Մոտ ապագայում մոսկովյան «Յունիաստրում» բանկը կդիմի ՀՀ ԿԲ-ին՝ հայաստանյան «Յունիբանկի» կապիտալում մասնակցություն ունենալու նպատակով: Նախատեսվում է, որ դրանից հետո բանկի սեփական կապիտալը կկազմի մոտ 14 մլն դոլար: Ինչպես երեկ տեղեկացրեց «Յունիաստրում» բանկի նախագահ, «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, վերոնշյալ գործարքի գումարը կկազմի մոտ 5 մլն դոլար: Սակայն թե որքան ժամանակից հետո կկնքվի գործարքը, դեռ հայտնի չէ, քանի որ գործարքը միայն կողմերից չի կախված: «Յունիբանկի» բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ երեկ ամփոփվեց բանկի 2005թ. տարեկան հաշվետվությունը: Անցյալ տարի բանկը 11 մլրդ դրամից ավելի վարկեր է տրամադրել, ինչը կազմում է բանկի ընդհանուր ակտիվների 56%-ը: Ընդ որում, վարկային պորտֆելում մեծ չափաբաժին ունեն արդյունաբերության ու առեւտրի ոլորտներին տրամադրված, ինչպես նաեւ` սպառողական վարկերը: Բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանի հավաստմամբ, «Յունիբանկը» Հայաստանում միակ բանկն է, որ բոլոր ներգրաված միջոցները տեղաբաշխել է: Աթայանի խոսքերով, սա հենց ԿԲ-ի գնահատականն է:
Իսկ Գ. Զաքարյանը Հայաստանի բանկային համակարգին բավականին լավատեսորեն է նայում: Համակարգի զարգացման աստիճանը գնահատում է լավ, բանկային օրենսդրությունը՝ լիբերալ, դրական է համարում բանկերի (այդ թվում՝ նաեւ արտասահմանյան կապիտալով) թվի ավելացումը: «Կմեծանա բանկային ծառայությունների առաջարկը, կաճի մրցակցությունը, ինչի հետեւանքով բանկերը կսկսեն էլ ավելի լավ աշխատել»,- մեզ հետ զրույցում նշեց Գ. Զաքարյանը: Նա մեծ հեռանկարներ է տեսնում Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացման համար, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում անշարժ գույքի գների աճով:
Բանկային համակարգի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը Գ. Զաքարյանը համարում է բանկերի նկատմամբ բնակչության քիչ վստահությունը: «Օրինակ, Ռուսաստանում բանկային ծառայություններից օգտվողները բնակչության 20%-ն էլ չեն կազմում, եւ ինձ թվում է՝ գրեթե նույն վիճակն էլ Հայաստանում է»,- ասում է ռուսաստանցի բանկիրը: Այս խնդրի լուծման ուղղությամբ նա առաջարկում է խթանել նոր բանկերի ու բանկային ծառայությունների մուտքը շուկա, ավելացնել գործող բանկերի մասնաճյուղերի թիվն ամբողջ երկրով մեկ: