Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հետաձգեց Երեւանում խմելու ջրի սակագնի բարձրացման քննարկումը: Նման առաջարկությամբ բոլորի համար շատ անսպասելի հանդես եկավ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հետո նրան միացավ նաեւ «Երեւան ջուր» ՓԲԸ տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Երեկվա նիստում պետք է քննվեր «Երեւան ջուր» ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն տալու եւ նույն ընկերության կողմից ջրի սակագինը 1 խմ համար 125 դրամից 172,8 դրամ դարձնելու մասին հայտը: Ա. Անդրեասյանը հանձնաժողովից խնդրեց հայտը հետաձգել այն պատճառով, որ. «Կան դեռեւս տեխնիկական բնույթի չլուծված հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն: Հսկայական գույքի տրանսֆորմացիայի խնդիր կա, շուրջ 30 անուն գույք է փոխանցվում, առանձին էլեմենտների հետ կապված անճշտություններ կան: Եվ ընկերության հետ համատեղ քննարկման արդյունքում որոշվեց խնդրել հանձնաժողովին նիստը հետաձգել մինչեւ վերջին դետալի հստակեցումը»: Իսկ Ս. Պոպոֆֆն էլ պատաճառաբանեց, որ շահագործման օբյեկտների հետ կապված իրավական խնդիրներ էին առաջացել: