Երեկ մեր ժամանակով 3:15 րոպեին «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի A-320 ինքնաթիռը, որի մեջ եղել է 113 քաղաքացի, ենթարկվել է վթարի: Ինքնաթիռն ընկել է Սեւ ծով, ափից 5 կմ հեռավորության վրա: Հավանականությունը, թե որեւէ ուղեւոր ողջ կլինի՝ հերքվում էր ի սկզբանե: Ժամառժամ ավելանում էր հայտնաբերված դիակների թիվը: Ըստ նախնական վարկածի, պատճառն անբարենպաստ եղանակն է եղել, ինչի պատճառով ինքնաթիռը չի կարողացել հասնել օդակայան ու վայրէջք կատարել: Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորված հանձնախումբը մեկնեց Սոչի՝ տեղում պարզելու համար ողբերգության մանրամասները, սակայն մինչեւ ուշ գիշեր ոչ մի ինֆորմացիա չստացվեց: Փրկարարներին եւ հատուկ ջոկատներին երեկ ամբողջ օրը չի հաջողվել գտնել նաեւ դեպքի մասին տեղեկատվություն պարունակող «սեւ արկղը»:
«168 Ժամը» ցավակցում է ավիավթարի զոհ դարձածների հարազատներին: