«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արամ Հարությունյանը երեկ լրագրողներին վստահեցնում էր, թե ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում սարսափի մթնոլորտ է. մարդիկ վախենում են նույնիսկ միջանցքներում կանգնել եւ զրուցել, ու ընդհանրապես այնտեղ ամեն բան հիշեցնում է 1937 թվականը:
Ա. Հարությունյանի խոսքերից տպավորություն էր ստեղծվում, թե մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը հաց չի ուտում, գիշերները չի քնում ու մտածում է, թե ինչպես հաշվեհարդար տեսնի «Ազգային համաձայնության» ղեկավարի հետ: Բանն այն է, որ առաջիկա օրերին սպասվում է հերթական մրցույթը, որի արդյունքում պետք է ընտրվի մաթեմատիկայի ֆակուլտետում հանրահաշիվ դասավանդող մի դասախոս: Եվ ահա Ա. Հարությունյանն էլ պնդում էր, թե օգտագործելով մրցույթի պատեհ առիթը` Գ. Գեւորգյանն իր հետ հաշվեհարդար է տեսնում, որովհետեւ ինքն ամիսներ առաջ քննադատել ու բազմաթիվ ծանր մեղադրանքներ է ներկայացրել նրան: Ի դեպ, գիտական որեւէ աստիճան չունեցող Ա. Հարությունյանն ամիսներ առաջ իր մեղադրանքներով նաեւ կասկածի տակ էր դրել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Գեւորգյանի մասնագիտական գիտելիքները եւ պատրաստակամություն էր հայտնել հարկ եղած դեպքում այդ հարցով ներկայանալ դատարան: Սակայն պարոն Հարությունյանին ոչ ոք դատի չտվեց, ավելին` նրա ասածների վրա ոչ ոք հարկ էլ չհամարեց ուշադրություն դարձնել, ինչն, ինչպես երեւում էր, է՛լ ավելի էր զայրացրել նրան եւ հիմա արդեն Ա. Հարությունյանն ինքն է պատրաստվում դիմել դատարան, սակայն թե կոնկրետ ի՞նչ հիմքերով, բանախոսը երեկ չմանրամասնեց: Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար տեղեկացնենք, որ դասախոսի թափուր տեղի համար հինգ տարին մեկ հայտարարվող մրցույթում հայտ ներկայացրած Ա. Հարությունյանն այս անգամ մրցակից ունի, ով, ի տարբերություն պարոն Հարությունյանի, գիտական աստիճան ունի: Այլ կերպ ասած` Ա. Հարությունյանը մտավախություն ունի, որ ինքը կարող է կորցնել ԵՊՀ դասախոսի աշխատանքը, եւ դա փորձում է ներկայացնել որպես հաշվեհարդարի փորձ: Երեկ Ա. Հարությունյանը պնդում էր, թե իր մրցակիցը մասնագետ չէ, եւ որ իրեն իր ամբիոնը միաձայն երաշխավորել է դասախոսի այդ թափուր տեղի համար, իսկ մրցակցին` ոչ: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք դասախոսի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում իր հնարավոր պարտությունը չի կարելի բացատրել թեկնածուների գիտական աստիճանների տարբերությամբ, եւ իրականում ոչ մի հաշվեհարդար էլ չկա, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Եթե ձեր երեխան հիվանդ լինի, դուք չեք տանի բժշկի, եթե, առավելեւս, նա բժիշկ չէ»: Հարությունյանի պնդմամբ` դեկանը ճնշում է գործադրում ֆակուլտետի գիտխորհրդի անդամների վրա, որպեսզի նրանք մրցույթում հաղթող ճանաչեն իր մրցակցին, սակայն ճնշման որեւէ կոնկրետ դեպք, ձեւ կամ որեւէ ճնշվածի անուն երեկ նա այդպես էլ չկարողացավ նշել: Ինչեւէ, տպավորությունն այնպիսին էր, որ «Ազգային համաձայնության» ղեկավարը, ով, ի դեպ, շարունակ կոչ էր անում, որ պետք է համալսարանը հեռու պահել կեղտոտ խաղերից, ինչ-որ մեկի դրդմամբ էր հրավիրել այդ ասուլիսը: Ամեն դեպքում այս պատմությունը հազիվ թե դրականորեն ազդի Մայր բուհի հեղինակության վրա: Նկատենք, որ այս պրոցեսը նոր չէ. վերջին տարիներին ինչ-որ անտեսանելի ուժ հետեւողականորեն այս կամ այն կերպ վարկաբեկում է Մայր բուհն ու գիտնականներին, եւ ոմանք փորձում են քաղաքական դաշտին բնորոշ եւ մեր ժամանակներում տարածված տղայականությունը, «գյադայությունն» ու կեղտոտ տեխնոլոգիաներն արմատավորել ԵՊՀ-ում, որովհետեւ դա իրենց միջավայրը կլինի, ու իրենք իրենց կզգան` ինչպես ձուկը ջրում: Այնպես որ, ով էլ որ լինի ԵՊՀ ապագա ռեկտորը, նա շատ անելիքներ ունի: