Տնտեսական «ռազբորկաներ» Արմավիրում

07/05/2006 Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իր զորակցությունն է հայտնել Ռ. Գասպարյանին ու իր անվտանգության աշխատակիցներից մի քանի հոգու հանձնարարել է ժամանակավոր ապահովել նրա անվտանգությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի քաղաքային կադաստրի շենքի մոտ Ռ. Գասպարյանը կայանում է իր անձնական օգտագործման սեւ գույնի «Համմեր-2» մակնիշի, 02 ՕՍ 444 պետհամարանիշի ավտոմեքենան եւ այցելում Հանրապետության փողոցի վրա գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի տարածքային գրասենյակ: Որոշ ժամանակ անց, դուրս գալով ԲՀԿ գրասենյակից, Ռ. Գասպարյանը դրսում մի պահ զրույցի է բռնվում Արմավիրի նախկին քաղաքապետ, ներկայիս ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակից Նորայր Մնոյանի հետ: Զրույցի ընթացքում Ն. Մնոյանի բջջային հեռախոսի վրա զանգ է գալիս. վերջինս հեռանում է Ռ. Գասպարյանից, իսկ Գասպարյանը քայլերն ուղղում է դեպի իր ավտոմեքենան: Մոտենալով «Համմերին»` նստելու պահին դիմացի մայթից ՎԱԶ-2174 մակնիշի, սպիտակ գույնի 28ՕՍ 785 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ նստած անհայտ անձը ձեռքին եղած ինքնաձիգով կրակ է արձակում նրա ուղղությամբ: Արդյունքում, մի ամբողջ փամփշտակալ դատարկելով՝ երիտասարդը դուրս է գալիս ավտոմեքենայից եւ քայլերն ուղղում դեպի Ռ. Գասպարյանը: Մինչ նա կմոտենար Ռ. Գասպարյանին, հավանաբար, համոզվելու համար` արդյոք ընտրված թիրախը զոհվե՞լ է, այդ պահին Ռ. Գասպարյանի զինակից ընկերներից ոմն Էդիկ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակում մահափորձ կատարողի ուղղությամբ: «Հակառակորդի կողմից իմ ուղղությամբ հնչած կրակոցներից ես խուճապի մատնվեցի եւ վախեցա մոտենալ նրան` ստուգողական կրակոցներ արձակելու համար եւ նստելով ՎԱԶ-2174 մակնիշի ավտոմեքենաս` դիմեցի փախուստի»,- ըստ մեր աղբյուրների, իրավապահներին խոստովանել է մահափորձ կատարողը: Արդյունքում` Ռ. Գասպարյանը ստանում է հրազենային 5 վնասվածք ձախ ձեռքի եւ ոտքի մասերում: Դեպքի վայրում հայտնաբերվում են 28 հատ 5,45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, իսկ 200մ հեռավորության վրա` ՎԱԶ-2174 մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվում եւ առգրավվում է ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով: Նույն օրը Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվում է քրգործ ՀՀ Քրօր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ օրեր անց իրավապահներին կամավոր ներկայանում է Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 47 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Սամսոն Պողոսյանը, որի բիզնեսը, ըստ արմավիրցիների, հովանավորել է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, Արմավիրի մարզի քարհանքերի մի մասի եւ Արմավիր քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանի սեփականատեր Նովո մականունով Նահապետ Գեւորգյանը: Ըստ արմավիրցիների, Նովոյին պատկանող գազալցակայաններից մեկը տնօրինում է հենց Ս. Պողոսյանը: Ըստ մեր աղբյուրների, մահափորձը կատարելուց հետո Ս. Պողոսյանը հանցանքի վայրից փախել է 3 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով:

1-ին ավտոմեքենայով նա գնացել է մինչեւ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող, ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արշալույս» շոգեբաղնիքի մոտ, որտեղ նրան նախապես սպասել են մեկ այլ ավտոմեքենայով: Փոխելով ավտոմեքենան, այնտեղից փախել է մինչեւ Փարաքարի վրա գտնվող ՊԱՏ հսկիչ անցակետ, այդտեղից էլ՝ անհայտ ուղղությամբ: Արմավիրի մարզի մեր աղբյուրների հավաստմամբ` ՊԱՏ անցակետի մոտ նրան սպասելիս է եղել Նահապետ Գեւորգյանին` Նովոյին, պատկանող ավտոմեքենան: Իրավապահներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, մահափորձը հիմնականում տնտեսական դրդապատճառ է ունեցել: Շրջանառվող վարկածների համաձայն` վեճի եւ հակասությունների առարկան եղել է Արմավիրում գործող շուկան: Մոտ 8-9 տարի է, ինչ շուկայի մի զգալի հատված տրամադրվել է ԵԿՄ Արմավիր ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքի անդամներին` սոցիալական խնդիրները որոշ չափով մեղմելու համար: Իսկ, երբ 1999թ. Նովոն դարձավ ԱԺ պատգամավոր, Արմավիր քաղաքում համառ խոսակցություններ տարածվեցին, որ նա փորձ է անում տիրանալ ԵԿՄ-ին տրված շուկային:

Սակայն մահափորձի իրական պատճառները կոծկելու նպատակով Արմավիրի դատախազ Վահրամ Շահինյանին են հանդիպել անձամբ Արմավիրի քաղաքապետ Շախտի Ռուբո մականունով Ռուբեն Խլղաթյանն ու Աժ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը: Վերջիններս փորձ են արել նախաքննությունն ուղղորդել կենցաղային հարթության վրա, թե իբր Ս. Պողոսյանն այդ քայլին դիմել է, քանզի մի քանի ամիս առաջ ինքը ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել, ինչի համար էլ Ռ. Գասպարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել իրեն եւ Նովոյի տղային: Իսկ երբ այդ մասին իմացել է ողջ Արմավիրը, Պողոսյանը խոստացել է, որ հակահարված է հասցնելու իրեն ծեծի ենթարկողներին, իսկ թե ինչո՞ւ է թիրախ ընտրել ոչ թե ծեծողներին, այլ Գասպարյանին, մնում է առեղծվածային:

Ի դեպ, մի քանի տարի առաջ Նովոն Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ Էրեբունու թաղապետարանի դիմաց գտնվող «Ազատամարտիկների» զբոսայգում գազալցակայան են կառուցել: Որոշ ժամանակ հետո նրա եւ Մ. Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած ինչ-ինչ հակասությունների արդյունքում Նովոն դուրս է մղվում գազալցակայանի մասնաբաժնից: Ասում են` Նովոն փորձ է արել «քցել» Մ. Սեդրակյանին: