«Անվճար է պետության, այլ ոչ թե բուժաշխատողների հաշվին»

07/05/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2006թ. պետբյուջեով առողջապահության ոլորտին տրամադրված գումարը կազմում է 39,1 միլիարդ դրամ, որը 7 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա ֆինանսավորումը: Ընդ որում, այդ գումարի 14 միլիարդ 300 միլիոնը (մոտ 35%) ուղղված է ամբուլատոր պոլիկլինիկաներին:

Առողջապահության նախարարը հույս էր հայտնել, որ ոլորտին ուղղված սոցիալական հատկացումները կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, եւ այդ պայքարի ձեւերից մեկն էլ աշխատավարձերի բարձրացումն էր: Առաջին բուժօգնության օղակի բուժանձնակազմի աշխատավարձերն արդեն իսկ ավելացել են 50-100 %-ով եւ, ինչպես հավաստիացնում է Երեւանի քաղաքապետարանի Առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը, տենդենց կա՝ եկող տարվանից դրանք ավելի բարձրացնել, ինչը հիմք է տալիս բուժաշխատողների նկատմամբ իրենց կողմից պահանջկոտության մեծացման համար:

Տարեվերջին հրավիրված մամլո ասուլիսում, երբ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանն ավետում էր, որ այս տարվա հունվարի 1-ից, անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից, առաջնային օղակում բնակչության բոլոր խավերի համար բուժսպասարկումը լինելու է անվճար, ընդգծեց` «անվճար է պետության, այլ ոչ թե բուժաշխատողների հաշվին»: Դատելով որոշ բուժաշխատողների ազգաբնակչությանն անվճար մատուցած ծառայությունների անթաքույց «քիթումուննաթ» աշխատելաոճից, կարելի է ենթադրել, որ վերջիններս դժգոհ են ոչ միայն պետական վարձատրման բարձրացման չափից, այլեւ պետպատվերի մեծ ընդգրկվածությունից:

Ելնելով ազգաբնակչության սոցիալական, առողջական եւ ժողովրդագրական որոշ պաշտոնական ցուցանիշներից (օրինակ` ունենք 129.000 նպաստառու ընտանիք, 524.000 կենսաթոշակառու, ծերացող բնակչություն եւ տարեցտարի ավելացող հիվանդությունների աճ), դժվար չէր կանխատեսել, որ անվճար բուժօգնության լուրը գայթակղիչ էր լինելու շատերի համար, այդ են վկայում պոլիկլինիկաներում այցելությունների մեծ հաճախականությունը եւ միջանցքներում գոյացող հերթերը: Ինչպես նշում է Ա. Սողոյանը` ԱՆ համատեղ ստեղծված հանձնաժողովների ամենամյա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով սպասարկվողների թիվը մեծանում է, եւ յուրաքանչյուր ամիս 40-50% աճ է նկատվում նախորդ ամսվա նկատմամբ: Մարդկային մեծ հոսքերի առնչությամբ մայրաքաղաքի N19 տարածքային պոլիկլինիկայի վիրաբույժներից մեկն ակնարկել էր, թե՝ «արդեն գերդաստաններով են գալիս»:

Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ լրագրողները միայն վատը տեսնելու եւ ֆիքսելու հատկություն ունեն, մինչդեռ իրենց մոնիտորինգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչությունը մեծ գոհունակությամբ է օգտվում այս ծառայություններից: Վարչության պետը նշում էր նաեւ, որ վերոնշյալ պետական ծրագրի խախտումների վերաբերյալ իրենց հստակ եւ ստուգված փաստեր են անհրաժեշտ: Իսկ փաստերը քիչ չեն: Օրինակ, եթե ձեր տեղամասային թերապեւտը ձեզ անհապաղ ուլտրաձայնային հետազոտության ուղեգիր է տվել, ապա հետազոտության արդյունքում կարող եք պարզել, որ դուք հիանալի առողջություն ունեք, չնայած ձեր այն հակառակ պնդումներին, թե` գանգատներ ունեք: N3 քաղաքային հիվանդանոցում կրկնակի եւ վճարովի սոնոգրաֆիայի արդյունքում N6 տեղամասային պոլիկլինիկայի քաղաքացին (որը հասկանալի պատճառներով խուսափեց նշել իր անունը) պարզել էր, որ իր տեղամասային բժշկի «էխո»-ի տվյալները հավաստի չեն, քանի որ նրա մոտ միաժամանակ հայտնաբերվել էին տարբեր հիվանդություններ, բարեբախտաբար` կյանքի համար ոչ վտանգավոր: Մեր այն հարցին, թե ինչու են կասկածի տակ դրվել ձրի (պետության կողմից երաշխավորված) հետազոտության արդյունքները, պատասխանեց, որ գործում փորձվածները կողքից խորհուրդ են տվել` «մի 2000 դրամ տայիր, նորմալ կնայեր»: Իհարկե, նա գերադասել էր վճարել իր ծանոթ բժշկին` համոզված լինելով նրա մասնագիտական հմտությունների մեջ: Նույն ճակատագրին էր արժանացել նաեւ N19 տեղամասային պոլիկլինիկայում անվճար գինեկոլոգիական զննում անցած մի երիտասարդ կին, որն այլեւս թերահավատորեն է վերաբերվում անվճար մատուցված ընթացիկ ծառայությունների որակին: Ըստ մասնագետների` ուլտրաձայնային հետազոտությամբ սխալ ախտորոշումը կարող է հետեւանք լինել կամ սարքավորման մաշվածության (այս դեպքում ի՞նչ իմաստ ունի դրանց գործարկումը), կամ մասնագետի որակավորման անհամապատասխանության, կամ էլ վերջինիս կողմից դիտավորյալ թերացման: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահական եւ սոցիալական ապահովության վարչության պետի` մայրաքաղաքի պոլիկլինիկաներում առկա տեխնիկական սարքավորումներն այդքան էլ լավ վիճակում չեն, մանավանդ որ, վերջին շրջանում մեծացել է դրանց ծանրաբեռնվածությունը: Նրա հավաստմամբ, մոտ ժամանակներս կենտրոնացված գնումների միջոցով որոշ պոլիկլինիկաներ կհամալրվեն անհրաժեշտ սարքավորումներով: Նա նշեց նաեւ, որ տեղամասային բուժհաստատություններում լաբորատոր հետազոտությունների համար միշտ առկա են անհրաժեշտ պարագաներ: N6 պոլիկլինիկայի մանկական բաժանմունք դիմած Արաքսյա Հարությունյանն իր 2 տարեկան դստեր հետ 3 ժամ սպասելուց հետո լաբորատորիայի աշխատակիցների կողմից տեղեկացվել է, որ արյան հետազոտության համար անհրաժեշտ սրվակ եւ ծայրադիր չունեն, եւ վերջինիս հանձնարարվել է ինչ-որ տեղից հայթայթել դրանք: Պոլիկլինիկայի մերձակա տարածքի դեղատներից Ա.Հարությունյանին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել բժշկական անհրաժեշտ պարագաները եւ նա հուսակորույս վերադարձել է տուն` այլեւս տվյալ պոլիկլինիկայի անվճար բուժօգնությունից չօգտվելու վճռով: Նրա խոսքերով` բուժաշխատողների ոչ բարեկիրթ սպասարկումը վճարելու անուղղակի պարտադրանք է թելադրում: Սրանք ընդամենը մեզ հայտնի փաստերն էին:

Մեր զրուցակիցների շրջանում արմատավորված էր այն կարծիքը, թե մամուլի հրապարակումներն ու 4-րդ իշխանության միջամտություններն այս հասարակարգում ոչինչ փոխել չեն կարող, քանի որ ամեն ինչ «վերեւից» է ուղղորդվում: Մյուս կողմից` նրանք մտավախություն ունեին, որ հոդվածի հրապարակման արդյունքում կարող է տուժել (դառնալ քավության նոխազ) շարքային մի քաղաքացի` զրկվելով հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից: Մինչդեռ անպատժելիության մթնոլորտը կարող է գայթակղիչ եւ խրախուսելի լինել յուրայինների համար, իսկ բժիշկները պատասխանատու են իրենց դիմող քաղաքացիների առողջության եւ կյանքի համար, եւ ցանկացած վրիպում եւ հանցավոր գործելաոճ կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուրի համար:

Աղքատության դեմ պայքարի ռազմավարական ուղին բռնած կառավարության միջանկյալ ծրագրերն ազգաբնակչության համար դեռեւս շոշափելի դրական կեցության չեն հանգում. դրանք ընդամենը տեղային, ժամանակավոր նշանակության բարեփոխումներ են: Արժանավայել ապրելու մոլուցքով տարված մեր հնարամիտ քաղաքացիները հավելյալ գումար աշխատելու համար պատրաստ են շրջանցել կառավարական որոշումներն ու կարգերը` նորանոր մարտավարական մեթոդներով, որը հերթական անգամ ապացուցում է պետական վերահսկողական ենթակառուցվածքների անարդյունավետությունը:

Հ.Գ. Երբ հոդվածը հասցվում էր ավարտին, հետաքրքիր զուգադիպությամբ` Հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Առողջություն» հաղորդաշարի ընթացքում քննարկվում էր պետության կողմից երաշխավորված ամբուլատոր բուժհաստատությունների անվճար ծառայությունների թեման: Պետական մարմինների կողմից վերահսկվող հանձնաժողովների հետ պոլիկլինիկաներում հաղորդաշարի ստեղծագործական խմբի կողմից կատարված նկարահանումներից ակնհայտ էր դառնում, որ ողջ բնակչությունը իր մեծ գոհունակությունն է արտահայտում բուժսպասարկման որակի վերաբերյալ, հաղորդավարուհին նույնիսկ նշում էր, որ նկարահանումների ընթացքում ուղղակի գոհունակության եւ շնորհակալության հեղեղի են հանդիպել:

Զարմանալի էր, որ միայն գոհ քաղաքացիներն էին հայտնվել կադրում: