Տարածքների վերաբերյալ վերջին շրջանում հակասական հայտարարություններ են արել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնյաները: ՀՀ պաշտպանության փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը բացառել է հողերի վերադարձը: «Ես պատրաստ եմ թույլ չտալ հողերի վերադարձ, եթե նման փորձեր լինեն»,- ասել է նա: Բավական հետաքրքիր հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մայիսի 8-ին Ստեփանակերտի Սպայի տանը կայացած` Եռատոնին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ. «Ես` մշեցի լինելով` գիտեմ, որ Մուշ ունենալու համար պետք է Ղարաբաղը պահել: Ջավախքցին գիտի, որ Ջավախքի հողի վրա հայ ապրելու համար, առաջին հերթին, պետք է Ղարաբաղը պահենք, ոչ միայն Ղարաբաղը, այլ` Հայաստանը»,- նշել է նա:
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով, մեզ պարտադրված պատերազմն ապացուցեց, որ պատերազմով հնարավոր չէ հարցը լուծել: «Իհարկե, մենք պաշտպանեցինք մեր հողը, հաղթեցինք պատերազմում, բայց չի կարելի ասել, որ մեր ժողովուրդները` եւ ադրբեջանցիները, եւ հայերը երջանիկ են: Սա նշանակում է, որ հարցը պետք է լուծվի քաղաքական դաշտում: Բոլորիս խնդիրն այն է, որ չլինի պատերազմ, սակայն միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- լրագրողներին ասել է ԼՂՀ նախագահը` մայիսի 9-ին Ստեփանակերտի հուշահամալիրում: Այն հարցին, թե կարո՞ղ են մեզ վատ խաղաղություն պարտադրել, նախագահը պատասխանեց. «Չեմ գտնում, որ մեզ կարող են որեւէ բան պարտադրել: Մենք ինքներս պետք է ընտրենք` ինչ է մեզ պետք, իսկ վատ խաղաղություն մենք չենք ընտրելու»:
Այնուհետեւ լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Գորան Լենմարկերի Բաքվում արած հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան` Ս. Սարգսյանը նշեց. «Շատ տարողունակ բառակապակցություն է հողեր հանձնելը: Ես համոզված եմ եւ այսօր էլ կրկնում եմ, որ խաղաղությունը կամ խնդրի լուծումը պետք է լինի փոխզիջումների հիմքի վրա, առանց փոխզիջում որեւէ բան հնարավոր չէ, բայց այն պետք է երկուստեք լինի»: Իսկ Ադրբեջանից որպես փոխզիջում` նախարարը, ինչպես 18 տարի առաջ, ակնկալում է Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի ճանաչումը:
Վերջին շրջանում արվող բոլոր հայտարարություններին եւ ընդհանրապես Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին ուշադրությամբ հետեւում են ղարաբաղցիները, նույնիսկ մայրաքաղաքից հեռու գյուղերում: Բնականաբար, նրանց կարծիքներն էլ են տարբերվում որոշ պաշտոնյաների կարծիքներից: Օրինակ, Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղի բնակիչ Վոլոդյա Բալույանը գտնում է, որ հայ տղաների ազատագրած տարածքներից էլ ավելին պետք է հայկական կողմին մնա: Իսկ նույն շրջանի Մադաթաշեն գյուղի բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից, հաշմանդամ Ռազմիկ Իսրայելյանի կարծիքով, սխալ է տարածքների հանձնումը. «Չէ՞ որ մեզ չեն վերադարձնում Թուրքիայի հսկողության տակ գտնվող հայկական տարածքները: Եթե տարածքներ հանձնենք, պատերազմ կսկսվի նորից, իսկ մեր երիտասարդները չեն կռվի, ինչպես նախկին անգամ: Մի՞թե ադրբեջանցիները կտան հողեր, կարծում եմ` ոչ մի դեպքում: Ամեն դեպքում պետք է պատրաստ լինենք պատերազմի: Հաշմանդամը ես եմ, եթե պետք լինի` ես էլ կգնամ հայրենիքը պաշտպանելու»,- ասաց պատերազմի մասնակիցը: Իսկ 84-ամյա Աստղիկ Գասպարյանը մեր զրույցի ժամանակ զարմանքով հարցրեց. «Ի՞նչ տարածքների հանձնում: Ոչ մի դեպքում: Ինչի՞ համար պետք է տանք: Մե՞նք ենք կռիվը սկսել: Ադրբեջանն է կռիվը սկսել` Սումգայիթում կոտորելով հայերին, մենք էլ ստիպված էինք պաշտպանվել: Եթե Սումգայիթում չկոտորեին հայերին,Ղարաբաղը չէր կանգնի պաշտպանության: Աստված պահի բոլոր նրանց, ովքեր կարողացել են մեզ պաշտպանել ու դեռ կպաշտպանեն»: Իսկ զոհված ազատամարտիկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, ընդգծել է. «Ոչ մի թիզ հող չենք տա: Ո՞վ կարող է դրա մասին մտածել կամ խոսել: Մեզանից հարցրե՞լ են: Մեր որդիները դրա համար չեն արյուն թափել, այլ` այդ արյամբ ազատագրված հողում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու համար»: