Իսկ տնտեսական առումով այդքան շատ խոսելու տեղ չունենք։ Միշտ նշում ենք, որ բնական ռեսուրսներով աղքատ երկիր ենք, սակայն կան հատուկենտ ոլորտներ, որոնց միշտ անդրադարձ կատարվել ու կատարվում է։ Օրինակ, հանքային ջրերը, կոնյակը, քարը եւ այլն։ Վերջին տարիներին (իսկ ավելի ստույգ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք) մեր տնտեսական հաջողության օգտին խոսող փաստարկների թվին գումարվել է եւս մեկը եւ մնացած բոլորին դուրս մղել առաջին տեղից։ Իհարկե, դա մեր երկնիշ թվով տնտեսական աճն է։ Հանրապետություն եկած հյուրերին տեսարժան վայրերին, պատմությանը եւ մշակույթին ծանոթացնելու հետ միասին անպայման հիշեցնում են նաեւ այս մասին։ Իսկ մեր երկիր այցելող սփյուռքահայերն ու արտասահմանցիները զարմանում են, թե ինչպես է մեզ հաջողվում աղքատ ռեսուրսներով եւ շրջափակման պայմաններում վագրաձեւ թռիչքներ կատարել, կամ` թե այսպիսի աճի դեպքում ինչո՞ւ է բնակչությունը դժգոհ իշխանություններից, եւ պատրաստ մեկնել արտասահման։
Ինչպես ասում են` «Ումոմ Արմենիու նե պոնյատ»։
Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) թվային տեսքով արդեն հրապարակել է 2006թ. առաջին եռամսյակի ցուցանիշները։ Ցավոք, դեռ երկնիշ թիվ չունենք։ 2006թ. առաջին 3 ամիսների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 8 տոկոս։ Սա փոքր թիվ չէ, եվրոպական շատ զարգացած երկրներ կերազեին այսպիսի աճ ունենալ։ Սակայն ոչ մենք. մեզ համար սա բավարար չէ, նույնիսկ ամոթ է։ Սակայն պետք չէ հուսահատվել, մարտ ամսվա տվյալները հուսադրող են. աճը փետրվարի նկատմամբ կազմել է 10,6 տոկոս։ Եթե տնտեսությունը շարունակի զարգանալ մարտի տեմպերով, ապա երկնիշ թիվը կապահովվի։ Եվ` դատելով մարտ ամսվա ցուցանիշներից՝ կարելի է եզրակացնել, որ հաջորդ եռամսյակի ցուցանիշները շատ ավելի բարձր են լինելու։ Օրինակ, շինարարության ոլորտում (որը տնտեսական աճի մեջ վերջին տարիների ընթացքում առյուծի բաժին է կազմում), մարտ ամսին արձանագրվել է 61,4%-ի աճ՝ փետրվարի նկատմամբ։ Իսկ եռամսյակային տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շինարարության ծավալներն աճել են 25,2 տոկոսով։
2006թ. հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության աճը կազմել է 3,5 տոկոս։ Վերջին օրերին արձանագրված ցուրտ եղանակը, մասնագետների գնահատմամբ, բացասական ազդեցություն է ունենալու այս ոլորտի վրա։
Նկատելի աճ է արձանագրվել նաեւ ծառայությունների ոլորտում։ Այս տարվա առաջին եռամսյակում դրանց ծավալը 22,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Եթե շինարարության եւ գյուղատնտեսության մեջ սեզոնայնությունը մեծ դեր է խաղում, ապա կան ոլորտներ, որտեղ անգամ «դզած-փչած» թվերը մտահոգվելու տեղիք են տալիս։ Դա առաջին հերթին արդյունաբերության ոլորտն է, որի մասին միայն խոսում են։ Արդյունաբերությունը, որով մենք ժամանակին պարծենում էինք, հաստատուն քայլերով հետ է գնում։ 2006թ. առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 137մլրդ 928մլն դրամ (306,5 մլն դոլար)։ Սա կազմում է նախորդ տարվա ցուցանիշի 95,3%-ը, այսինքն` ոլորտում արձանագրվել է 4,7 տոկոսանոց անկում։ Մարտ ամսին անկման տեմպը մի փոքր ընկել է՝ փետրվարի նկատմամբ կազմելով 0,6%։
Ընդ որում, հետընթացն առկա է արդյունաբերության բոլոր ճյուղերում։ Օրինակ, «էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն եւ բաշխում» ոլորտում ԱՎԾ-ն արձանագրել է 6,3%-անոց հետընթաց։ Աճ արձանագրվել է միայն այս ոլորտի «գազակերպ վառելիքի արտադրություն եւ բաշխում» կետով (14%), սակայն չպետք է մոռանալ, որ «արտադրություն» բառը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք սպառում ենք Ռուսաստանի արտադրած գազը։
Մետաղե հանքաքարերի արդյունահանումը նվազել է 4,3%-ով, սակայն «հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերի» արտադրանքի ծավալները մեծացել են 39,2%-ով։ 4,5 տոկոսանոց անկում է արձանագրվել նաեւ մշակող արդյունաբերության ոլորտում, որն արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ունի ամենամեծ տեսակարար կշիռը (60,6%)։ Քիմիական արդյունաբերությունն անկում է ապրել 48, մեքենաների եւ սարքավորանքի արտադրությունը՝ 31, ոսկերչական արտադրատեսակներինը՝ 36,7 տոկոսով։ Սննդամթերքի արտադրությունը, որը կազմում է մշակող արդյունաբերության ծավալի մոտ կեսը, աճել է 13,6 տոկոսով։
Արդյունաբերության անմխիթար վիճակի մասին է խոսում նաեւ տրանսպորտային բեռնաշրջանառության ծավալների կրճատումը 7,2 տոկոսով։
Ուշադրության արժանի մյուս ոլորտն արտաքին ապրանքաշրջանառությունն է։ 2006թ. առաջին 3 ամիսների ընթացքում այն կազմել է 606,4 մլն դոլար, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7 տոկոսով։ Սակայն այդ 7 տոկոսն ամենեւին էլ մեր օգտին չի խոսում, քանի որ արտահանման ծավալները նվազել են 5,6 տոկոսով։ Ներմուծումն ավելացել է 13,6%-ով։ Առաջին 3 ամիսների ընթացքում մենք արտահանել ենք 184,4 մլն դոլարի արտադրանք, ներմուծել` 422 մլն-ի։ Այսինքն, 3 ամսվա մեջ երկիրը «դուրս է տվել» մոտ 238մլն դոլար։ Եթե արտաքին առեւտուրը շարունակի ընթանալ այս տեմպերով, ապա բացասական հաշվեկշիռը տարվա վերջին կկազմի մոտ 1 մլրդ դոլար։ Խոշոր հարկատուների ցուցակից եւս երեւում է, որ ներմուծողների դիրքերը գնալով ամրապնդվում են։ Դոլարի արժեզրկումը ձեռնտու է հենց ներմուծողներին։ Վերջին շրջանում փոխարժեքը գրեթե անփոփոխ էր՝ 450 դրամ, սակայն վերջին մի քանի օրերին այն թեեւ դանդաղ, սակայն նվազում է։ Այսօր մեկ դոլարը փոխանակվում է 445 դրամով։ Ինչպես հիշում եք, Կենտրոնական բանկը 2006թ. համար կանխատեսել էր 420 դրամ փոխարժեք։ Եթե այդ կանխատեսումը ճիշտ դուրս գա, այսինքն` դրամը հետագայում շարունակի արժեւորվել, ապա ներմուծման տեսակարար կշիռը հնարավոր է ավելի մեծանա։
Իսկ ի՞նչ միջոցներով է բնակչությունը վճարում դրսից ներմուծված արտադրանքի դիմաց։ Հայ սպառողի միջին ամսական աշխատավարձը կազմում է 55.500 դրամ։ Եվ մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն տեղական պահանջարկը, այլեւ 238 մլն դոլարի օգուտ տալ արտասահմանյան արտադրողներին։ Անգամ պաշտոնական տվյալներով, բնակչության դրամական եկամուտներն աճել են 2,7, իսկ ծախսերը՝ 5,1 տոկոսով։ Մենք ավելի շատ սպառում ենք, քան արտադրում։ Միշտ էլ այդպես է եղել։ Մի քանի տարի առաջ ոմանք դա համարում էին պարադոքս, այժմ համարձակություն են ձեռք բերել պաշտոնապես հայտարարել, որ պահանջարկի ձեւավորման մեջ զգալի դեր են խաղում դրսից եկած տրանսֆերտները։ Անցյալ տարի դրանց ծավալը գնահատվել էր մոտ 1 մլրդ դոլար։ Ահա հենց այդ գումարներն էլ ներմուծման ճանապարհով հետ են գնում այնտեղ, որտեղից եկել են։
Իսկ ԱՎԾ հրապարակման վերջին հատվածը, որը վերաբերում է սպառողական գների ինդեքսին (ինֆլյացիա), ոչ թե մտահոգության, այլ թերահավատության տեղիք է տալիս։ Յուրաքանչյուր ոք, ով գոնե շաբաթը մեկ անգամ գնումներ է կատարում, կարող է ապացուցել, որ Նոր տարվանից հետո գները զգալիորեն աճել են։ Իսկ մեզ ներկայացված հրապարակման մեջ պարզում ենք, որ 2006թ. առաջին եռամսյակում արձանագրված սպառողական գները նախորդ տարվա համեմատ իջել են 0,1 տոկոսով։ Թեեւ արձանագրվել է, որ փետրվարի համեմատ մարտին ունեցել ենք «մի թեթեւ» գնաճ՝ ընդամենը 0,4%։