Հայաստան բերվեց 26 դիակ

08/05/2006

Մայիսի 4-ի գիշերվա ժամը 22:30-ից՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետնամասում գտնվող «Կարգոյի» հրապարակում շարքերով կանգնած էին հանրապետության բոլոր դիահերձարանների 26 ավտոմեքենաները: Սպասում էին Սոչիից ժամանող դիակները տեղափոխող օդանավին: «Կարգոյում» էին նաեւ ոստիկանները, որոնք պետք է ուղեկցեին դիակները դիահերձարան ուղեկցող մեքենաներին: Ոստիկանները նույնպես տեղյակ չէին, թե երբ վայրէջք կկատարի օդանավը: Այնտեղ էին նաեւ ավիավթարի զոհ դարձած քաղաքացիների բարեկամները: Մթության մեջ միայն մեկ հարց էր հնչում, այն էլ՝ ահաբեկված. «Ձեր ի՞նչն է»: Դրան հետեւում էր «Բերո՞ւմ են» զգույշ հարցը: Իրականում ուզում էին իմանալ՝ հաջողվե՞լ է արդյոք դիակը դուրս բերել ծովից, թե՞ ոչ: Չնայած ոստիկանների ներկայությանը, ովքեր պետք է վերահսկեին նաեւ դիակներն ինքնաթիռից ավտոմեքենա տեղափոխելու գործընթացը, վարորդներն անհանգստացած էին, որ ինքնաթիռի իջնելու ժամանակ «Կարգոյում» իրավիճակը վերահսկել չի լինի. «Հարազատները ձեռքից ձեռք կփախցնեն դիակներն՝ անկախ նրանից, դա իրե՞նցն է, թե՞ չէ»,- միմյանց հետ զրուցում էին վարորդներն ու փորձում հասկանալ, թե ինչ պետք է անեն նման իրավիճակում: «Ոստիկաններն էլ ոչինչ չեն անի, հո էդ մարդկանց ճամփեն չե՞ն փակի: Համ էլ՝ չեն կարա»,- ասում էին նրանք:

26 դիակներ տեղափոխող ինքնաթիռը Երեւան եկավ լուսադեմին: Հավաքված հարազատները, վարորդներն ու ոստիկանները միասին դիակները տեղափոխեցին մեքենաներն ու ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Հերացու փողոց: Քիչ անց արկղերում գտնվող դիակներն արդեն նախապես դիահերձարան տարված դագաղների մեջ էին: