Քննադատել է Ռուսաստանին

07/05/2006

«Տրանսատլանտյան մարտահրավերները գլոբալ դարաշրջանում» թեմայով Բրյուսելում գումարված միջազգային խորհրդաժողովում ամերիկացի սենատոր Ջոն Մըքքեյնը Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նկատմամբ վարած քաղաքականության համար խստորեն քննադատել է Ռուսաստանին: Մըքքեյնը, որին համարում են նախագահական հաջորդ ընտրություններում հանրապետականների հավանական թեկնածու, Բրյուսելում ասել է, թե ուրախ է, որ Սանկտ Պետերբուրգում ամռանը կայանալիք մեծ ութնյակի գագաթաժողովում քննարկվելու է Վրաստանի եւ Մոլդովայի «սառեցված հակամարտությունների» թեման: «Մենք պետք է պարզորոշ գիտակցենք, որ այդ հակամարտությունների հիմքում Ռուսաստանի աջակցությունն է ապօրինի անջատողական շարժումներին»,- ասել է Մըքքեյնը՝ հավելելով, թե Սանկտ Պետերբուրգում ռուսներին հարկ է նաեւ ասել, որ չի կարելի էներգակիրների մատակարարումը դարձնել այլ պետությունների վրա ճնշում բանեցնելու միջոց: Բացի այդ, ըստ նրա` Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է կոչ անել՝ ամբողջ չափով հարգել մարդու իրավունքները: Սենատորն ասել է, թե եվրաատլանտյան կառույցներում ինտեգրվելու հարցում պետք է օգնել Ուկրաինային եւ Վրաստանին: «Եթե ՆԱՏՕ-ի ընդարձակումը կայուն է դարձրել Եվրոպայի հյուսիսը եւ կենտրոնը, ապա կկայունացնի նաեւ Արեւելքը»,- ասել է սենատոր Ջոն Մըքքեյնը: