Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստվիր պատերազմի

07/05/2006

Փորձագետների հաշվարկներով` 2005թ. ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ՀՆԱ-ն աճել է 6%-ով, իսկ ռազմական ծախսերը` մի քանի անգամ ավելի շատ՝ 21%, եւ կազմել են մոտ 28,2 մլրդ դոլար։ Ռազմական ծախսերի աճի տեմպը ավելի քան 3 անգամ գերազանցում է ՀՆԱ-ի աճի տեմպերին։ Ենթադրվում է, որ այս միտումը շարունակվելու է նաեւ 2006թ. ընթացքում։ Նախնական հաշվարկներով, ԱՊՀ երկրների ռազմական ծախսերն այս տարվա ընթացքում կաճեն մոտ մեկ երրորդով։ Դա բացատրվում է նրանով, որ ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբների կարծիքով` ռազմական սպառնալիքները գնալով մեծանում են։ Վրաստանի պաշտպանության բյուջեն ՀՆԱ-ի 1,2%-ից (77.6 մլն դոլար) աճել է մոտ 3 անգամ՝ դառնալով 3,5% (243.9 մլն)։ Այս ցուցանիշով Վրաստանն ԱՊՀ երկրների մեջ գրավում է առաջին տեղը։ Սա բացատրվում է նրանով, որ այս երկիրը ցանկանում է ուժային ճանապարհով արագ եւ վերջնականապես լուծել վրաց-օսեթական ու վրաց-աբխազական հակամարտությունները։ Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի համար ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ։ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է գրեթե երկու անգամ՝ 313 մլն դոլարից հասնելով 600 միլիոնի։ Հայաստանի պարագայում նույնպես արձանագրվել է հետխորհրդային պատմության ընթացքում աննախադեպ ցուցանիշ։ Պաշտպանության կարիքներին 2006թ. բյուջեով ուղղվելու է ՀՆԱ-ի մոտ 3%-ը, որը կազմում է 150 մլն դոլար։