Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի համաձայն` այս ընկերությունը «Ջերմուկ Գրուպի» «ապրանքային նշանին շփոթության աստիճան նմանությամբ շշերում շշալցրել եւ իրացրել է ջերմուկ»: Հանձնաժողովը գործի հետ կապված ուներ նաեւ Մտավոր սեփականության գործակալության գրությունն այն մասին, թե «Սուպեր-Էս Ջի-Գրուպի» կողմից իրացվածն, իրոք, շփոթության աստիճանի նմանեցված է «Ջերմուկ Գրուպին» 10 տարի սեփականության իրավունքով պատկանող ապրանքային նշանին: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին համարեց, որ «Սուպեր-Էս Ջի-Գրուպի» նման վարքագիծն անբարեխիղճ մրցակցություն է, եւ ընկերությանը տուգանեց 100.000 դրամով, եւ այն պայմանով, որ 40 օրվա ընթացքում շրջանառությունից հանի ներկայիս շշերն ու պիտակը:
Նիստի հենց սկզբից էր պարզ, որ հանձնաժողովը պաշտպանելու է «Ջերմուկ Գրուպի» շահերը եւ պատասխանատվության է ենթարկելու «Սուպեր-Էս Ջի-Գրուպ» ընկերությանը: Երբ երկրորդ ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Չինարյանը փորձեց «պաշտպանվել», թե իրենց շիշը եւ պիտակը այդքան էլ նման չեն «Ջերմուկ Գրուպի» շշին ու պիտակին, որ գնորդին շփոթության մեջ գցեն, հանձնաժողովի նախագահ Աշոտ Քոչարյանն ընդդիմացավ: Նրա համար շփոթության աստիճանի նմանությունն ակնհայտ էր: Պարոն Քոչարյանի հետ համաձայն էր նաեւ նրա տեղակալ Պավել Ղալթախչյանը եւ Իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանը: Մի խոսքով, հանձնաժողովը «Սուպեր-Էս Ջի-Գրուպ» ընկերությանը տուգանեց:
Ասացինք, որ «Ջերմուկ Գրուպը» «Սուպեր-Էս Ջի-Գրուպին» մեղադրում էր, որ սա իր շշի եւ պիտակի ձեւերը նմանեցրել է իրենց ապրանքանշաններին: Սակայն հարկ է նշել, որ նմանությունն այնքան խիստ չէր, որ գնորդին շփոթության մատներ: Երկու ընկերությունների ապակյա շշերը կանաչ գույնի էին, բայց շշի վրայի նախշերը տարբեր էին՝ «Ջերմուկ Գրուպինը»` ոլորապտույտ ու նեղ, իսկ մյուսինը՝ ուղիղ ու լայն: Պիտակների մեջ եղած տարբերությունն էլ այնքան զգալի էր, գունային տարբերությունն այնքան ակնհայտ, որ ջերմուկի գնորդը չէր շփոթի ու հաստատ կտարբերեր: Հարկ է նաեւ նշել, որ «Սուպեր-Էս Ջի-Գրուպը» շշի այդ ձեւն ու պիտակը պատվիրել եւ օգտագործում էր դեռեւս 1997 թվականից, իսկ «Ջերմուկ Գրուպն» իր ներկայիս ապրանքանիշն օգտագործում է 2001 թվականից: Համենայնդեպս, այդպես տեղեկացրեցին երկու ընկերությունների ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ պատասխանատվության ենթարկված ընկերությունը 4-5 տարի առաջ է պատվիրել իր այդ ապրանքանշանը, քան պահանջատեր «Ջերմուկ Գրուպն»` իրենը: Այս հանգամանքից նույնիսկ կարելի է եզրակացնել, որ «Ջերմուկ Գրուպն» է իր ապրանքանշանը նմանեցրել «Սուպեր-Էս Ջի-Գրուպի» ապրանքանշանին: Սակայն, ի տարբերություն վերջինիս, պատասխանատու ընկերության ղեկավարներն իրենց ապրանքանշանն օգտագործել են առանց Մտավոր սեփականության գործակալությունում գրանցելու: Մինչդեռ «Ջերմուկ Գրուպն» իրենը հենց սկզբից գրանցել է: Եվ կարեւոր չէ, թե «Սուպեր-Էս Ջի-Գրուպը» «Ջերմուկ Գրուպից» քանի տարի առաջ է ունեցել իր ապրանքանիշը: Կարեւորն այն է, որ իր ունեցածը չի գրանցել: Հակառակ դեպքում տեղի կունենար ճիշտ հակառակ սցենարը։
Ավելացնենք, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունն անցած տարի էլ անբարեխիղճ մրցակցության մեջ մեղադրում էր «Կոկա-կոլա» ընկերությանը: Նույն պահանջատիրոջ ներկայացմամբ` վերջինս շուկայում գերիշխող տեղ էր զբաղեցնում եւ խոչընդոտում է իրենց ներմուծած «Պեպսի կոլայի» տարածմանը: Պարզ է, որ մեր տնտեսության մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովն այդ անգամ էլ պաշտպանեց դիմողին ու տուգանեց «Կոկա-կոլա» ընկերությանը: Նաեւ ակնհայտ է, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը վերջին մեկ-երկու տարիներին մրցակիցներին մեղադրելով անբարեխիղճ մրցակցության մեջ՝ ինքն էլ է կոշտ քայլերի դիմում շուկայում իր տեղն ընդլայնելու համար: Ակնհայտ է նաեւ, որ այս ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր հանրապետական Աշոտ Արսենյանը վայելում է մեր իշխանական վերնախավի հովանավորությունը: Այս առումով նրա համար դժվար չէ իր մրցակից ընկերություններին ստիպել «իրենց չափը ճանաչել»: Իսկ նման պայմաններում, բնական է, տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովը կպաշտպաներ «Ջերմուկ Գրուպին»:
«Սուպեր-Էս Ջի-Գրուպի» ներկայացուցիչ էդուարդ Չինարյանը հանձնաժողովից խնդրեց նիստը որոշ ժամանակով հետաձգել, մինչեւ որ իրենք ապրանքանշանները նոր փորձաքննության կենթարկեն եւ նոր եզրակացություն կներկայացնեն: Բայց հանձնաժողովը չհամաձայնեց: Նրանց համար էլ ապրանքանշանների նմանությունն էն գլխից էր ակնհայտ: Թե «Ջերմուկ Գրուպը» ինչո՞ւ շատ ավելի վաղ, ասենք, հենց 2001թ. չի իր իրավունքները պաշտպանել եւ եկել-հասել է 2006թ., ընկերության ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը պատասխանեց, որ «Սուպեր-Էս Ջի-Գրուպը» վերջին մի քանի ամսում է սկսել աշխուժանալ: Իսկ Է. Չինարյանն ավելացրեց, որ իրենց արտադրական հզորություններով շուտով գերազանցելու են «Ջերմուկ Գրուպին»: Բացի այդ, ավելացրեց, որ իրենց շշալցրածն ավելի որակյալ ջերմուկ է, քան մրցակցինը: Հավանաբար այս մտավախությունն է «Ջերմուկ Գրուպին» ստիպել համապատասխան քայլերի դիմել: Իսկ «Սուպեր-Էս Ջի-Գրուպը» ստիպված է առաջիկա 40 օրերի ընթացքում իր արտադրանքի համար շշի ու պիտակի նոր ձեւեր պատվիրել: