Երկաթե դուռը ներսից կողպված է, ու իմ դմբդմբոցից դռան հետեւում կանգնած շվարած կինն աչքերին չի հավատում, որ ինչ-որ մեկն իրենց տեղն իմացել ու հյուրընկալել է: Դուռը բացելուն պես աչքիս առաջ խավարում է, անգամ դրսի ցերեկային լույսը չի լուսավորում շինության ներսը: Հրավիրում է ներս, որտեղ մտնելուն պես քեզ զգում ես հոլիվուդյան սարսափ ֆիլմի հերոսներից մեկի դերում: Մոմ է վառում, որ մի քիչ վարժվեմ իրենց մթությանը: Մտնում ենք սենյակ, որտեղ բացի կնոջից երկու երեխա կա ու մի կնճռոտ տատիկ, ում կնճիռները մթության ստվերում սարսափելի տեսարան են պատկերում: Շենքում էլեկտրականություն չկա, անլույս են ապրում ու բոլոր տեղերում հալված մոմեր են երեւում: Սոֆիկ տատիկը չգիտի, թե իրենց հյուրն ինչ նպատակով է եկել, բայց սկսում է ապուպապերի արեւով երդվելով` հավատացնել, որ իրենք հացի փշուր անգամ չունեն: «Դու մի հատ մեր ծակը-ծուկը նայի ու համոզվի, եթե մի հատ փշուր գտնես` թքի էս քավթառ երեսիս ու ասա` ամոթ քեզ: Սոված ենք, մեռնում ենք սովից, բալես, մեռնում ենք: Մեռած հարազատներիս արեւով եմ երդվում, որ սովից մեռնում ենք»:
Սոֆիկ տատիկը սովածությունից անգամ տարիքը չի կարողանում հիշել, բայց վստահեցնում է, որ ոչ բարով 80-ն անց է: Երկրաշարժի ժամանակ Սոֆիկի գերդաստանն ու բոլոր հարազատները մնացել են փլատակների տակ, իսկ 6 երեխաներից ողջ է մնացել միայն 41-ամյա Սիլվան, ում հետ ներկայումս ապրում է փլված շինության մեջ: Հարազատներից եղբայրն արհավիրքի ժամանակ ոտքերը կորցրել, դարձել է հաշմանդամ: Այն ժամանակ ամերիկացիները նրան բուժելու համար մեծ գումար են պահանջել: Սոֆիկ տատիկը Սիլվայից գաղտնի վաճառել է Երեւանում գտնվող իր բնակարանը ու այդ գումարով եղբորն ուղարկել է ԱՄՆ: «Էլ աչքիս բան չերեւաց, ծախեցի, որ ախպորս փրկեմ, հիմա վիճում ենք, շատ ենք վիճում դրա համար»: Որոշ ժամանակ անց եղբայրը մահացել է, իսկ Սոֆիկը մնացել է փողոցներում: Սոֆիկ տատի խոստովանությունը, թե աղջկանից գաղտնի է վաճառել բնակարանը, վիճաբանության առիթ է դառնում, եւ մայր ու աղջիկ, հավանաբար դեռ վաղուցվա իրենց հակասությունների պատճառով, սկսում են իրար կշտամբել: Սիլվան ատելությամբ նայում է մորը ու ուզում է ապացուցել, որ Սոֆիկը վատ մայր է, վաճառել է բնակարանը, դրա համար էլ այսօր ինքն ու իր երեխաները փողոցում են հայտնվել: Մայրն էլ` զգալով իր անզորությունը, լաց է լինում ու ասում է. «Ի՞նչ անեի, ախպերս էր, հարազատներից մենակ ես էի մնացել: Որ չմեռներ` մեզ հիմա տիրություն կաներ, բայց…»: Լացելով հազիվ բառեր է արտաբերում, որոնք անհասկանալի են, բայց զգացվում է, որ աղջկան են վերաբերում: «Ես որ չլինեմ` դու ո՞նց ես երեխեքիդ պահելու: Աղջիկս ա, բայց մի կտոր հաց ա տալիս, քթերիցս բերում ա, հարամ ա անում»: Սոֆիկ տատն է երեխաների համար ուտելու բան ճարում: Ասում է, թեեւ ինքն այլեւս բանի պիտանի չէ, կենդանի մեռել է, բայց օրվա վերջում գնում է շուկա ու վաճառականների թափած կարտոֆիլը, կարկանդակը, անպետք կանաչին, նրանց մնացորդները հավաքում է, որ մի բան ուտեն: «Ձմեռը ցրտին փողոցում էինք մնացել, էս շենքի պահակը տեսավ, որ դողդողալով կանգնել եմ ձյան տակ, մեռնում էի, էլ ոչ մի բան չէի զգում: Բերեց էս շենք ու թողեց, որ մնանք: Վերմակ, դոշակ տվեց, ասեց՝ կքնեք ստեղ»:
«Կռիսն ընկել էր գլխիս»
Սիլվան 2 տղա ունի՝ Հովհաննեսն ու Յուրին, ովքեր սննդի պակասից առողջական խնդիրներ ունեն: Ամուսնու մասին չի ցանկանում խոսել: 8 տարեկան Յուրիկն այնքան տկար է, որ 3 տարեկան երեխայի տպավորություն է թողնում: Չի կարողանում խոսել, երեխայի մոտ նոպաներ են սկսվել: Մայրը պատմում է, որ նա սկսում է ջերմել, մարմինը փայտանում, լեզուն կուլ է գնում, ու այնպես է ցնցվում, որ չեն կարողանում ուշքի բերել: Կապուտաչյա տղային գրկելով, մայրն ասում է. «Ասա` մեզ կօգնե՞ս, ասա` ինձ կբուժե՞ս, ինձ ուտելու բան կտա՞ս»: Տղան նայում է մորը, սկսում է ձայներ արձակել, մոր պահանջն ուզում է կատարել, սակայն չի կարողանում բառեր արտաբերել: Իր անկարողությունից լաց լինելով գնում է պատուհանի մոտ ու սկսում է դուրս նայել, որտեղ լույս կա ու երեխաներ են խաղում: Մայրը փորձում է կրկին նրան գրկել, սակայն նա պոկ չի գալիս պատուհանից, երեւի լույսը նրան դուր է գալիս: Հարցնում եմ, թե ինչո՞ւ երեխային դուրս չի հանում, նա անընդհատ կարոտով դուրս է նայում: «Չեմ կարա թողեմ, կգնա-ավտոյի տակ կընկնի: Ինքը մի քիչ լավ չի հասկանում, մտավոր թերի ա, չեմ կարա ինքնուրույն թողեմ, ամբողջ օրը տանն ա»: Նրանց «տանը» երբեք լույս չի եղել, որովհետեւ տրամվայի եւ տրոլեյբուսի գործածությունը դադարեցնելուց հետո շինության ներսում ամեն ինչ ոչնչացրել են: Երեխաները ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն: Յուրիկի եղբոր տեսողությունը մթությունից վատացել է, սակայն մայրը չի կարողանում բժշկի տանել: Ասում է, որ 12 տարեկան Հովիկին ծաղրում են, որովհետեւ 4-րդ դասարան է, բայց կառուցվածքով փոքր երեխայի նման է, թերսնուցումից չի աճում: Հովիկը կաշկանդվելով ձգվում է, որ բոյով երեւա, ու չարացած աչքերով մորն է նայում` թաքուն կշտամբելով նրան: Սոֆիկ տատը վախենում է զուգարան գնալ, որովհետեւ առնետները պաշարել են շինության տարածքը: Սիլվան պատմում է. «Մի օր գնացի զուգարան, նստած էի, մեկ էլ տեսնեմ գլխիս մի բան թխկաց: Ձեռքով արեցի ընկավ, տեսնեմ ի՞նչ` գլխիս վրա կռիս ա նստած: Լեղապատառ փախա, վախից խելագարվում էի, ոնց որ շոկի մեջ լինեի: Լույս էլ չկա, սաղ իրանց տնօրինության տակ ա»: Առնետների բազմությունից այնքան են սարսափում, որ անգամ հացի փող չունենալու պարագայում, սոված մնալով մոմ են գնում, որ գիշերը մի քիչ լույս լինի: «Մոմերը վառում ենք գլխներիս վերեւում, որ մոտ չգան, երեխեքին գրկում ենք ու էն մեռելների պես գիշերն անցկացնում ենք: Գիշերը որ մեզ տեսնես, հեռու տնից-տեղից, ոնց որ հանգուցյալների գլխավերեւում մոմ վառած լինեն: Ուրիշ ճար չկա, թե չէ վրներովս քթքթալով ման են գալիս»: Շուկայի առեւտրականների թափած մթերքներն ուտելով` երեխաները հաճախ թունավորվում են, որովհետեւ նեխած, հոտած ապրանքներով են սնվում: Սոֆիկ տատը հաճախ աղբանոցներից շիշ հավաքելով է հացի փող վաստակում: «Էն աստիճանի եմ հասել, որ մարդկանցից ողորմություն եմ խնդրել, էրեխեքիս հաց եմ առել: Էհ, որ իմանայիր Սպիտակում ինչ տուն ու տեղ ունեի, ինչ ապրուստ ունեի, ո՞վ կմտածեր, որ ես էս օրը կընկնեի: Ո՞ւմ գանգատ անեմ իմ բախտի համար: 44 տարի տաքսու պարկում պահեստապետ եմ աշխատել, բայց էսօր ողորմություն եմ խնդրում»:
Երեխան մահամերձ էր
«Փարոսի» նպաստից զրկվել են, որովհետեւ Սիլվան ուշացրել է պահանջվող տեղեկանքը: Ուշացրել է, որովհետեւ վերջերս Յուրիկը ծայրահեղ վատ վիճակում էր: Ասում է՝ սկսեց ջերմել, մարմինը փայտացավ, կապտեց, լեզուն կուլ գնաց. «Մեռնում էր, տարա 3-րդ մանկական հիվանդանոց, մոտ 6 ժամ պահեցին վերակենդանացման բաժնում, հետո բերեցին պալատ, ասեցին` 100.000 դրամ վճարի, որ բուժենք էրեխուդ, ասեցի, որ էրեխես հաց չի կերել, որտեղի՞ց տամ»,- պատմում է Սիլվան, ով երեխային գումար չունենալու պատճառով այդ վիճակում վերցրել, բերել է «տուն», որովհետեւ հիվանդանոցում անվճար չեն բուժել: Ասում է, որ երեխային թոշակ է հասնում, թղթերն ունի, բայց ձեւակերպելու համար տրանսպորտի փող չունի, որ գնա այդ հարցը լուծի: Բժիշկները մորն ասել են, որ երեխայի հիվանդությունը բուժվող է, բայց Սիլվայի համար այդ բուժման ծախսերը հոգալը հեքիաթի պես մի բան է: Աշխատանք չի կարողանում գտնել. «Դիմում ես, ասում են՝ կարճ կհագնես: Եթե ես 41 տարեկանում կարճ հագած փող աշխատեմ, բա իմ էրեխուն պետք ա՞ էդ փողը»: Սոֆիկ տատի 10.000 դրամ թոշակով են ապրում: «Սպիտակում ռայոնի մեջ ախպերս մի հատ էր, դպրոցի տնօրեն էր: Սպիտակի ամենահարուստ ընտանիքն իմն էր, մեծ նաֆար էի պահում: Հարգանքով էին մոտենում ինձ, իսկ էսօր դառել եմ նեխած ապրանք հավաքող Սոֆիկը»,- մղկտալով պատմում է Սոֆիկ տատը, ով հիշելով անցյալը` դառնանում է, ու արցունքները կնճիռների մեջ խտանալով չեն մաքրվում: