Ծով դուրս կգա մայիսի 28-ին

14/05/2006

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մայիսի 10-ին ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, որոնք օրերս մեկնելու են Լոնդոն՝ Հարավային Անգլիայի ափերին կառանված «Կիլիկիայի» նավարկության երրորդ փուլն իրականացնելու համար: Նավի կապիտան Կարեն Բալայանը, նավարկության տարեգիր, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, անձնակազմի մյուս անդամները վարչապետին ներկայացրել են նավարկության եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները: «Կիլիկիան» Հարավային Անգլիայի ափերից ծով դուրս կգա մայիսի 28-ին՝ ուղղորդվելով դեպի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Անցնելով Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով, շուրջ մեկ տասնյակ պետությունների ափերով, օգոստոսին նավը կժամանի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից դեպի Սեւ ծով՝ Փոթի նավահանգիստ ուղեւորվելու համար: Այնուհետեւ ցամաքով կտեղափոխվի Հայաստան եւ հաջորդ տարվա գարնանը կհանգրվանի Սեւանա լճում: Առագաստանավի անձնակազմին նույն օրն ընդունել է նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա անձնակազմին պարգեւատրել է ՀՀ ՊՆ «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով: