«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը նախօրեին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է շրջանցել ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որպեսզի Իրանին ստիպի հրաժարվել միջուկային ծրագրից: «Ես միանգամայն վստահ եմ, որ մեր ճամպրուկում նախապատրաստված են դիվանագիտական բազմաթիվ միջոցներ Անվտանգության խորհրդի համար: Բայց ես նաեւ գիտեմ, որ մեր դիրքորոշմանը համամիտ պետությունները կարող են եւ կցանկանան ձեռնարկել լրացուցիչ քայլեր, եթե ԱԽ-ն չգործի բավականաչափ արագ»,- ասել է Ռայսը: Վերջինս նաեւ ասել է, թե Իրանը խաբում է միջազգային հանրությանը եւ չի կատարում նրա պահանջները` դրա համար ունենալով բավական ժամանակ: Կոնդոլիզա Ռայսը նաեւ հույս է հայտնել, որ Իրանը չի ցանկանա հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հնարավոր պատժամիջոցները չեն վերաբերի նավթին ու գազին, «քանի որ կան այլ տարբերակներ»: