Զուգադիպությո՞ւն

08/05/2006

Բրյուսելի օդանավակայանում նախորդ գիշեր հրդեհի պատճառով այրված չորս օդանավերից երկուսը դարձյալ հայկական էին ու դարձյալ A-320 մակնիշի: Զավեշտալին այն է, որ դրանցից մեկը նորից պատկանել է «Արմավիա» ավիաընկերությանը, որը Եվրոպայում է գտնվել տեխզննման նպատակով: Մյուս A-320 ինքնաթիռը եղել է Վերսանդ Հակոբյանին պատկանող Հայկական Միջազգային Ավիաուղիներ ընկերությանը: Ի տարբերություն «Արմավիայի» օդանավի, Հայկական Միջազգային Ավիաուղիների օդանավը հրդեհից համեմատաբար քիչ է տուժել:

«Չեմ կարող ասել, որ Բելգիայում հայկական օդանավերի այրվելը պատահականություն չէ, քանի որ հակառակն ապացուցող փաստեր չունեմ», – երեկ մեր թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է Արմավիայի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը։ Նա նաեւ հավելել է. «Թեեւ այս ոլորտում մենք ունենք լուրջ մրցակցություն, սակայն չեմ կարծում, որ սա մեր ընկերության դեմ ուղղված քայլ էր։ Մյուս ընկերությունների կրած վնասներն ավելի մեծ են եղել»,- ասաց Մ. Բաղդասարովը։ «Արմավիայի» սեփականատերը նաեւ նշեց, որ իրենց օդանավը ապահովագրված է ռուսական «Մալակուտ» ապահովագրական ընկերության կողմից, որն էլ իր ռիսկերն ապահովագրում է անգլիական հեղինակավոր «Լլոյդ» ընկերությունում։ Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ նման կարգի օդանավերի արժեքը տատանվում է 25-50 մլն դոլարի սահմաններում՝ կախված մեքենայի տարիքից։ Համենայն դեպս, փոխհատուցման չափը կորոշվի համապատասխան ուսումնասիրությունից հետո։ Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի փոխանցմամբ, բելգիական օդանավակայանի անգարում կայանած ինքնաթիռներից մեկն անսարքություն է ունեցել, կայծ է արձակել, որն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Նրա խոսքերով, հայկական երկու օդանավերն էլ շարքից դուրս են եկել։