Սակայն մինչ համաժողովի սկսվելն ասուլիս էր հրավիրել Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը: Վերջինիս գնահատմամբ` ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ամենամեծ նվաճումները մահապատժի վերացումը եւ սահմանադրության փոփոխությունն են: Ըստ նրա, ԵԽ-ն կարեւորում է արդար ընտրությունների անցկացումն ու նաեւ, այդ համատեքստում, ընտրական, դատական օրենսգրքերի, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի, ԶԼՄ-ների ազատությանն ուղղված բարեփոխումները: ԵԽ քաղաքական հարցերի գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ 2007-ի եւ 2008-ի ընտրությունները ՀՀ-ում կանցնեն ազատ, արդար, եվրոպական չափանիշներին համապատասխան, քանզի ժողովրդավարության անկյունաքարն ազատ, արդար ընտրություններն են: Իսկ դրա իրականացման համար, ըստ նրա, ԵԽ-ն պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին, սակայն անհրաժեշտ է նաեւ իշխանությունների աշխատելու պատրաստակամությունն ու քաղաքական կամքը: Ժան Լուի Լորանը նաեւ նշեց, որ զրուցել է հայ պաշտոնյաներից մեկի հետ, ով ցավով արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ դեմ կայացրած որեւէ որոշում դեռեւս չկա, քանզի, ըստ այդ պաշտոնյայի, նման որոշումները կօգնեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: «Բայց ես չեմ կարծում, թե հարկ է սպասել դատարանի որոշումներին: Կարելի է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,- երեկ նկատեց ԵԽ քաղաքական հարցերի գլխավոր տնօրենը: Վերջինս նկատեց նաեւ, որ Հայաստանում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես` կարգավորման մարմինների ու լիցենզավորման հարթություններում: Իսկ արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրությունների արդյունքների համատարած կեղծվելու դեպքում եվրոպական կառույցներն աչք փակեն դրանց վրա, ինչպես եղավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Լրագրողների վերոնշյալ հարցին պարոն Լորանն այսպես պատասխանեց. «Ես հիմա չեմ կարող խոսել ապագա ընտրությունների դիտորդների անունից, որովհետեւ դա կարվի 2007-2008 թվականներին, եւ կարծիքներ կհայտնվեն ընտրություններից հետո»: Ինչեւէ, «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» խորագրով երեկվա համաժողովին մասնակցում էր նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով նախորդ հինգ տարիները բնութագրեց որպես կայուն առաջընթացի տարիներ: Իսկ ահա արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախորդ հինգ տարիները բաժանեց 3+1 փուլի. անդամության նախապատրաստում, անդամություն, պարտավորությունների կատարում եւ մի փուլ, որը մեզ ապագայում է սպասվում: Արձանագրելով, որ կան թերացումներ եւ հաջողություններ, նախարարը նշեց, թե եթե չլիներ ԵԽ անդամությունը, ապա Հայաստանը «չէր լինի այս մակարդակում, չէր հասնի նրան, ինչին հասել է», եւ կունենար ժողովրդավարության ցածր մակարդակ: Վ. Օսկանյանի խոսքերով` Հայաստանն ընտրել է զարգացումների էվոլյուցիոն ճանապարհը` մի կողմ թողնելով հեղափոխական փոփոխությունների տարբերակները: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խնդրին` Վ. Օսկանյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություն է: «Խաղաղ բառն այստեղ ամենակարեւոր բառն է: Խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակ չկա»,- հավելեց նախարարը: Իսկ խոսելով ադրբեջանական կողմից հնչող ռազմաշունչ հայտարարությունների մասին` արտգործնախարար Օսկանյանը նշեց, որ եթե Ադրբեջանը մտքում նման մտադրություններ ունի, ապա շատ դժվար կլինի մտածել, որ նա պատրաստ է փոխզիջումների: «Ուժի գործադրումը պիտի բացառվի, եւ այստեղ Եվրոպայի խորհուրդը դեր ունի»,- ընդգծեց նախարարը: Նա հայտարարեց, թե Եվրոպայում կարծում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չէր խանգարի հարցի կարգավորմանը: Վ. Օսկանյանը հավանական է համարել գալիք ամիս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, սակայն առայժմ հնարավոր հանդիպման ո՛չ տեղը, ո՛չ ժամկետները հստակ չեն: «Մենք գիտենք, որ Ադրբեջանին Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով հստակ հասկացրել են, թե ռազմական լուծումը տարբերակ չէ, եւ դա մենք դրական ենք գնահատում: Եթե այդ տարբերակը չբացառվի, եւ նրանք անընդհատ այն իբրեւ պահեստային տարբերակ ունենան, դժվար կլինի զիջումների գնալ»,- նշեց Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանը կատարել է իր քայլերը, եւ հիմա անհրաժեշտ է, որ Ադրբեջանն էլ համապատասխան քայլեր անի, որպեսզի գործընթացը տեղից շարժվի: Ըստ Օսկանյանի, այսօր խնդիրը հետընթաց քայլ չանելն է, եւ Ադրբեջանի կողմից ակնկալվում են համապատասխան քայլեր, հակառակ դեպքում, ըստ նախարարի, դժվար կլինի առաջ շարժվել: Ինչեւէ, վերը նշված համաժողովին մասնակցում էին նաեւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ այլք: Ս. Դեմիրճյանն իր խոսքում նշեց, թե Հայաստանում չկան ժողովրդավարական զարգացումներ, եւ կա կոռուպցիա: «ժողովրդին տեսանելի չեն ժողովրդավարության նվաճումները»,- նշեց նա: «Արդարություն» խմբակցության ղեկավարն անցած ժամանակահատվածը որակեց` «չօգտագործված հնարավորությունների տարիներ»: Ըստ նրա, չենք կարող ասել, որ այսօր ավելի ժողովրդավար պետություն ունենք, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, քան հինգ տարի առաջ: Նրա խոսքերով` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների ձեւական կատարումը խեղաթյուրում է եվրաինտեգրման գաղափարը: «Հակաժողովրդավարական մեթոդներով բարեփոխումների իրականացումն անընդունելի է: Մեթոդները նույնքան կարեւոր են, որքան նպատակները»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: