Աշտարակյան կծիկը նոր է բացվում

07/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«168 Ժամ»-ի նախորդ համարում տպագրված «Դաշնակի «վզյալի» Աշտարակ» հրապարակմանը բազմաթիվ տարաբնույթ արձագանքներ ենք ստացել: Զանգահարում էին մեր հոդվածի հերոսներից եւ հայտնում, թե իրենք երբեք կապ չեն ունեցել նման պատմությունների, առավել եւս` դաշնակցական կուսակցության հետ:

Զանգահարում էին նաեւ Աշտարակի բնակիչները եւ եղածին նոր պատմություններ ավելացնում: Նրանք զարմանում էին, թե ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա Երեւանում չեն իմացել, թե ինչ է կատարվում հարեւան Աշտարակ քաղաքում: Մեր հրապարակման հետ համաձայն չէր մասնավորապես Ոսկեվազ գյուղի գյուղապետը: Նա նույնիսկ հերքեց, որ ինքը դաշնակցական է, եւ պահանջեց հերքում տպագրել: Բայց մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա այդ կուսակցության անդամ է: Ուղղակի դաշնակցությունն ունի բացահայտ եւ թաքնված անդամներ: Ոսկեվազի գյուղապետը, ասում են, թաքնվածներից է: Ավելին, աշտարակցիները նրա ու նրա կնոջ մասին ավելի հետաքրքիր պատմություններ են հիշում: Մասնավորապես այն մասին, թե ինչպես է գյուղապետը «Հայբուսակ» ինստիտուտն ավարտած իր կնոջը 500 դոլար կաշառքով նշանակել տվել Ոսկեվազ եւ Օշական գյուղերի բուժվերահսկողության աշխատողի գործին: Կաշառքը վերցրել է մարզպետարանի Առողջապահության վարչության պետ Անահիտ Վերանյանը: Այս պատմությունն ավելի հետաքրքիր էջեր էլ ունի, որին մենք հետո կանդրադառնանք:

Հիմա Արագածոտնի մարզային դատախազությունում է գտնվում Աշտարակի Գրիգոր Ղափանցյանցի անվան դպրոցի տնօրեն Ալիկ Բաբայանի հետ կապված գործը: Մարզի դատախազ Համլետ Զաքոյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ո՞ր հոդվածներով է հարուցված այդ քրգործը: Նա ավելացրեց, որ իրենք կեղծ ատեստատների վաճառքի եւ միլիոնների հասնող գումարների յուրացումների փաստեր չունեն: Իրենց մոտ քննության առնված գործը լրիվ ուրիշ է: Նախաքննության գաղտնիության հանգամանքը պատճառաբանելով, նա այլ տեղեկություններ չտվեց: Բայց մեզ հասած տեղեկատվության համաձայն` Ա. Բաբայանն այստեղից Ռուսաստան կամ այլ երկիր ատեստատներ է ուղարկել: Ավելին, Աշտարակի մի քանի բնակիչներ, նաեւ` ուսուցիչներ, դեռեւս անցած տարեվերջին Ա. Բաբայանի մասին բողոքներ են գրել մարզի դատախազություն: Սակայն մի քանի ամիս հետո, փետրվարի 22-ին է գործ հարուցվել: Իսկ մինչեւ հիմա Ա. Բաբայանը դեռ իր պաշտոնին է: Աշտարակցիներն արդեն մտածում են, որ ատեստատների կամ գույքի վաճառքի հետ կապված մեղադրանքները հանվել են տնօրենի վրայից, կամ էլ ընդհանրապես քննության չեն առնվել: Նրանք նաեւ պատմում են, որ Ա. Բաբայանը մարզպետին ու իր մյուս կուսակիցներին սպառնացել է, որ իրեն չազատելու դեպքում բոլորին կմատնի: Ու հիմա մարզային ու մայրաքաղաքային դաշնակցականներն իրենց «բարի համբավը» փրկելու համար փորձում են Աշտարակի իրենց կուսակիցներին այս գործից մաքուր դուրս բերել:

Իսկ այս կծիկը, ասում են, բացվել է այն բանից հետո, երբ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարզել է, որ իր Առողջապահության վարչության պետն առանց իրեն տեղյակ պահելու մեկից 500 դոլար կաշառք է վերցրել եւ գործի նշանակել: Մարզպետն իր աշխատակցին ստիպել է դիմում գրել եւ գործից ազատվել, սակայն վերջինս հրաժարվել է՝ սպառնալով իրավապահ մարմիններին պատմել նրա կատարած բոլոր չարաշահումների մասին: Գ. Գյոզալյանը, ասում են, դիմել է 6-րդ վարչության իր ընկերներին, որ «մի թեթեւ» քննեն Անահիտ Վերանյանի գործունեությունը, որպեսզի սա վախենա եւ գործից կամավոր դուրս գա: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Ա. Վերանյանն ինքն է բացահայտում իր մարզպետի ողջ գործունեությունը:

«Իմ տեղեկություններով` Դերեկ գյուղի գյուղապետը մարզպետի ցուցումով 30.000 դոլարով վաճառել է գյուղի անգարը՝ պահեստը,- այս մասին էլ պատմում է խմբագրություն այցելած աշտարակցի Վարդան Մալխասյանը, ով իր պատրաստակամությունը հայտնեց հրապարակավ խոսել Աշտարակում տեղի ունեցած ապօրինությունների մասին: -Այդ գումարը գյուղապետը կիսում է մարզպետի հետ: Ավելին, անցած տարի Արագածոտնի մարզում տեղի ունեցած բնական աղետի պատճառած վնասի համար կառավարությունը փոխհատուցում էր տրամադրել գյուղացիներին, որը տեղ չի հասել: Իսկ «Փարոս» ծրագրի հատկացրած օգնությունը բերել են Երեւան եւ վաճառել: Բայց բռնվել են: Այս գործն էլ քննության է առնված: Կարծեմ Ազգային անվտանգության ծառայությունն էր բռնել»:

Մեր տեղեկություններով` վերջին օրերին դաշնակցությունը ժողով է հրավիրել ու խիստ քննադատել է Գաբրիել Գյոզալյանին, որ իրենց կրակի մեջ է գցել: Բայց նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելքեր են փնտրում, որպեսզի շատ չվարկաբեկվեն եւ հանրությանը նորից կարողանան ասել, թե դաշնակցությունը պաշտոններ է զբաղեցրել, որպեսզի ծառայի իր ազգին: Իսկ աշտարակցիները մտավախություն ունեն, որ այս գործն էլ «ծածկադմփոց» կարվի, ինչպես վերջնականապես չբացահայտվեցին 2001 թվականին մարզպետարանում հայտնաբերված չարաշահումները: Նորից հիշեցնենք, որ այն ժամանակ մարզպետ էր Հրայր Կարապետյանը, որը գործունեության ընթացքում թույլատրած 5 մլն յուրացումների համար պատասխանատվության չի ենթարկվել: Աշտարակցիներն ասում են, որ Հ. Կարապետյանն այդ յուրացումները կատարել է այսօրվա մարզպետ, իսկ այն ժամանակ` իր տեղակալ Գաբրիել Գյոզալյանի հետ: Մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Հ. Կարապետյանը շահագրգիռ է եղել, որ իրենից հետո պաշտոնավարի իր տեղակալը: Հակառակ դեպքում հնարավոր է, որ նոր մարզպետը չցանկանար, որ իր նախորդի թույլ տված չարաշահումները թաքուն մնան, ու ինքը բացահայտեր: Իսկ այս դեպքում Գ. Գյոզալյանը, մեղսակից լինելով իր պաշտոնակցին ու կուսակցին՝ բնական է, պետք է ամեն ինչ աներ, որ իրենց կատարած յուրացումները լույս աշխարհ չգային: Մեր զրուցակիցները նաեւ մտածում են, որ եթե ժամանակին Հ. Կարապետյանը պատժվեր եւ պետությանը վերադարձներ հափշտակած գումարները, ապա այսօր նրա հետնորդը ռիսկ չէր անի նույնը շարունակել: Իսկ Գ. Գյոզալյանն էլ հավանաբար մտածել է, որ եթե նախկինում կատարածը բարեհաջող կերպով մարսել է, ուրեմն նույնն էլ կարող է հիմա կրկնել: