Բանտարկյալներն անհետացել են

07/05/2006

Մեծ Բրիտանիայում անհայտ կորել են 1023 արտասահմանցի բանտարկյալներ: Սակայն բանտերից զանգվածային փախուստ չի եղել. բոլոր «կորածները» բանտարկության ժամկետը լրանալուց հետո առանց արգելքի ազատ են արձակվել: Հենց այս փաստն էլ մեծ աղմուկ է բարձրացրել: Չէ՞ որ Մեծ Բրիտանիան ազատազրկման ժամկետը լրանալուց հետո նախկին հանցագործներին մտադիր չէր իր երկրում պահել: Ոչ ոք չի կարող նորմալ բացատրություն տալ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Պարզվում է՝ արդեն 7 տարի է, ինչ Բրիտանիայից «կորում» են ազատված արտասահմանցի բանտարկյալները, եւ միայն հիմա է դա հայտնաբերվում:

Բրիտանական Ներքին գործերի նախարարը նույնպես չգիտի հանցագործների նոր հասցեները: Նրանցից 107-ին արդեն գտել են: Այսօր երկրի բանտերում ռեկորդային թվով (10000) արտասահմանցի հանցագործներ կան: Իսկ անգլիացիները դժգոհ են ՆԳՆ-ի աշխատանքից՝ պատճառաբանելով, որ վերջինիս անտարբերությունը վտանգում է երկրի քաղաքացիների ապահովությունը: