Այս օրերին Երեւանում էր գտնվում Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի
նախագահ Գարեգին Թոսունյանը: Բանկային համակարգի հիմնախնդիրների շուրջ մեր հարցազրույցի ժամանակ նրան խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն իրավիճակը, որ վերջին օրերին ստեղծվել է ոսկվայում:
Խոսքն ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի, մասնավորապես` 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի սպանության եւ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի վրա հարձակման մասին է: «Ես լիովին ինտերնացիոնալիստ եմ, ընդ որում, դա ցուցադրական ինտերնացիոնալիզմ չէ: Շատ բացասաբար եմ վերաբերվում նացիոնալիզմի ցանկացած դրսեւորման` անկախ նրանից, թե որ՝ մեծ կամ փոքր ազգին է այն առնչվում: Ես կարծում եմ, որ նման երեւույթները մշակույթի բացակայության հետեւանք են: Ասել, որ ես իմ մաշկի վրա դա ինչ-որ կերպ զգացել եմ՝ օբյեկտիվ չեմ լինի, քանզի մանկությունից Ռուսաստանն ինձ ընդունել է որպես հարազատի: Ռուսաստանում Հայաստանին եւ հայերին առավելագույնս լոյալ են վերաբերվում եւ ոչ միայն նրա համար, որ շատ հայեր են ՌԴ-ում ապրում եւ կազմում են նրա մի մասը»,- ասում է Գ. Թոսունյանը: Նրա կարծիքով, Ռուսաստանի համար լիովին անթույլատրելի է մասնավորապես կովկասյան ազգերի հանդեպ բացասական դրսեւորումներ ցուցաբերելը, քանզի «Կովկասը եւ կովկասյան ազգերը ՌԴ-ի մի մասն են»: «Յուրաքանչյուր ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ նույնպես մեծ պատասխանատվություն է կրում: Երբ նրանք իրենց անհարիր են պահում, մարդկանց տարբեր խմբերի մոտ լարվածություն են առաջացնում` չմտածելով, որ այդ լարվածությունը կարող է կուտակվել եւ վերածվել հակաազգային դրսեւորումների տարբեր ձեւերի: Հիմնախնդիրը լուրջ է եւ վտանգավոր, սակայն հայերին այն չի վերաբերում»,- ասում է Գ. Թոսունյանը: Աբրահամյանցի սպանության առնչությամբ Գ. Թոսունյանը չի բացառում ավազակային հարձակման վարկածը:
Մեր այն հարցին, թե արդյոք ՌԴ իշխանությունները չե՞ն խթանում ազգայնամոլության նման դրսեւորումները, Գ. Թոսունյանը պատասխանեց. «Երբ ազգերը հզոր մշակույթ չունեն, ցանկացած իշխանություն, ինչ խոսք, կարող է այդ հանգամանքը` սեփական շահերից ելնելով, օգտագործել: Օրինակ, Գերմանիայում ֆաշիզմը նույնպես առաջացավ այն ժամանակների ցածրամակարդակ մշակույթի պայմաններում: Այդ զանգվածային «փսիխոզը» պայմաններ ստեղծեց` կեղծ «փրկարարի» հայտնվելու համար, որը հայտարարեց, որ իր ազգը բացառիկ է: Միայն ավելի ուշ գերմանացի ժողովուրդը գիտակցեց, թե որքան թանկ արժեր այդ «մեծությունը»: Ես հուսով եմ, որ Ռուսաստանն, ի տարբերություն 30-ականների Գերմանիայի, մեծ իմունիտետ ունի ֆաշիզմի նկատմամբ»,- ասում է Գ. Թոսունյանը:
Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք մեր թերթի առաջիկա համարներից մեկում: