Մամուլի ազատության օրն այնուամենայնիվ նշվեց

07/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների միության, «Ինտերնյուսի» եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները Մամուլի ազատության համաշխարհային օրվան նախապատրաստվել էին տոնի ոգեւորությամբ, սակայն համատեղ ասուլիսը նրանք եւս սկսեցին դաժան ավիավթարի պատճառով զոհված մարդկանց հիշատակը հարգելով: «Մենք որոշել էինք լրագրողական հանրույթի հետ գեղեցիկ նշել անկախության տարիների ամենակարեւոր ձեռքբերման տոնը՝ խոսքի ազատության տոնը, բայց գիտակցաբար որոշեցինք ոչ մի հանդիսավոր արարողություն չանել, քանի որ ոչ ոք այդ տրամադրությունը չունի»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Վերջինիս տպավորությամբ` հայաստանյան լրագրողները, լրատվամիջոցները հասարակությանը տեղեկատվություն հասցնելու առումով մշտապես համախմբվում են եւ համերաշխ են: Համախմբվում են մասնավորապես այն դեպքերում, երբ ինչ-որ մի ուժ կամ կառույց փորձում է խոչընդոտել լրագրողին իր մասնագիտական պարտքը կատարելիս: Տիկին Գեւորգյանը տեղեկացրեց, որ այսուհետ յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին մրցանակ կշնորհվի մեկ ընտրյալ լրագրողի: Վերոնշյալ 4 կազմակերպությունների համատեղ որոշմամբ՝ այս տարի մրցանակին արժանացել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Պրն Աբրահամյանը մրցանակին արժանացել է իր «Հայաստան 2020» հոդվածաշարի համար, որը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ լրագրողի եւ քաղաքացու համարձակության, ազատ խոսելու արտահայտություն է: «Մենք այս մրցանակը կոչել ենք «Մամուլի ազատության ժամանակը» եւ որպես ժամանակի խորհրդանիշ նվիրում ենք ժամացույց»,- մրցանակը եւ դիպլոմը հանձնելով Ա. Աբրահամյանին` ասաց Բ. Նավասարդյանը: «Առավոտի» խմբագիրը սեփական փորձից ելնելով՝ հայտարարեց, որ լրագրությունը շատ ծանր, հոգեմաշ աշխատանք է: «Ողբերգական այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ հնարավոր չէ` լրագրողը եւ քաղաքացին իրարից բաժանվի եւ հոգու, սրտի միջով չանցկացնի այն ողբերգությունները, որոնք տեղի են ունենում եւ, որոնք նա պետք է լուսաբանի: Ես բարձր եմ գնահատում մեր լրատվամիջոցներին, որոնք ոչ հեշտ պայմաններում շարունակում են կատարել իրենց պարտքը»,- ասաց Ա. Աբրահամյանը: Ի դեպ, լրագրող Ավետ Դեմուրյանը, վաղ առավոտից լինելով օդանավակայանում, նկատել էր, թե ինչպես է լրագրողներից մեկը մի պաշտոնյայի «պատին դեմ տվել» եւ փորձել ամեն գնով տեղեկատվություն ստանալ: «Պաշտոնատար անձը խուսափում էր ինֆորմացիա տալ, բայց լրագրողը ձայնագրիչը ձեռքին պնդում էր, թե` իրավունք չունես ինֆորմացիա չտալ: Լրագրողը փորձում էր մի պաշտոնատար անձի ինքնաթիռի մեջ լինելու ինֆորմացիան ճշտել, որի պատասխանը երկարատեւ պնդումներից հետո ի վերջո ստացավ: Այդպիսի դեպքի մի 2-3 տարի առաջ դժվար թե հանդիպեիր: Պետք է նշեմ, որ «Արմավիայի» պաշտոնյաները լրագրողների հետ բավականին բաց էին աշխատում»,- նշեց Ա. Դեմուրյանը: Այդուհանդերձ, բանախոսները խոսքի ազատության երաշխիքները եւ ուժեղ, ազատ ԶԼՄ-ների առկայության կարեւոր գործոններից են համարում ԶԼՄ-ների բնագավառի օրենսդրության բարեփոխումը, ինչի անհրաժեշտությունը բխում է ՀՀ փոփոխված Սահմանադրությունից: Իսկ կոռուպցիայի, քաղաքացիների իրավունքների խախտումների դեմ պայքարում մամուլի դերի բարձրացումը ենթադրում է լրագրողների իրավական պաշտպանվածության ուժեղացում: