Խոսքի ազատությունը «կազմակերպված պետությունում»

07/05/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է։ Իսկ մի քանի օր առաջ «Freedom House» հանրահայտ միջազգային կազմակերպությունը մամուլի վիճակը Հայաստանում գնահատեց «ոչ ազատ»։ Ընդ որում, զեկույցում նշված էր, որ ոչ ազատ են հատկապես ազդեցության առավել մեծ լծակներ ունեցող լրատվամիջոցները` հեռուստաընկերությունները։

Իհարկե, Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման «ամենափայլուն» օրինակը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր։ Իշխանությունների այդ քայլն այնքան բացահայտ էր, իսկ ՀՌԱՀ-ի մեկնաբանություններն` այնքան խղճուկ, որ առ այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները պարբերաբար իրենց զեկույցներում անդրադառնում են այդ խնդրին։ Բայց իրականում խոսքի ազատությունը Հայաստանում «վախճանվեց» ոչ թե «Ա1+»-ի փակմամբ, այլ այն օրը, երբ 17 «ազատ, բայց պատասխանատու լրատվամիջոցներ» հայտարարեցին, թե այդ հեռուստաընկերության փակմամբ Հայաստանում խոսքի ազատությունն ամենեւին չի վտանգվում։ Ըստ էության, նույնը շարունակվում է նաեւ այսօր։ Այսինքն` իշխանամետ լրատվամիջոցները Հայաստանում խոսքի ազատության վիճակը քննարկելու փոխարեն` քննարկում են միջազգային կազմակերպությունների «ծագումնաբանությունը», նրանց հեռահար (եւ իհարկե` դավադիր) նպատակները, եւ այլն։ Մի խոսքով, ինչպես միշտ, հայերին չեն սիրում։

Ավելին. իշխանամետ լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ իշխանություններին կոչ են անում Հայաստանում այնուամենայնիվ գրաքննություն մտցնել` իբր անպատասխանատու եւ սանձարձակ մամուլը երբեմն-երբեմն իր հրապարակումներով վնասում է մեր ազգային շահերին։ Իսկ թե որոնք են այդ ազգային շահերը` ոչ մի տեղ հստակ ձեւակերպված չէ։ Այս ասպարեզում միակ «գրավոր փաստաթուղթը» ՀՀ Սահմանադրությունն է, որտեղ ամրագրված է, որ Հայաստանում երաշխավորվում է խոսքի եւ մամուլի ազատությունը։

Եվ այնուամենայնիվ, փորձենք հասկանալ իրավիճակը։ Ինչո՞ւ են իշխանությունները ոտնահարում խոսքի ազատությունը եւ ամբողջովին վերահսկում հեռուստաեթերը` ամեն անգամ դրա համար արժանանալով միջազգային կառույցների կշտամբանքին։ Իսկապե՞ս խոսքի ազատությունը կարող է նաեւ վտանգավոր լինել երկրի համար։ Ո՞րն է իշխանությունների վախի պատճառը։

Սկսենք նրանից, որ առանց խոսքի ազատության որեւէ երկրում հնարավոր չէ ժողովրդավարական հեղափոխություն իրականացնել։ Ակնհայտ է նաեւ, որ եթե դրսի ուժերը ցանկանում են որեւէ երկրում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել, անպայման դա անում են ոչ իշխանամետ լրատվամիջոցների աջակցությամբ։ Ընդ որում, այդ հեղափոխությունները կարող են նաեւ վնասել երկրին` եթե, իհարկե, իսկապես դրսից են կազմակերպված։ Այսինքն, տեսականորեն ազատ մամուլն իսկապես կարող է դրսի ուժերի ձեռքին գործիք դառնալ։ Բայց` միայն տեսականորեն։ Իրականում իշխանությունների կողմից ներկայացվող այս «տեսական հիմնավորումը» գործնականում բացահայտ կեղծիք է։ Խոսքի ազատությունը ոտնահարելով` իշխանությունները պայքարում են ոչ թե հանուն վրացական ազգային շահերի, այլ հանուն իրենց շատ կոնկրետ անձնական շահերի։ Երբեւէ լսե՞լ եք, որ այս կամ այն պաշտոնյան որեւէ թերթի ողջ տպաքանակը կրպակներից հավաքի, ասենք, միջազգային թեմաներով վերլուծական հոդվածի համար։ Չեք լսել։ Թերթերը կրպակներից հավաքվում են, երբ որեւէ պաշտոնյայի կամ նրա ազգուտակի կոռումպացվածության մասին հրապարակում է լինում։ Եվ քանի որ հնարավոր չէ մեր պաշտոնյաների գործունեությանն անդրադառնալ այնպես, որ Քրեական օրենսգրքի մի 7-8 հոդվածներ չշոշափվեն, իշխանությունները ձգտում են այդ հարցը լուծել «բիրիք»։ Հիմնավորումը նույնպես միանգամայն ազգային է. անկախ լրատվամիջոցները ծառայում են միջազգային տարատեսակ ուժերի, որոնք, հասկանալի է, միայն մի երազանք ունեն` ինչպես հնարավորինս արագ երկրի երեսից ջնջեն Հայաստանը։

Իսկ հիմա պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Որեւէ պաշտոնյա բացահայտորեն թալանում է երկիրը (ծանոթ պատկեր է, չէ՞), բայց լրատվամիջոցները դրան չեն անդրադառնում, որովհետեւ դրա արդյունքում կարատավորվի պաշտոնյայի (հետեւաբար` նաեւ Հայաստանի) բարի համբավը։ Հակառակը` բոլոր թերթերը գրում են, թե ինչ ազնիվ ու առաքինի է այդ պաշտոնյան, առաջին էջերում տպագրում են նրա լուսանկարը` բարեգործական միջոցառման ժամանակ որեւէ երեխայի գրկած, եւ այլն։ Իսկ ով հակառակն է գրում, տեղում հռչակվում է ազգի դավաճան եւ քրեական պատասխանատվության ենթարկվում, որովհետեւ «ծառայություն է մատուցել օտարերկրյա մութ ուժերին»։ Նման իրավիճակը համապատասխանո՞ւմ է մեր ազգային շահերին։ Իհարկե` չի համապատասխանում։

Բայց «կազմակերպված պետություն» ձեւակերպմանը համապատասխանում է։