Քաղաքական եւ ռազմական ուսումնասիրությունների ինստիտուտի ռազմական կանխատեսումների կենտրոնի վարիչ, ռազմական գիտությունների թեկնածու Անատոլի Ցիգանյուկը հետաքրքիր ուսումնասիրություն է կատարել Կասպիա-Կովկասյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ, որտեղ առանձին ուշադրություն է դարձվում հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ցիգանյուկի կարծիքով, եթե Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը եւ Հունաստանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, ապա չի բացառվում, որ այս երկրի կողմնորոշումը փոխվի դեպի հյուսիս եւ արեւելք։ «Այդ պարագայում կբարելավվեն հարաբերությունները Հայաստանի հետ»,- գտնում է փորձագետը։
Մյուս կողմից, ըստ փորձագետի, տնտեսական առումով դա կարող է ձեռնտու չլինել Հայաստանյան տնտեսության համար, քանի որ հայկական արտադրանքը կարող է չդիմանալ մրցակցությանը։ «Հայկական շուկան եւ տեղի խոշոր սեփականատերերը դեռ պատրաստ չեն դիմադրել, կապիտալը դեռ չի հասունացել։ Սահմանի բացման հարցով առավել շահագրգռված է Եվրամիությունը»,- նշել է Ցիգանյուկը։ Վերջինիս կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումն ընդհանուր առմամբ ձեռնտու կլինի թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմին։ Սակայն հրաշքների սպասել պետք չէ։ Հեղինակը, որպես փաստարկ, ներկայացրել է Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բաց սահմանի առկայությունը՝ նկատելով, որ տնտեսական աճի ինչ-որ աներեւակայելի թռիչքներ տեղի չեն ունենում։ Տնտեսական ազդեցությունից բացի, ոչ պակաս չափով կարեւորվել է նաեւ քաղաքական եւ անվտանգության գործոնը։ Ցիգանյուկի կարծիքով, հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո Ադրբեջանն այլեւս չի կարողանա շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը, իսկ Թուրքիան այդ քայլով իրեն ցույց կտա դրական կողմով, եւ Հարավային Կովկասում այս երկրին կսկսեն ընդունել որպես «յուրային»։ «Բաց սահմանը հարկավոր է հայերին եւ թուրքերին, իսկ Ցեղասպանության ճանաչումը՝ ամբողջ աշխարհին, որպես պետությունների եւ ժողովուրդների միջեւ խնդիրների լուծման կարեւորագույն գործոն»,- գտնում է Ցիգանյուկը։ Նա նաեւ գտնում է, որ Ռուսաստանին հայ-թուրքական սահմանի փակ լինելն առայժմ ձեռնտու է, քանի որ իսլամական գործոնի պատճառով ռուսները Թուրքիայից «մի թեթեւ վախենում են»։