Էլեկտրաէներգիայի հարցը լուծվել է

07/05/2006

Արցախյան պատերազմից հետո, երբ Քաշաթաղի շրջանում սկսվեց վերաբնակեցման ծրագիրը, այստեղ բնակություն հաստատող մարդկանց համար որոշակի արտոնություններ էին սահմանված: Շրջանի բնակիչները մի քանի տարի ազատված էին նաեւ էլեկտրաէներգիայի վճարներից: Ժամկետի ավարտից հետո նրանք պետք է մուծեին այդ վճարները, սակայն չգիտես ինչու բնակիչները շարունակում էին չվճարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց:

Այս ամենի արդյունքում 2006թ. փետրվարին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում էլեկտրական հոսանքի մասսայական անջատումներ իրականացվեցին: Պատճառն այն էր, որ շրջանի 1885 բաժանորդներից միայն 167-ն էին բարեխղճորեն կատարում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց մուծումները:

Մասսայական անջատումները բողոքի ալիք բարձրացրին շրջանի որոշ բնակիչների շրջանում: Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի զարգացման նախարար Արմո Ծատուրյանը, բնակիչների բողոքներից ելնելով` «Արցախէներգո» ընկերությանը հանձնարարեցին միացնել այն բաժանորդների էլեկտրական հոսանքը, որոնք կատարել են մուծումները: Ի դեպ, նախարարի հավաստմամբ, օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարածների ցուցակում ընդգրկված էին նաեւ շրջանի մի շարք ղեկավար անձինք:

Այժմ հարցը լուծում է ստացել, եւ արդեն 1100 բաժանորդներ բարեխղճորեն կատարում են մուծումները: «Ճիշտ է, դեռեւս կան այնպիսի բաժանորդներ, ովքեր դեռ չեն մուծել վճարները, բայց դրանք մասսայական բնույթ չեն կրում: Նշված քաղաքացիների էլեկտրական հոսանքն առայժմ անջատված է եւ վճարները կատարելուց հետո միայն նրանք հնարավորություն կունենան օգտվել էլեկտրաէներգիայից»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նախարար Արմո Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանում շատ քիչ գյուղեր են ապահովված էլեկտրաէներգիայով: Ա. Ծատուրյանը հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաեւ նշված շրջանում: