A-320 ինքնաթիռի վթարի զոհ դարձած Ատոմ Կոստանյանի ջիպ «Պորշեն» Սոչիում բոլորն էին ճանաչում: Ասում են՝ երեւանյան խոշոր գործարարը, տուֆի արտադրության մոնոպոլիստը, կոնյակի գործարանների տերը եւ, ինչպես ասում են, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ ընկերը շատ է սիրել կուրորտային Սոչին եւ հաճախ է Երեւանից գնացել այնտեղ հանգստանալու: Եվ ամեն անգամ քաղաքում բոլորն իմացել են, որ եկել է «Ատոմայինը»:
Այսպես են նրան անվանել Սոչիում, որովհետեւ նա իսկապես տիրապետել է ուրախանալու «արվեստին»: Այդ չարաբաստիկ գիշերն Ատոմն ընկերների հետ մեկնել է Սոչի՝ «տղամարդկանց խնջույքի»: Իսկ նախօրեին նա Սոչիից Երեւան է բերել երեխաներին ու կնոջը: Վերջինս չի ցանկացել, որ ամուսինը կրկին մեկնի, սակայն Ատոմը նրան չի լսել. «Շուտ կվերադառնամ»,- ասել է նա: Մայիսի 3-ի գիշերը ժամը 2.00-ին Ատոմի ընկերներն օդանավակայանի VIP սրահում ճոխ սեղան են «գցել»՝ իրենց ընկերոջը դիմավորելու նպատակով… Երեկ գիշեր արդեն Ատոմի դիակը տեղափոխվեց Երեւան:
«ԽԹծ» եւ «Կոմեդի Քլաբ» հաղորդումների հանդիսատեսները Արթուր Թումասյանին դեմքով չեն ճանաչում, որովհետեւ նա այդ հաղորդումների սցենարիստներից մեկն էր: «Նա շատ բարի, ուրախ եւ տաղանդավոր անձնավորություն էր: «ԽԹծ»-ի գրեթե բոլոր խմբերը, որոնք վերջին 10 տարիներին չեմպիոն են դարձել, աշխատել են Արթուրի հետ: Նրա վերջին գործը կատակերգական ֆիլմի սցենարն էր»,- ասում է Արթուրի ընկերը՝ «Կոմեդի Քլաբի» ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը: Երեւանում Արթուրը գործերով է եղել, հետո որոշել է այցելել Սոչիում գտնվող իր կնոջը՝ Յուլյային: Ասում են, Արթուրը սովորաբար գնացքով է ճանապարհորդել, պարզապես այս անգամ շտապելու պատճառով նախընտրել է չարաբաստիկ ինքնաթիռը:
34-ամյա հոգեբան Մարիամը մեկնելիս է եղել Օչամչիրա՝ սեմինարների մասնակցելու: Համ էլ առիթ է եղել հարազատներին տեսնելու: Տանը փորձել են համոզել, որ չգնա, մասնակցի առաջիկա տոներին, իսկ Մարիամն ասել է, որ խոստացել է, ուրեմն պետք է մեկնի: Գիշերը տանից դուրս գալուց առաջ Մարիամը դժվարությամբ է քնեցրել իր 2-ամյա որդուն` Տիգրանին: Հարազատներն ասում են, որ վերջինս գիշերն արթնացել է ու ճիչերով վազել, հավանաբար մորն է փնտրել:
«Զվարթնոց» օդանավակայանի VIP ծառայության տնօրեն Ալբերտ Ազարյանը վերջին պահին կնոջն ու փոքր դստերը ստիպել է տանը մնալ ու իր հետ չմեկնել Սոչի: Նրանք ամբողջ ընտանիքով պատրաստվել են մեկնել Սոչի՝ բարեկամներից մեկի մկրտությանը մասնակցելու: Երբ իրերն արդեն հավաքված են եղել, Ալբերտն ասել է. «Անհրաժեշտ չէ, որ բոլորս գնանք: Կարիք չկա գիշերով երեխային ինքնաթիռում տանջել»:
Սոչիի երաժշտական ուսումնական հաստատության պատանի շրջանավարտ Հռիփսիմե Գալստյանը երազել է դաշնակահարուհի դառնալ: Նրա բոլոր դասատուներն ուրախացել են, որ առաջին իսկ լսումներից հետո Հռիփսիմեին ընդունել են Երեւանի կոնսերվատորիա: «Առաջիկա չվերթով հետ եմ վերադառնում»,- հեռախոսով հարազատներին հաղորդել է Հռիփսիմեն: Դա նրա վերջին զանգն է եղել: Այսուհետ աղջկա դիմանկարն ընդմիշտ կզարդարի հարազատ երաժշտական ուսումնարանը. «Նա կլինի մեր կուրսի բոլոր դաշնակահարների պահապան-հրեշտակը»:
Ինքնաթիռն անհետանալուց առաջ, պարզվում է, իսկապես հեռախոսազանգեր են եղել ինքնաթիռից: Այդ օրը Հակոբ Հակոբյանը հոր հետ եղել է Ադլերի օդանավակայանում, պատրաստվել է դիմավորել մորը: «Ողբերգությունից 10 րոպե առաջ նա զանգահարեց եւ ասաց, որ շուտով ինքնաթիռը վայրէջք կկատարի, եւ, որ իր հեռախոսը «կտրտվում է»,- պատմել է Հակոբը,- նրա ձայնն այնքան ուրախ էր…»:
Հիշեցնենք, որ ինքնաթիռից վերջին րոպեներին զանգեր հնչելու մասին էլի են պնդումներ եղել, սակայն շատերը դա հերքում էին` «տեխնիկապես» անհնարին լինելու հանգամանքով: Այնինչ, ինչպես տեսնում եք՝ տեխնիկապես դա հնարավոր եղել է: Ի դեպ, ըստ մասնագետների, երբ ինքնաթիռը գտնվում է վայրէջք կատարելու ընթացքի մեջ, ապա իսկապես հնարավոր է հեռախոսազրույց ունենալ ցամաքի վրա գտնվողների հետ: Նաեւ հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների, այդ պահին հեռախոսով խոսելիս է եղել նաեւ Կառլոս Պետրոսյանի որդին՝ Արամը, որի ձայնը վերջին րոպեներին միանգամից կտրվել է: Իսկ Բենիամին Խաչատրյանը՝ զգալով, որ ինքնաթիռն ընկնում է, զանգահարել է իր ընկերոջը եւ նրան խնդրել է «տեր կանգնել իր երեխաներին»…