Հանձնարարականներ

07/05/2006

«Արմավիա» ավիաընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել են աղետից զոհվածների աճյունների տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված խնդիրները: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է ավիավթարի հետեւանքով զոհված ուղեւորների հուղարկավորության կազմակերպման եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնել այսօր կայանալիք նիստին: Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ մարզպետներին հանձնարարվել է կազմակերպել «Զվարթնոց» օդանավակայանից զոհված ուղեւորների դիերի ավտոմեքենաներով տեղափոխումը իրենց բնակության վայրեր: Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է նաեւ պատվիրել դագաղների ժամանակին պատրաստումը եւ ըստ անհրաժեշտության լուծել գերեզմանատեղերի հատկացման հարցը: ՀՀ Առողջապահության նախարարությունը, ըստ հանձնարարականի, կապահովի զոհվածների հարազատների բուժօգնության կազմակերպումը «Զվարթնոց» օդանավակայանում (առաջին շտապ բուժօգնություն, կարդիո եւ հոգեբուժական ծառայություն): Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ ոստիկանությունը՝ կապահովի Զվարթնոց օդանավակայանից զոհվածների դիերը տեղափոխող ավտոմեքենաների ուղեկցումը համապատասխան բնակության վայրեր: ՀՀ Մշակույթի նախարարությանը հանձնարարվել է մայիսի 5-6-ի սգո օրերին դադարեցնել բոլոր տեսակի մշակութային միջոցառումները, իսկ ՀՀ պետական կառավարման մարմիններին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ հայտարարված սգո օրերին խոնարհել ՀՀ պետական դրոշը: