Հայերի ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի խորհրդարանը հիմա ցեղասպանության հերքման համար պատիժ նախատեսող օրենք է մշակում: Դա դժգոհության փոթորիկ է առաջացրել Անկարայում: Երեկ, Սոֆիայում արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլի՝ ֆրանսիացի գործընկեր Ֆիլիպ Դուսթ-Բլազի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի ղեկավարությունը վերանայել է իր գործողությունները Փարիզի վերաբերմամբ եւ նախարար Գյուլի հավանությանն է ներկայացրել ծրագիր: Գործողությունների ծրագիրը, որը հետո պետք է հաստատվի վարչապետ Էրդողանի կողմից, միջոցներ է նախատեսում, որոնք կձեռնարկվեն մայիսի 18-ին՝ Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության օրը:
Ջանքերը շարունակվում են
Թուրքիան ակտիվացնում է ֆրանսիական խորհրդարանի կողմից օրենքի ընդունումը կանխարգելելուն ուղղված գործողությունները, որի համաձայն, հայերի ցեղասպանության փաստը հերքող անձանց սպառնում է 45 օրվա ազատազրկում եւ 5 հազար եվրոյի չափով տուգանք: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բուլենթ Արընչը ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Դեբրեին: Ուղերձում Թուրքիայի Մեջլիսի նախագահը Ֆրանսիայի խորհրդարանին խնդրում է «թույլ չտալ որոշման ընդունումը, որը կարող է վիրավորել թուրք ժողովրդի արժանապատվությունը»: Ֆրանսիայում իրենց գործընկերներին ուղերձ են հղել նաեւ Թուրքիայի արհմիությունների եւ առեւտրային տների ներկայացուցիչները:
Գործողությունների ծրագիրը կներկայացվի վարչապետին
Մայիսի 18-ին ֆրանսիական խորհրդարանի կողմից ցեղասպանության հերքման մասին օրենքի ընդունումը կանխարգելելուն ուղղված գործողությունների ծրագիրն ԱԳՆ-ի կողմից ներկայացվել է վարչապետ Էրդողանի հաստատմանը եւ ներառում է հետեւյալ քայլերը.
– Թուրքիայի խորհրդարանը պետք է ցեղասպանության մեղադրանքների դեմ ուղղված կոնկրետ որոշումներ ընդունի, կամ էլ վարչապետ Էրդողանը եւ ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայքալը պետք է ընդհանուր հայտարարություն անեն:
– ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պետք է ուղերձ հղի Ազգային ժողովում օրենքի նախագծի նախաձեռնողին՝ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությանը:
Կապերը կխզվեն
Եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի ցեղասպանության հերքման համար պատիժ նախատեսող օրենքը, Անկարայի եւ Փարիզի միջեւ հարաբերությունները կրկին կխզվեն: Եվրամիության հետ բանակցությունների պատճառով Անկարան չէր ցանկանա պղտորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, սակայն այդ երկրի հետ բախումից խուսափելը, որը մշտապես հանդես է գալիս Թուրքիայի դեմ Բրյուսելի մակարդակով, անհնար է: Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա, ինչպես 2001 թվականին, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Օսման Քորություրքը հետ կկանչվի: Հիշեցնենք, որ 2001 թվականին Թուրքիայի դեսպանը հետ կանչվեց 6 ամսով:
«Ենի շաֆակ» (Թուրքիա)