Ապրիլի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններ են անցկացվել ԼՂՀ 12 համայնքներում` Ասկերանի շրջանի Լուսաձոր, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան, Նոր Մարաղա, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Քարահունջ, Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Քարին Տակ, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն, Ձորափ եւ Տանձուտ համայնքներում:
Քաղաքային համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել նաեւ Շուշի քաղաքում, որտեղ քաղաքապետի թեկնածուները երկուսն էին` նախկին քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը եւ Գագիկ Ավետիսյանը: Շուշիի 2181 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 1148 ընտրողներ, որոնցից նախկին քաղաքապետի օգտին են քվեարկել 887 հոգի: Այսպիսով, քաղաքապետ է ընտրվել Ֆելիքս Խաչատրյանը, որն, ի դեպ, անկուսակցական է:
Երկար ժամանակ է, ինչ խոսվում է Շուշիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին: Հարցի առնչությամբ ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարն ասաց, որ այդ ուղղությամբ որոշ քայլեր են ձեռնարկվում. «ԼՂՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված է հատուկ հանձնաժողով, որը մշակում է Շուշին կրթամշակութային կենտրոն դարձնելու նախագիծը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նախարարներ եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, որոնցից յուրաքանչյուրն իր մասով ծրագիր պետք է ներկայացնի հանձնաժողով, այդ թվում նաեւ` ազատ տնտեսական գոտու ծրագիրը: Մայիսյան տոներից հետո, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը կհրավիրի հերթական նիստը, որտեղ եւ կքննարկվեն ծրագրերը, որոնք ամփոփելուց հետո ընդհանուր ծրագիրը կներկայացվի կառավարության քննարկմանը»: