Նա իր ծնողների միակ զավակն էր: Մարիամը զոհվեց՝ առանց մոր թողնելով իր միակ որդուն՝ 1,8-ամյա Տիգրանին: Մեկնելուց առաջ Մարիամը միայն խնդրել է, որ լավ պահեն իր որդուն` մինչեւ իր վերադարձը: Երկու տարին դեռ չբոլորած փոքրիկ Տիգրանը մոր մեկնելու ողջ գիշերն անհանգիստ էր, չէր քնում: «Կարծես դիտմամբ է անում, որ չգնամ»,- մինչ մեկնելը սրտնեղած ասել է Մարիամը եւ վերջին անգամ համբուրելով որդուն՝ դուրս եկել տնից… Միգուցե պետք էր ենթարկվե՞լ մանկան անգիտակից ցանկությանը, ով կանխատեսում էր, որ այս անգամ իր մայրն այլեւս չի վերադառնալու: «Վաղն իմ անունը կկարդաք մահացածների ցուցակում»,- ընկերներին հրաժեշտ տալիս այսպիսի կատակ է արել Մարիամը, իսկ ոմանց նույնիսկ գրկել եւ համբուրել է՝ ասելով, որ հնարավոր է նրանց այլեւս կյանքում չտեսնի: A-320 ինքնաթիռի զոհ դարձած 34-ամյա Մարիամ Խազարյանը գործուղման էր մեկնում Աբխազիա: Որքան էլ մեծ էր իր փոքրիկից ոչ մի վայրկյան չկտրվելու ցանկությունը, այնչափ էլ իր համար թանկ էր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու մեծ պատասխանատվությամբ կատարելու նրա սկզբունքը: Մարիամը 1995-ին ավարտել էր ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիական եւ հոգեբանության ֆակուլտետը: Թորոս Ռոսլինի անվան կիրառական արվեստի ինստիտուտում դասավանդել է հոգեբանություն: Դրան զուգահեռ` աշխատել է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հետազոտության ազգային ինստիտուտում: 2002-ից աշխատում էր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունում, նախ՝ որպես սոցիալական աշխատող, ապա արդեն՝ սոցիալ-առողջապահական ծառայությունների թիմի պատասխանատու: Մարիամն այն մասնագետներից էր, ովքեր շարունակ կատարելության են ձգտում: 2002-ին մեկնել է Շվեդիա՝ իր գիտելիքները խորացնելու Գոթենբուրգի համալսարանում: Մեկ տարի անց վերադարձել է սոցիալական աշխատանքի՝ մագիստրոսի կոչումով, եւ իր գործունեությունը շարունակել նույն կազմակերպությունում: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն «Ուոլդ Վիժն-Վրաստան» կազմակերպությունից հրավեր էր ստացել Աբխազիայում մայիսի 3-11-ը տեղի սոցիալական աշխատողների համար սոցիալական աշխատանքի ուսուցումներ անցկացնելու: Կազմակերպության ղեկավարությունը երկար չմտածեց, թե ում պետք է ուղարկի: Իր փորձով եւ հարուստ գիտելիքներով Մարիամը մեծ պատվով ու արժանապատվությամբ կկատարեր իր պարտականությունները: Մարիամը հանձն առավ կատարելու իրեն վստահված պատասխանատու աշխատանքը: Եթե պահանջում էր աշխատանքային պարտականությունը, ապա միանշանակ այն պետք էր կատարել մեծ պատասխանատվությամբ եւ բարձր մակարդակով: Դա էր Մարիամի աշխատաոճը, եւ այդ մասին գիտեին ոչ միայն իր ղեկավարներն ու գործընկերները, այլեւ հարազատները, ովքեր երբեմն քննադատաբար էին վերաբերվում նրա անսահման նվիրվածությանն իր մասնագիտությանն ու գործին:
Մարիամը մեծ խանդավառությամբ էր պատրաստվում Աբխազիա մեկնելուն: Ուրախ էր, որ կազմակերպությունն իրեն է վստահել այդ պատասխանատու առաքելությունը: Եվ բացի այդ, դա նաեւ իր համար հնարավորություն էր ստեղծում Աբխազիայում տեսնելու իր հարազատներին, որոնց ավելի քան 15 տարի չէր տեսել:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի ողջ անձնակազմը խորը վշտով է լցված, քանի որ կորցրել է ոչ միայն մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող առաջատար մասնագետներից մեկին, այլեւ խելացի, ընկերասեր, սրտացավ եւ համեստ մի կնոջ, ով դեռ նոր էր սկսել վայելել մայրական բերկրանքն ու անձնական երջանկությունը: Մարիամի կորուստը սգում են նաեւ կազմակերպության այն բազմաթիվ շահառուները, որոնց հույս, կորով ու ջերմություն էր տալիս նա՝ իր յուրաքանչյուր այցելության ընթացքում:
Ի դեպ, օդանավակայանի աշխատակիցները պատմում էին, որ թռիչքից առաջ վատ կանխազգացում է ունեցել նաեւ բորտ-ուղեկցորդ Ռոման Շերեմետովի մայրը, ով աշխատում է օդանավակայանում: Ասում են` Ռոմանը ծնողների միակ զավակն է եղել, ու պատրաստվում էր առաջիկայում ամուսնանալ: Օդանավակայանի աշխատակիցները պատմում էին, որ թռիչքի օրը Ռոմանի մայրն իրենց տան շեմին սատկած ծիտ է գտել, ու անմիջապես կանխազգացել է, որ ինչ-որ դժբախտություն է լինելու: Սակայն այդ մասին նա իր ընկերներին ու հարազատներին պատմել է միայն դեպքից հետո, երբ այլեւս ամեն ինչ վերջացել էր:
Սեփ.լր.