Կոմունիստներն՝ ընդդեմ ԱՄՆ-ի

07/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Փողային նվագախմբի ուղեկցությամբ` կարմիր դրոշներով, փուչիկներով եւ պրոլետարիատի մեծ առաջնորդ Վլադիմիր Իլյիչի նկարները ձեռքներին` Կոմկուսի ներկայացուցիչներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից հանդիսավոր շքերթով շարժվեցին դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, ուր տեղի ունեցավ մայիսմեկյան հանրահավաքը:

Իսկ հանրահավաքում թեւածող միակ միտքը «Կորչի Ամերիկան, Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսն էր: Օրեր առաջ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, երեկ էլ՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը ելույթներ էին ունենում անմնացորդ կերպով Ռուսաստանին տրվելու մասին: Եվ սա` այն դեպքում, երբ բոլորովին վերջերս այդ երկրում ակտիվացել են հայերի նկատմամբ ռուս սափրագլուխների հարձակումները: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ սպանվեց 17-ամյա հայ պատանի Վիգեն Աբրահամյանցը: Ընկեր Թովմասյանի մեկնաբանմամբ, 17-ամյա երիտասարդի սպանությունն առանձին դեպք է. «Եվ դա չպետք է ընդունել որպես ռուս ժողովրդի քաղաքականության արդյունք: Ռուս, ազատատենչ, հիանալի շրջապատով, միջավայրով ժողովուրդը պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի լավագույն զավակների համար: Այնտեղ մեծացան Օրբելի եղբայրները, Միկոյան եղբայրները, Վիկտոր Համբարձումյանը»,- ռուսական նացիոնալիզմն այսպես փորձեց արդարացնել ընկեր Թովմասյանը` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, իրենք ռուս կոմունիստների հետ մեկտեղ դատապարտել են այդ «վայրագ վերաբերմունքը»:

Փոխարենը, Ռ. Թովմասյանն առանձնահատուկ ջանասիրությամբ անարգանքի սյունին գամեց Ամերիկայի Միացյալ Նահանգները. «ԱՄՆ-ը չի բավարարվում եւ չի բավարարվելու այն գիշատիչ քաղաքականությամբ, որ այսօր տանում է` օգտվելով այն առիթից, որ այսօր չկա Սովետական Միությունը, որի ղեկավարը կարող էր մի հայացքով ամբողջ երկիրն իր տեղը նստեցնել: ՆԱՏՕ-ի միջոցով նա շրջապատում է Ռուսաստանը, իսկ դա մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար»,- ԱՄՆ-ի վրա մատ թափ տվեց Կոմկուսի առաջնորդը եւ իր աջակցությունը հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք «տառապում են գիշատիչ ԱՄՆ-ի լծի տակ»: «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Կուբայի ժողովրդին, որը 40 տարի է` շրջափակված է ԱՄՆ-ի կողմից: Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի ժողովրդին, որը դեմոկրատական հիմունքներով 83 տոկոս իր ձայնը տվեց իր արժանավոր նախագահին` Լուկաշենկոյին, մեր համերաշխությունն ենք հասցնում Իտալիայում նոր ընտրված պառլամենտի կոմունիստ ղեկավարին, Հնդկաստանի կոմունիստներին»: Ըստ Ռուբեն Թովմասյանի, այսօր Հայաստանում բարձրանում է հակակոմունիստական հիստերիա, որի ղեկավարողը ԱՄՆ-ն է: «Նա դեռ պատասխան պիտի տա հնդկացիների գանգամաշկը հանելու, Նագասակիի եւ Հերոսիմայի վրա մարդկային բնաջնջման զենքը փորձարկելու, Կուբան 40 տարի շրջափակելու, Վիետնամի եւ Կորեայի խայտառակ պատերազմների համար, Իրաքի այս վայրագ երեւույթների համար: Եվ մենք թույլ չենք տալու. նա այսօր ձեռք է բարձրացնում Սիրիայի, մեր հարեւան բարի կամեցող ժողովրդի` Իրանի նկատմամբ: Ո՞վ է նրան իրավունք տվել 1000-ավոր կիլոմետրեր հեռու` ղեկավարել այս կամ այն երկրի ղեկավար կազմը»,- զայրացել էր ընկեր Թովմասյանը: Եվ այդքանից հետո Հայկոմկուսի առաջնորդը ժողովրդին ցույց տվեց «երկրի զարգացման միակ ճիշտ ուղին»: «Ես ասել եմ, ասում եմ ու կրկնելու եմ` մինչեւ կյանքի վերջը` Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվ չարժե որեւիցե միջադեպ Ամերիկայի թելադրանքով սպեկուլյացիայի ենթարկի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը, սեպ խրի նրանց հարաբերությունների մեջ: Այնպես որ` Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ եւ միայն ու միայն Ռուսաստանի հետ»,- մեծ ոգեշնչումով հայտարարեց ընկեր Թովմասյանը: Կոմկուսի առաջնորդի ելույթը պարբերաբար ընդմիջվում էր հարթակում պիոների վզկապով կանգնած դպրոցահասակ երեխաների «Ուռա՜, ուռա՜» բացականչություններով: Ի դեպ, հանրահավաքի մասնակիցների թիվը թեեւ չէր անցնում 700-ից, սակայն, ինչպես ասաց Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, մայիսմեկյան շքերթին մասնակցում էր ավելի քան 15 հազար մարդ: Ընդ որում, Երեւան էին ժամանել հանրապետության բոլոր մարզերից:

ՀԿԿ-ն կես ժամում վերցրել էր իշխանությունը

Երեկ ընկեր Թովմասյանին հարցրինք` մի՞թե իրենց չի գոհացնում Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանը ՌԴ-ի ծայրամասը դարձնելու քայլերը: «Ես չեմ զգում, որ նա դեպի Ռուսաստան է գնում: Քոչարյանը նույն ձեւով գնում է նաեւ Ամերիկա: Իսկ ես այդ տարբերությունը կզգայի այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարգեր Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելու համար կոմունիստների հավաքած 1 մլն 200 հազար ստորագրությունը: Այդպիսի ինքնամեկուսացումով բան դուրս չի գա,- ասաց ընկեր Թովմասյանը` ավելացնելով,- բացի ՀԿԿ-ից, ո՞վ ունի հաստատակամ քաղաքականություն դեպի Ռուսաստանը, որեւէ մեկն այդ բարեկամության մասին արտահայտվելու իրավունք չունի»: Իսկ հնարավո՞ր է` առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանեն «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի թեկնածությունը, քանի որ վերջերս ՆԺ ղեկավարը հանդես էր եկել ՀՀ-ի` ՌԴ-ի հետ կոնֆեդերացիա կազմելու առաջարկով: «Դա երբեք լինել չի կարող: Եթե այդպես է ասում, ապա դա չեղավ, որ նա ՌԴ-ի կողմն է: Եթե վերլուծենք այն մարդկանց ելույթները, որոնք արեւի ժամանակ մի բան են խոսում, անձրեւի ժամանակ` մեկ ուրիշ, իսկ միջանցիկ քամիների ժամանակ բոլորովին ուրիշ բան են ասում, ապա ՀԿԿ-ն այդպիսի կարծիքներով ղեկավարվել չի կարող, եւ որեւիցե մեկը հույս չունենա, թե Կոմկուսի անունից կառաջնորդվի մեկը, որը կոմունիստ չէ: ՀԿԿ-ն կառաջադրի կոմունիստ եւ կպաշտպանի նրան մինչեւ վերջ»,- վստահեցրեց նա: Ավելին, կոմունիստներն այսօր վստահ են, որ 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ իրենք հատելու են 7 տոկոսի սահմանը եւ ներկայացված են լինելու խորհրդարանում: