«Քըրք Քըրքորյանին տեսնեմ՝ նոր մեռնեմ»

14/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեզ հետ զրույցից ու իր անկեղծությունից հանկարծ զգուշանալով՝ մեզ հարցնում է՝ «Ումուդ, էսքան տարի մի օր մեր դուռը թակող չի եղել, հարցնող չի եղել՝ մեռա՞ծ ենք, սա՞ղ ենք: Դու հո օրգանի աշխատող չե՞ս, կարող ա՞ ուրիշ նպատակով ես եկել»: Քյավառցի Արաքսի տատը նախապես զգուշացնում է, որ խոսակցության ընթացքում իր զայրույթին շատ ուշադրություն չդարձնեմ: Նա թեեւ երկար տարիներ Երեւանում է ապրում, այդուհանդերձ, սկզբունքորեն Գավառի բարբառով է խոսում: Հավատացնում է, որ կարող է մաքուր, գրական հայերենով խոսել, բայց մտավախություն ունի, որ այդ դեպքում իր հմայքը կկորցնի: Ասում է՝ «Ումուդ, ինչ-որ կասեմ, հենց տենց կգրես, մըկա չտանես քյավառցու գյոզալական բարբառը սրբագրես, փչացնես»: 50 տարի կարի արտելում աշխատած Արաքս տատը պատմում է. «Ստարշի դիրեկտորն ասեց, որ մի բան ասեն, կասես` այո, բայց այո-ի տեղը ասի՝ խա: Ասի` ի՞նչ անեմ, ընկեր Տոնոյան, զատո չկարեցա լեզուս փոխեմ ու ասի՝ այո, այստեղ, այնտեղ եւ ամենուր, սկսեց խնդալ: Ասեց՝ այ կնիկ, էս ի՜նչ անկեղծ կնիկ ես»: 79 տարեկան է եւ տարիքը հիշելուն պես ասում է. «Էս վերջին տարիներին ամեն Աստծո օր Գարբաչովին կթաղեմ, ամեն օր: Հարեւանները կծղզան վրես, կհարցնին` Արաքս տոտա, Գարբաչովին ցինկի՞ց, թե՞ դուբից դագաղով կթաղես: Ես էլ կըսեմ` կարեւորը, որ հետեւից ասեմ` «ս», մնացածն ինքը գիտի, այ, էդ իմ համար «պերեստրոյկա» կըլնի»: Հարցնում եմ, թե ինչո՞ւ է ուզում Գորբաչովին «ս» անել: «Ումուդ, ես պատերազմ տեսած կնիկ եմ, էն վախտ օրը մի քանի անգամ սեւ թուղթ կբերեին մարդկանց տներ, մեկի տղեն էր մեռնում, մեկի մարդը, շատ ծանդր էր մեր վիճակը: Դիմացանք, դուրս եկանք պատերազմի վիճակից ու կոմունիստների վախտը կարգին ապրեցինք: Բայց դրա «պերեստրոյկան» քանդեց մեր երկիրը, դու գնա մեր Քյավառը տես: Ավտոբուսներով, ավտոներով ջահելները փախնում են Ռուսաստան: Սիրտս կմղկտա էդ ջահելների համար: Գործարան չկա, աշխատանք չկա, մարդիկ դառել են փալաս»: Արաքս տատն ինչքան էլ Գորբաչովին հիշելիս չարանում է, միեւնույն է, նույնիսկ իր ամենադառը խոսքերի տողատակերում հումոր կա: Ասում է, որ կյանքի դժվարություններն իրեն դեռեւս այնքան չեն կոտրել, որ չծիծաղի: Լուսանկարչական սարքը տեսնելուն պես անմիջապես գլխաշորը հանում ու ասում է՝ «Նկարա, ումուդ ջան, ես սիրուն տատիկ եմ, իսկը նկարելու տատիկ եմ: Ես գեներալի հետ գեներալ կխոսիմ, բանվորի հետ բանվոր»:

79-ամյա Արաքս տատը մի երազանք ունի՝ տեսնել Քըրք Քըրքորյանին ու նրան խորհուրդ տալ, որ իր հարստությունը ճիշտ նպատակին ծառայեցնի: Երբ երազներով հասնում է Ք. Քըրքորյանին հանդիպելուն՝ հիշում է, որ ինքը կարողանում է գեներալի հետ գեներալի պես խոսել ու մեծահարուստի հետ շփվելու համար համապատասխան սցենար է կազմում, թե նրան ինչպես պիտի դիմի: «Չմեռնեմ` Քըռքռյանին տեսնեմ (աղջիկն ուղղում է Արաքս տատին՝ ասելով, որ Քըռքռյան չէ, այլ Քըրքորյան է.-Լ.Ս.): Էդ մարդը շատ բարի մարդ ա, մըկա փողերը ճիշտ չի ծախսում, ինքը բարի ա կամենում, բայց էդ օգուտը մենք չենք զգա»: Արաքս տատը կարծում է, որ «Լինսի» հիմնադրամով կառուցվող բնակարանների մեջ նաեւ պիտի ընդգրկեն սոցիալապես անապահով ընտանիքներին եւ գոնե տարվա մեջ երկու ընտանիքի բնակարաններ վերանորոգեն: Նրա այս երազանքը վերջերս է ի հայտ եկել, այն բանից հետո, երբ թոքաբորբով հիվանդացել է ու հիմա անճարությունից հույսը դրել է Քըրքորյանի վրա: Հիվանդությունն այս ծեր կնոջը վախեցրել է: Ներքին Շենգավիթի սեփական տների մեջ կծկված ու ուրիշ տների պատերից ճկված մի խրճիթ կա, որտեղ էլ ապրում է նա իր աղջկա եւ երկու թոռների հետ: Նրանց խրճիթի պատերը խոնավությունից գրեթե թաց են, իսկ փայտե առաստաղից անձրեւաջրերը հոսում են ուղիղ տուն: Արաքս տատի տունն իսկապես խցի նման է. «Բալես, խունց ա, խոնավությունից հիվանդություններն ընկնում ա ջաններիս, ես ջանդամ, բա էս երեխեքս, էս խունցը չենք կարում սարքենք, հացի փող հազիվ ենք հասցնում: Տեղաշորը թացանում ա խոնավությունից, թոքաբորբ տարա, բժշկուհին ասեց, որ տան խոնավությունից ա եղել: Քըռքռյանը, որ գա` կընգնեմ հետեւից, կխնդրեմ, ձեռից կբռնեմ, կբերեմ էս խունցը ցույց կտամ, ինքը կօգնի, խղճով մարդ ա: Կասեմ, տե՛ս Քըռքռյան ջան, ես սենց լավ տատիկ եմ, աղջկաս մարդը մեռել ա, ես էլ իրանց հետ ընկել եմ կրակը, չենք կանա մարդավարի ապրենք»: Արաքս տատն ինձ տանում է կիսափուլ խոհանոց ու ցույց է տալիս մեծ թվով տաշտակներն ու դույլերը, որոնք նախատեսված են հատուկ անձրեւային եղանակի համար. «Էնքան անձրեւաջուր ա թափում, որ չենք հասցնում սաղ ծակերի տակ վեդրո դնենք»,- վստահեցնում է նա:

«Ջահելները հուսահատված են»

Արաքս տատի 49-ամյա աղջիկը՝ Մարոն, միայնակ 2 երեխա է մեծացնում: Ամուսնության 3 տարին դեռ չլրացած ամուսինը թոքերի քաղցկեղից մահացել է, փոքրը 6 ամսական է եղել, իսկ Մարոն տղաներին մեծացնելու դժվարությունից ծերանում է: Միայնակ կինը մորը խնդրել է իր հետ ապրել, որպեսզի ինքը կարողանա աշխատել: Համալսարանն ավարտած տնտեսագետ Մարոն 20 տարի Ձերժինսկու գործարանում 2-րդ կարգի էկոնոմիստ աշխատելուց հետո չէր համակերպվում իր դժբախտության հետ: «Բարձրագույն ավարտած, բայց ճար չունեի, պիտի երեխաներիս փրկեի: Հավատացեք, որ գնացել եմ գյուղերում առեւտուր եմ արել, տոնավաճառներում եմ կանգնել: Մի կերպ գոյատեւեցինք»,- պատմում է նա՝ զայրանալով, որ միեւնույն է, իր տան խղճուկ պատերը չի կարողանում վերանորոգել, որպեսզի երեխաների առողջությունը վտանգի տակ չլինի: Մարոն ներկայիս իր կարգավիճակից շատ կաշկանդված է, որովհետեւ ուզում է իր մասնագիտությամբ աշխատել, երեխաներին կրթել, այնպես անել, որ հոր բացակայությունից երեխաները սխալ չդաստիարակվեն: Ասում է, որ դժվար շրջան է, բայց իրեն մխիթարում է այն հանգամանքը, որ տղաները շուտով կմեծանան, կաշխատեն եւ հոգսը կթեթեւացնեն: Որդիներից Նարեկը 13 տարեկան է, իսկ Դավիթը` 12: Արաքս տատը հիշում է, որ իր աղջկա նկարը գերազանց սովորելու համար փակցրել էին դպրոցի եւ համալսարանի պատերին. «Էն վախտ լավ էր, ումուդ: Գործարաններում աշխատում էինք, ինչքան լավ ինք աշխատում, էդքան մեզ պարգեւատրում էին: Ազնիվ վարձատրություն էր, հալալ քրտինքով աշխատած փող էր»: Իսկ Մարոն հիշում է, թե Ձերժինսկու գործարանում ամուսիններին կորցրած որքան կանայք կային, ովքեր իրենց աշխատանքով բարեկեցիկ կյանքով էին ապրում: «Ես հիմա տան խնդիր ունեմ, չէ՞, բայց էն ժամանակ դիմում էին գրում, գործարանն օգնում էր, իսկ հետո քո լավ աշխատանքով հատուցում էիր, բացի դա, միայնակ մայրերն արտոնություններ, զեղչեր ունեին»: «ԱԼՄ»-ի երգերը շատ սիրող Արաքս տատն, արդեն քանի օր է, հեռուստացույց չի դիտում, որովհետեւ վերջին իրադարձությունների պատճառով տխրում է, իսկ նա չի ցանկանում աղջկան եւ թոռներին իր վատ տրամադրությամբ ծանրաբեռնել. «Ումուդ, պատերազմ տեսած մարդը շատ բաների կդիմանա, քարացած կըլնի, բայց էս ջահելությունը մեղք ա, սրանք բան չտեսան: Զավոդ չկա, գործ չկա, հուսահատված են: Թույլ են, չեն կանա դժվարություններին դիմանան»: Արաքս տատի միակ ցանկությունն աղջկան ու թոռներին երջանիկ տեսնելն է: Ասում է, որ իր աղջկան շատ բան պետք չէ՝ «Մի հատ Ձերժինսկու նման գործարան ա պետք, որ երեխես աշխատի, ինքն իրան հարգի: Կարենա էս խունցի պատերը, կռիշը մի քիչ սարքի, որ հանկարծ երեխեքը չհիվանդանան: Ախր էդքան փողոցներ են սարքում, ասֆալտ անում, շինանյութ թափում: Էս տան համար իրանց արած մի 10-20 մետր ասֆալտի ծախսը կպահանջի: Ի՞նչ անենք, չենք կարում սարքենք, բայց վաղը-մյուս օր էս երկու թառլան թոռներս բանակ կեթան, չէ՞, պետությանն էլ պետք չի հիվանդ զինվոր: Բան չեմ ուզի, մենակ էս տան պատերը սարքեն` երեխեքս չհիվանդանան»: