Ազատ չենք

07/05/2006

«Պաշտոնապես Հայաստանում գրաքննություն չկա, սակայն նախագահի աշխատակազմն իր քաղաքականությունն է թելադրում, հատկապես հանրային հեռուստատեսությանը»,- հայաստանյան լրատվամիջոցների ազատությունն իր զեկույցում այսպես է գնահատում միջազգային հեղինակավոր Freedom House-ը: Ըստ այդ կազմակերպության վերլուծաբանների` «Չնայած լրատվամիջոցների բազմազանությանը` մի քանի խոշոր լրատվամիջոցներ գտնվում են իշխանությունների ազդեցության տակ, եւ հանրային հեռարձակումները անկախ չեն»: Freedom House-ն արձանագրում է, որ անցած տարի մամուլի ազատության բնագավառում Հայաստանն առաջընթաց չի գրանցել: «Ընդդիմադիր հայացքներ արտահայտողներին հաճախ ահաբեկում են, ենթարկում են բռնությունների ու հալածանքների»,- շարունակում են զեկույցի հեղինակները: «Ճիշտ է, լրագրողի վրա հարձակում գործելու համար 2004թ. ինչ-որ մեկը 6 ամսվա ազատազրկման դատապարտվեց, սակայն մինչեւ վերջ չկրեց իր պատիժն ու տարեվերջին ազատ արձակվեց»: Կազմակերպությունը մատնանշում է նաեւ տպագիր մամուլի կախվածությունը քաղաքական ու գործարար խմբավորումներից: «Թերթերը տպագրվում են փոքր տպաքանակներով եւ կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքում, այդ պատճառով էլ հեռուստատեսությունն ամենատարածվածն է: Այստեղ էլ, սակայն, գործում են տնտեսական լծակները. իշխանություններն ակնհայտ քաղաքական ճնշման չեն ենթարկում հեռուստաընկերություններին, սակայն գովազդատուներին ուղղորդելու միջոցով, այդուամենայնիվ, ազդում են հեռարձակման վրա»,- ասված է զեկույցում: Իսկ վերջում Freedom House-ն արձանագրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Ազատություն» ռ/կ հեռարձակումները մի քանի օրով խափանվեցին. ինչպես նաեւ 2004թ., պաշտոնական մեկնաբանությունը նույնն էր՝ տեխնիկական պատճառներով»: Ընդհանուր առմամբ, սրանք են այն հիմնական բացթողումները, որոնց արդյունքում այս էլ 4 տարի անընդմեջ Հայաստանը բնորոշվում է որպես մի երկիր, որտեղ մամուլն ազատ չէ: Նշենք, որ 2002թ. զեկույցում Հայաստանը դասվում էր մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Freedom House-ն ուսումնասիրություններ է կատարել աշխարհի 194 երկրներում: Զեկույցի առաջին 73 երկրներում մամուլը գնահատվել է «ազատ», հաջորդ 54-ում` «մասնակի ազատ», իսկ մնացած 67-ում` «ոչ ազատ»: Հայաստանում մամուլը գնահատվել է «ոչ ազատ»: Ըստ զեկույցի, խոսքի ազատության տեսանկյունից ԱՄՆ-ը եւ Էստոնիան աշխարհում բաժանում են 17-րդ տեղը, Ուկրաինան` 113-րդը, Վրաստանը` 118-րդը, իսկ Ռուսաստանը Բահրեյնի եւ Վենեսուելայի հետ 158-րդ տեղում է: Խոսքի ազատության տեսանկյունից Ադրբեջանը 194 երկրների մեջ 161-րդն է, իսկ Հայաստանը Ղրղըզստանի հետ 137-րդը: