Հիշեցնենք, որ միակ կասկածյալը` 11-րդ դասարանցի Դենիս Կուլագինը, ձերբակալվել էր, սակայն 72 ժամ հետո ազատ էր արձակվել: Ռուսական դատախազությունը հայտարարում է, որ Դենիսը Վիգենին սպանել է իր սիրեցյալին վիրավորելու համար: Սակայն Վիգեն Աբրահամյանցի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Սիմոն Ծատուրյանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Նա գտնում է. այն, որ Վիգենին սպանել են սրտին հասցված դանակի մեկ հարվածով, վկայում է, որ մարդասպանը պրոֆեսիոնալ է եւ ոչ թե՝ «ինչ-որ աշակերտ»: Բացի այդ, Սիմոն Ծատուրյանի տվյալներով, մարդասպանը մենակ չի եղել, քանզի Վիգենին եւս 2 թեթեւ հարվածներ են հասցվել: Փաստաբանը տարօրինակ է համարում կատարվածի տեսաձայնագրությունների բացակայությունը, քանզի Պուշկինսկայա մետրոն հագեցած է տեսախցիկներով: «Մեզ ասում են, որ այդ տեսախցիկները չեն նկարահանել սպանությունը, սակայն, իմ կարծիքով, դա խոսում է իրավապահ մարմինների կողմից մտածված գործողությունների մասին` կատարվածի ազգային շարժառիթները թաքցնելու նպատակով»,- ասել է փաստաբանը:
Ապրիլի 24-ին Մոսկվայի հայկական եկեղեցում հայերը եկել էին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սակայն Վ. Աբրահամյանցի սպանությունն այնքան էր ցնցել մարդկանց, որ նրանք ամբողջ օրը միայն այդ դեպքից էին խոսում: Հայերից մեկը (նկարում) իր վրդովմունքն արտահայտեց ծայրահեղական ձեւով` գրպանից հանեց դանակն ու ասաց. «Բոլորիս մոտ պետք է դանակ լինի, պետք է թույլ չտանք, որ մեզ մորթեն, զենք պահեք ձեզ մոտ»: Իսկ հայ կանանցից ոմանք էլ ասում էին, որ իրենք իրենց որդիներին հորդորել են` իրենց մոտ դանակ պահել: Ի դեպ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վիգեն Աբրահամյանցի սպանության գործը վերցրել է իր հսկողության տակ: Նա ասել է, որ հետեւելու է գործի բացահայտմանն ու մեղավորների պատժմանը: Ա. Աբրահամյանը ՌԴ բոլոր ուժային կառույցներին մեղադրել է «վատ աշխատելու» մեջ, քանզի նման դեպքերի թիվը, նվազելու փոխարեն, շատանում է: