Երեկ միայն մենք չէինք, որ սպասում էինք Սոչիից բորտ-ուղեկցորդուհի Անաիդա Աբելյանի վերադարձին, այլեւ՝ նրա զինվորական որդին, որը հատուկ մորը տեսնելու նպատակով կարճատեւ արձակուրդով եկել էր Երեւան: Բայց, ավաղ, մայրն այդպես էլ չհասավ հայրենիք: Նա երեկ տեղի ունեցած դաժան ավիավթարի բազմաթիվ երիտասարդ զոհերից մեկը դարձավ:
Դեռ օրեր առաջ մեր աշխատակցուհու քույրը՝ բորտ-ուղեկցորդուհի Ա. Աբելյանը, մեզ ներկայացրեց այն պայմանները, որով աշխատում են «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները: Բավական ժամանակ է, ինչ ընկերության ղեկավարությունը ձգձգում էր նրանց աշխատավարձերը, իսկ չարագուշակ «Էյրբաս Ա-320» ինքնաթիռն անսարք վիճակում էր: Բորտ-ուղեկցորդուհին մեզ հետ հեռախոսազրույցում օրեր առաջ ասաց, որ տպավորություն կա, թե ավիաընկերությունը պատրաստվում է որոշ չվերթեր վաճառել, իսկ «Արմավիայի» ավիատոմսերի Հայաստանում ամենաբարձր գները գաղտնիք չեն ոչ մեկիս համար: Ավելին, որոշ դեպքերում թռիչքից մի քանի ժամ առաջ տոմսերը վաճառվում են «կատաղի» գներով: Ցավոք, այս առնչությամբ ավելի մանրամասն եւ կոնկրետ փաստեր այդպես էլ չհաջողվեց պարզել: Երեկ գրեթե բոլորիս ձեռքին էր օդանավի մեջ եղած մարդկանց անուն-ազգանունների ցուցակը, որը ներկայացված էր ավիաընկերության կողմից (թվով 105 հոգի): Սակայն օդանավի սպասարկող անձնակազմի անունները նշված չէին: Այնինչ այդ մարդիկ ամեն անգամ աշխատանքի գնալիս՝ այդ օդանավերը նստելիս, վախի ինչպիսի զգացումներ են ապրել, հիմա միայն իրենք գիտեն: Միայն ավիաընկերությունների սպասարկող անձնակազմերի ներկայացուցիչներին են հայտնի օդանավերի հետ կապված ամենօրյա խնդիրները, որոնց մասին նրանք լռել են, թեկուզեւ` ելնելով աշխատանքը կորցնելու վախից: Երբ այս հարցերի շուրջ մինչեւ ավիավթարը փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Արմավիայից», վերջինիս լրատվական ծառայությունից պահանջեցին աշխատողի հստակ բողոքները՝ փաստերով: Իսկ օդանավի անձնակազմը, որ կարող էր այդ փաստերը թվարկել, հավանաբար դեռ ծովի հատակին է…
Հայաստանյան պաշտոնական բոլոր հաղորդագրությունների համաձայն, ինքնաթիռը եղել է նորմալ տեխնիկական վիճակում, եւ ավիավթարի պատճառը վատ եղանակն է եղել: Ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են: Մի օր ամեն ինչ կբացահայտվի: Հարցն այն է՝ արդյո՞ք բուն մեղավորները կպատժվեն 113 մարդկանց ողբերգական մահվան համար:
Ռուսաստանի Դատախազությունը վթարի առնչությամբ արդեն քրեական գործ է հարուցել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Արմավիային» փոխանցվեցին «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերության բոլոր ավիափոխադրումները: Մինչեւ «Արմավիան» չդառնա շահութաբեր ընկերություն, այն չի վաճառվի. մոտ մեկ ամիս առաջ նման հայտարարություն արեց մոնոպոլիստ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Այո, չի վաճառվի, բայց չի էլ ծաղկի, եթե միայն օգուտների մասին մտածեն եւ անհրաժեշտ ներդրումներ չկատարեն: Երբ մեկին շատ լիազորություններ են տալիս, իսկ նա չարաշահում է դրանք, ոչ ինքն է շահում, ոչ էլ այն հասարակությունը, որի հաշվին գոյատեւում է: Այնուամենայնիվ, մի կարեւոր հարց մնում է անպատասխան՝ ո՞վ է որոշել, որ ինչ-որ ընկերություն կարող է «տիրել» մի ամբողջ երկրի քաղավիացիային, անել այն, ինչ ուզում է, եւ պատասխան չտալ ոչ մի քայլի համար:
Էստրադային մեծ համերգ, բարձրաստիճան հյուրեր, քահանաներ, տոնական տորթ մոմերով… Ահա այպես է «Արմավիան» դիմավորել իր օդանավերը: Դիմավորել է, սակայն չի խնամել: Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ, վթարված այս ինքնաթիռն ամիսներ առաջ խնդիրներ է ունեցել Փարիզում: Ավիաընկերությունը հայտարարել է, որ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, եւ թռիչքը հետաձգվում է մի քանի ժամով: Արդյունքում` ուղեւորներից շատերը տոմսերը հետ են վերադարձրել: Մեկ ուրիշ անգամ Ամստերդամում նույն ինքնաթիռը կրկին տեխնիկական խնդիր է ունեցել, եւ «Արմավիան» ուրիշ ինքնաթիռ է ուղարկել ուղեւորների համար, իսկ այս մեկը դատարկ է եկել Հայաստան: Ինքնաթիռը «Սիբիր» ավիաընկերությունից մնացած ժառանգություն է: Այս ինքնաթիռների մուտքը եվրոպական երկինք թույլատրված է մեկ պայմանով, որ ամիսը մեկ անգամ մեքենան անցնի լիակատար տեխնիկական զննություն: Իսկ նման զննություն արվում է միայն Եվրոպայում: Այսքանից հետո լիովին հասկանալի է, թե ինչու էր անձնակազմը շահագրգռված այս խնդրին շուտափույթ լուծում տալ: Այս ամենին «մատների արանքով չի նայի» նաեւ ֆրանսիական «Էյրբաս» ընկերությունը: Վերջինիս մասնագետներն օդանավի աղետի հետաքննության նպատակով ժամանել են Սոչի եւ ամեն ինչ կանեն` ապացուցելու համար, որ իրենց ֆիրմայի ինքնաթիռը համապատասխան ձեւով չի պահպանվել: Ի դեպ, երբ մեկ ամիս առաջ Եվրամիությունը հրապարակեց ավիաընկերությունների «սեւ» ցուցակն, «Արմավիան» դրանում ընդգրկված չէր, իսկ այս մեծ ավիավթարից հետո, այդ հարցը, հավանաբար, կբարձրացվի:
Երեկ առավոտյան «Արմավիան» հասավ ցինիզմի գագաթնակետին: Վթարից ընդամենը մի քանի ժամ անց, ժամը 11.17-ին Ռուսական առաջին հեռուստաալիքի եթերով երեւանցիներն ականատես եղան ընկերության հերթական գովազդին, որը կոչ է անում` «Հայաստանի ճախրող գույներով» թռչել իրենց օդանավերով…
Հ. Գ. «Նա անհամբերությամբ սպասում էր այսօրվա հանդիպմանը, որպեսզի պատմեր, թե ինչ վատ վիճակում է գտնվում այդ չարաբաստիկ ինքնաթիռը, եւ ինչ պայմաններում են իրենց աշխատեցնում»,- պատմում էր բորտ-ուղեկցորդուհի Ա. Աբելյանի քույրը: