այս գործով կալանված է եւս երկու մարդ, ովքեր մեղադրվում են Արեւելյան Գերմանիայում չորս կովկասցու սպանության մեջ, եւ ոստիկանությունը փորձելու է պարզել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն Եվրոպայում իրագործված վեց այլ սպանությունների հետ: DPA գործակալության փոխանցմամբ՝ հանցախումբը գործել է Գերմանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում: Ձերբակալված անձանց անունները եւ այլ տվյալներ նշված չեն: Հաղորդվում է, որ հանցախմբի անդամներից մեկն արդեն պատիժ է կրում Գերմանիայի բանտերից մեկում: Հետաքննությունը, որի արդյունքում նախօրեին Գերմանիայի Գերա եւ Հալլե քաղաքներում ձերբակալություններ են կատարվել, սկսվել է երեք տարի առաջ՝ անտառային գոտում երկու դիակների եւ հագուստի հատվածների հայտնաբերմամբ: Զոհերից մեկը ճանաչվել է որպես 47-ամյա հայ, մյուսի ինքնությունը դեռ պարզված չէ: