Հայաստան համահայկական հիմնադրամի 15-րդ նիստը, որը նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը, սկսվեց ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ։ ՀՀ նախագահի բացման խոսքը բավական կարճ էր՝ առանց գովասանքների շռայլության. «Հիմնադրամը կայացած կառույց է եւ ունի համահայկական բնույթ։ Այն մեծ եւ բարի համբավ է վայելում Հայաստանում, սփյուռքում եւ ընդհանրապես հայ ժողովրդի մոտ»։
Նիստի սկզբում մասնակիցները միաձայն ընտրեցին հոգաբարձուների խորհրդի 3 նոր անդամների, որից հետո ցուցադրվեց հիմնադրամի՝ 2005թ. գործունեությանը նվիրված ֆիլմ։ Դրանից հետո լրագրողներին խնդրեցին սպասել դրսում։ Ներսում գտնվող իշխանության ներկայացուցիչներին հարցեր տալու հնարավորություն ընձեռվեց միայն 1 ժամ անց՝ ընդմիջմանը։ Այն էլ` ոչ բոլորին։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հեռացավ բավական շուտ՝ մինչեւ ընդմիջումը, եւ չցանկացավ խոսել լրագրողների հետ։ Ռ. Քոչարյանը նիստի սրահից դուրս եկավ մյուսներից ավելի ուշ։ Այդ ընթացքում լրագրողներն արդեն «շրջապատել» էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարին։ Վարչապետը հաստատեց, որ զոհվածներից յուրաքանչյուրի համար կառավարությունը տրամադրելու է 1,5 մլն դրամ։ Բացի այդ, բացվել է առանձին հաշվեհամար, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է գումար փոխանցել զոհվածների ընտանիքներին։
Բուն նիստի մասին Ա. Մարգարյանը նշեց, որ ներքին պայմանավորվածության համաձայն` առաջարկվել է ողջ գումարն ուղղել Լեռնային Ղարաբաղին։ «Պետբյուջեի միջոցով մենք Հայաստանում կարող ենք մեր խնդիրները լուծել»,- նշեց վարչապետը։
Թվում է՝ այս որոշումից եւ, ընդհանրապես, իրականացվող ծրագրերի բովանդակությունից (մասնավորապես, «Արցախի վերածնունդ») ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պետք է գոհ լիներ։ Սակայն պրն Ղուկասյանը, որն, ի տարբերություն իր հայաստանյան գործընկերոջ, բավական ժամանակ տրամադրեց լրագրողներին, դժգոհելու պատճառներ ունի։ «Ես եւ՛ գոհ եմ, եւ՛ դժգոհ։ Սպասելիքներն ավելի մեծ են։ Ես գտնում եմ, որ սփյուռքը շատ հզոր կառույց է, եւ սփյուռքը կարող է շատ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ղարաբաղին»,- ասաց ԼՂՀ նախագահը:
Նշենք, որ 2005թ. ընթացքում հանգանակված 12,7 մլն դոլարից ԼՂՀ-ին բաժին է ընկնում 70 հազարը։ Չենք ուզում ասել, որ Ա. Ղուկասյանը դժգոհելու տեղ չունի, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ն այդ օգնության կարիքն ավելի շատ ունի, քան մենք։ Պարզապես Ա. Ղուկասյանի դժգոհությունն ուղղված էր ո՛չ թե ֆինանսավորողների, այլ այդ գումարները տնօրինողների դեմ։ Ավելի կոնկրետ՝ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի։ «Մենք պրոբլեմներ ունենք աշխատանքի որակի հետ կապված եւ գտնում ենք, որ հիմնադրամի կողմից պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացվի»,- ասում է ԼՂՀ նախագահը։
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Ա. Ղուկասյան եւ Ն. Մելքումյանի հարաբերությունները փայլուն չեն։ Անգամ խոսակցություններ կային, որ առաջարկ է եղել փոխել գործադիր տնօրենին, սակայն Նաիրա Մելքումյանը դա համարում է հերյուրանք։
Իսկ Ա. Ղուկասյանը, թեեւ ուղղակիորեն չհաստատեց իր այդ ձգտումները, սակայն նաեւ չհերքեց՝ համարելով, որ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ: «Դա Հոգաբարձուների խորհրդի խնդիրն է, ես չեմ կարող միանձնյա որոշում կայացնել: Գտնում եմ, որ պետք է պրոբլեմը լուծենք, պրոբլեմը լուծելու մի քանի ճանապարհ կա: Ամեն դեպքում` դա քննարկելու հարց է»,- ասաց ԼՂՀ նախագահը։
Համենայնդեպս, եթե արտակարգ նիստ չգումարվի, ապա Ն. Մելքումյանը կպաշտոնավարի եւս 1 տարի, քանի որ այս նիստի օրակարգում տնօրենի փոփոխության հարց չի եղել։ Իսկ Ն. Մելքումյանն էլ բավական գոհ է իր ղեկավարած կառույցի աշխատանքից՝ նշելով. «Հիմնադրամի նախորդ տարվա մուտքերը կազմել են 12 մլն 700 հազար դոլար, որը 2003թ. համեմատ ավելացել է 2,5 անգամ։ Սա փաստում է այն մասին, որ մեծ վստահություն ունենք եւ՛ սփյուռքում, եւ՛ հայրենիքում»։
Սակայն կա նաեւ, այսպես ասած, մեդալի մյուս կողմը։ 2005թ. ընթացքում հավաքագրված գումարը, այսպես ասած, «խոստացվել» է 2004թ. հեռուստամարաթոնի ժամանակ, որն այն ժամանակ մեծ խանդավառություն էր առաջացրել կազմակերպիչների շրջանում։ Իսկ 2005թ. հեռուստամարաթոնի արդյունքը կազմում է 7,7 մլն դոլար։ Եթե դրան գումարենք նույն թվականի հեռախոսամարաթոնը (1,2 մլն), ապա 2006թ. մուտքերը կկազմեն մոտ 10մլն դոլար։ Սակայն այս դեպքում եւս պարծենալու տեղ գտնվել է։ «Հեռուստամարաթոն-2005-ը առանձնահատուկ էր. եթե նախկինում հեռուստամարաթոնների արդյունքը «որոշում» էին մեծահարուստների խոշոր նվիրատվությունները, ապա 2005-ի մարաթոնի արդյունքը՝ 7,7 մլն դոլարը, գլխավորապես ժողովրդական մասնակցությամբ ձեռք բերված ցուցանիշ էր»,- սրանք Նաիրա Մելքումյանի խոսքերն են։
Այդ խոսքերը պարզապես նշանակում են, որ խոշոր բարերարների ակտիվությունն աստիճանաբար թուլանում է։ Սակայն այս փաստը կազմակերպիչները գերադասում են ձեւակերպել այսպես՝ «հանրային մասնակցության եւ միջին նվիրատվությունների աննախադեպ աճ»։ Եթե հիշում եք, նախորդ մարաթոններից մեկի ժամանակ հավաքված 6 մլն դոլարը Քըրք Քըրքորյանը կրկնապատկեց։ Արտասահմանի մեր հայրենակիցներից շատերն առաջ ավելի առատաձեռն էին, քան հիմա։ 2005թ. հեռուստամարաթոնին եղել է ընդամենը 2 խոշոր նվիրատվություն. 1 մլն դոլար հատկացրել է Լուիզ Սիմոն-Մանուկյանը, իսկ երկրորդ խոշոր նվիրատվությունը՝ 250 հազար դոլարի չափով, կատարել է Արա Աբրահամյանը։
Սա Նաիրա Մելքումյանին այնքան էլ չի մտահոգում։ Նա լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ հիմնադրամն ունի մեծ ներուժ եւ ապագայում տարեկան մուտքերը կկազմեն 20-25 մլն դոլար։ Դեռ երկու տարի առաջ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը նպատակ էր դրել 5 տարվա ընթացքում տարեկան նվիրատվությունների չափը հասցնել 10 մլն դոլարի։ Ստացվում է՝ 2 տարվա ընթացքում ցուցանիշը գերակատարվել է։ Իսկ ապագայում տեմպերը կպահպանվե՞ն, եւ ի՞նչ է պետք անել նվիրատվությունների չափը մեծացնելու համար։ «Պարզապես հարկավոր է ներկայացնել ճիշտ ծրագրեր, որպեսզի արտասահմանի մեր հայրենակիցները վստահությամբ վերաբերվեն ծրագրերին»,- համոզված է Ն. Մելքումյանը։
Ճիշտ ծրագրերն, իհարկե, իրենց տեղն ունեն։ Սակայն պակաս կարեւոր չէ դրանց իրականացման բնույթը։ Օրինակ, Ա. Ղուկասյանն աշխատանքների որակի հետ կապված իր բացահայտ դժգոհությամբ որքանո՞վ նպաստեց սփյուռքահայ գործարարության շահագրգռվածության բարձրացմանը… Միամտություն կլիներ կարծել, թե Ա. Ղուկասյանին հետաքրքրում է միայն աշխատանքների որակը. ըստ էության, խնդիրն ավելի խորն է։ ԼՂՀ իշխանությունները ձգտում են իրենց վերահսկողության տակ վերցնել ծրագրերի իրականացումը, հետեւաբար` նաեւ լծակները։ Իսկ Հայաստանի պարագայում նմանօրինակ ակտիվություն առաջանում է միայն այն դեպքում, երբ կա «կողքից փող ուտելու» ձեւ։ Սա գիտակցում են նաեւ դոնորները, եւ ձեւավորվող անվստահության մթնոլորտը բացասաբար է անդրադառնում ողջ գործընթացի վրա։
Կա եւս մի հետաքրքիր հանգամանք։ Հաշվետվության «Ոսկեմատյան» կոչվող հատվածում ներկայացված են հիմնադրամի գործունեության ընթացքում բոլոր խոշոր նվիրատուները։ Փորձեք այդտեղ գտնել հայաստանյան գործարարների կամ ընկերությունների անուններ։ 500 հազար դոլար եւ ավելի վճարած ոչ ոք չկա։ 250 հազար եւ ավելի վճարածների ցուցակում տեղ է գտել միայն «Գործարարների եւ արդյունաբերողների միությունը»։ 100 հազարական դրամ նվիրաբերել են Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան եւ «Զանգեզուրտրանսշին» ընկերությունը։
Ոչ ոք այս մասին բարձրաձայն չի ասում, բայց շատերը սփյուռքահայերին համարում են «կթու կով», որոնցից միայն ցանկանում են փող պոկել։ Ահա այս մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի հաջողություններ արձանագրվեն։ Իսկ սփյուռքահայերը տեսնում են, թե իրենց «խեղճուկրակ» հայրենիքում ինչ մեծ թափով է ավելանում «Բենթլիների», «Ռոլլս-Ռոյսների», «Մայբախների» եւ «Համմերների» թիվը։ Եվ թե իրենց «խեղճուկրակ» հայրենակիցներից ոմանք ինչպես են հարյուր հազարավոր դոլարներ տանուլ տալիս դրսի կազինոներում։ Դե հիմա ասեք՝ դուք նրանց տեղը լինեիք, փող կտայի՞ք։
Իսկ տարեկան 12, անգամ 22 մլն դոլարն, իրոք, շատ փոքր թիվ է։ Պետք չէ մոռանալ, որ այս գումարը հավաքում ենք տարին մեկ անգամ, ողջ ազգով, որի թիվը ողջ աշխարհում կազմում է 9 մլն մարդ, իսկ կարողությունը, ըստ «Ֆորբսի» մասնագետների, գերազանցում է 100 մլրդ դոլարը։