Առաջարկում են դռնեդուռ ընկնել

07/05/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ շաբաթ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հերթական անգամ աչքի ընկավ իր ռուսամետ հայտարարություններով: Մասնավորապես ապրիլի 28-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Նոր Ժամանակների» ղեկավարը հայտարարել էր, թե ինքը կա եւ մնում է Ռուսաստանի հետ դաշնակցության կողմնակիցը:

«Ես մնում եմ այդ գաղափարին, ինչքան էլ որ ինձ հայհոյեն: Ես շատ լավ գիտեմ, որ մեր փրկությունը մնում է Ռուսաստանի հետ ամենասերտ դաշնակցությունը»,- նշել էր Ա. Կարապետյանը: Եվ այս ամենի ֆոնին ուշագրավ է այն, որ հերթական այս հայտարարությունից ընդամենն օրեր անց՝ մայիսի 2-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի՝ NDI-ի գրասենյակում տեղի է ունեցել վերջերս դրա տնօրենի պաշտոն ստանձնած Էնդրյու Բենեթթի եւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հանդիպումը: Ըստ վերը նշված հաղորդագրության, հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք հարցեր, ինչպես նաեւ` սպասվելիք ընտրությունների կազմակերպմանը եւ արդար ու թափանցիկ անցկացմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կանանց առաջնորդություն եւ քաղաքական մշակույթ» ծրագրերի տնօրենը: Ինչեւէ, երեկ մեզ հետ զրույցում պրն Կարապետյանը նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնությամբ: Պարզվում է, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը հայաստանյան քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսել, եւ Ա. Կարապետյանն էլ պարզապես նրանցից մեկն է: Սակայն, թե կոնկրետ է՞լ ում հետ է հանդիպել Էնդրյու Բենեթթը, դեռեւս մնում է անհայտ: «Նոր տնօրեն Բենեթթն արդեն մոտ քսան օր է, որ այստեղ է եւ արդեն հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական գործիչների հետ, չնայած մեր գործընկերներից ոչ ոք դեռ չէր ասել, որ հանդիպել են, բայց իրենք ասացին, որ հանդիպումներ ունեցել է արդեն»,- մեզ հետ զրույցում երեկ նշեց Ա. Կարապետյանը: Սակայն, թե կոնկրետ էլ ո՞ր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ է Էնդրյու Բենեթթը նմանատիպ հանդիպումներ ունեցել, Արամ Կարապետյանը չգիտեր: Նրա խոսքերով՝ վերոնշյալ շատ հանգիստ եւ շատ եղբայրական հանդիպումը հիմնականում ճանաչողական բնույթ է կրել, որի ընթացքում քննարկվել են հիմնականում առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր: Պարզվում է, որ այդ հանդիպման ընթացքում ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչները «Նոր Ժամանակների» ղեկավարին, կարելի է ասել, խորհուրդներ են տվել` «մարտավարական ամենաէֆեկտիվ տարբերակների մասին»: «Քանի որ իրենց կարծիքով ընդդիմությունը մեծ մասամբ զրկված է հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորությունից եւ այլն, իրենք գտնում են, որ ամենաէֆեկտիվը, որ կարող է լինել, դռնեդուռ անցնելն է, այսինքն՝ անձնական շփում ունենալ որքան հնարավոր է մեծ թվով քաղաքացիների հետ»,- մանրամասնում է Ա. Կարապետյանը՝ հավելելով, թե հանդիպման մասին իրենց կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն պատճառով, որովհետեւ «Հայաստանի քաղաքական եւ լրատվական դաշտում բոլորի մոտ այն կարծիքն է` եթե մարդը ռուսական կամ ռուսամետ հայտարարություն է անում, ապա անպայման ԱՄՆ-ը եղանները վերցրած կընկնի այդ մարդու վրա», ինչն, ըստ Ա. Կարապետյանի, լուրջ քաղաքական գործիչների պահվածք չէ: «Նոր Ժամանակների» ղեկավարի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում եւս նմանատիպ հանդիպումներ ունենալ: «Հիմնական խնդիրն իրենք տեսնում են ընտրությունների հետ կապված խնդիրները: Եվ քաղաքական զարգացումների առումով ավելի շատ ուզում էին լսել իմ կարծիքները, ու ասում էին, թե ինչով է հնարավոր, որ ժողովուրդն, այսպես ասած՝ նորմալ ընտրությունների գնա»,- տեղեկացնում է Ա. Կարապետյանը: Վերջինիս հետ զրույցից երեկ նաեւ պարզ դարձավ, որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը քաղաքական որոշ ուժերի համար «ուսուցողական դասընթացներ» է անցկացնում: Նման մի քանի դասընթացներ արդեն եղել են եւ ապագայում էլ շարունակվելու են: Իսկ կոնկրետ ո՞ր քաղաքական ուժերին եւ ի՞նչ են ուսուցանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնությամբ: Ըստ Ա. Կարապետյանի, այդ ուսուցողական դասընթացները կազմակերպվում են քաղաքական բոլոր այն կուսակցությունների համար, որոնք ուզում են մասնակցել այդ դասընթացներին: «Մենք եւ ոչ միայն մենք, 2-3 նման կուրսերի մասնակցել ենք: Այդ դասընթացներին մասնակցում էին տարբեր կուսակցություններ, այդ թվում եւ` կոալիցիոն կուսակցություններ»,- նշում է «Նոր Ժամանակների» ղեկավարը: Վերջապես ի՞նչ են ուսուցանում մեր կուսակցություններին այդ դասընթացների ժամանակ: Պարզվում է, որ այդ դասընթացները նպատակաուղղված են սովորեցնել կուսակցությունների ակտիվիստներին` ընտրական տեխնոլոգիաներին եւ ժողովրդի հետ աշխատանքին:

Հ.Գ. Երեկ մեզ հետ զրույցում Արամ Կարապետյանը նշեց նաեւ, որ NDI-ի ներկայացուցիչները մտահոգված էին ապրիլի 21-ին «Նոր Ժամանակների» ղեկավարի թիկնազորի հետ կապված իրադարձություններով: Իսկ այն, ինչ կատարվեց ապրիլի 21-ին, Ա. Կարապետյանի կարծիքով, դեռ վերջը չէ, եւ դա, ըստ նրա, շարունակություն կունենա: