Ապրիլի 28-ին կարճատեւ աշխատանքային այցով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որ ԼՂՀ իշխանությունների հետ հանդիպումներից բացի, հանդիպում ունեցավ նաեւ Արցախի պետական համալսարանում: «Ես հասկանում եմ, որ ձեզ համար դժվար է ապրել երկրի կարգավիճակի անորոշության պայմաններում, բայց պետք է շարունակել ապրել: Այսօր կա միասնական Հայաստան եւ Ղարաբաղ, անկախ այն բանից, որ երկու քաղաքական միավոր ենք, երկու տարբեր տարածքներ: Եվ պետք է սա բոլորիս մտքերում ամրագրվի, որպեսզի չկարողանանք այս ուղղությունից շեղվել: Եթե մենք սա չկարողանանք դարձնել մեր կենսակերպի մի մաս, չենք կարող ճիշտ ճանապարհի վրա լինել, մեր առջեւ դրած խնդիրներն արագ լուծել, ապահովել տնտեսական բարգավաճում: Դուք հանրաքվեով հռչակել եք ձեր անկախությունը, ձեր գործն արել եք, մնացածը թողեք դիվանագետներին»,- ուսանողների գլխին դասախոսություն կարդալուց հետո ասաց Վ. Օսկանյանը:
Պատասխանելով փոխզիջումների մասին ուսանողների հարցին, Վ. Օսկանյանն ասաց. «Փոխզիջումները պետք է ծնվեն բանակցությունների արդյունքում: Իհարկե, յուրաքանչյուր բանակցող կողմ ունի իր կարմիր գիծը, որ դրանից այն կողմ չի կարող անցնել: Ես չեմ ուզում բոլոր քարտերը բացել, բայց մի բան կարող եմ երաշխավորել, որ Ղարաբաղի անկախության, ինքնորոշման, անվտանգության երաշխիքի եւ Հայաստանի հետ անխափան կապի առումով մենք զիջելու որեւէ բան չունենք: Սրանց մասին ես կարող եմ բաց, համարձակ խոսել: Մնացածները բանակցությունների արդյունքում պետք է ճշտվի»: Նա նաեւ նկատեց, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացողության տակ միջազգային հանրությունը հասկանում է նախկին ԼՂԻՄ-ը:
Փախստականների, տարածքների եւ խաղաղարար ուժերի մասին հարցերին Վ. Օսկանյանը խուսափեց պատասխանել, ասելով, որ դրանք քննարկելը դեռ վաղ է: «Եթե Ադրբեջանը չի ուզում ընդունել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչո՞ւ ենք մենք ուզում խոսել տարածքներից: Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո միայն Հայաստանը պատրաստ է ամենայն լրջությամբ քննարկել պատերազմի հետեւանքների վերացման խնդիրները»,- ընդգծել է Վ. Օսկանյանը: Նրա խոսքերով, խաղաղարար ուժերի տեղակայումը կիրականացվի այն ժամանակ, երբ երկու կողմերը կզգան դրանց կարիքը: Անդրադառնալով Վաշինգտոնում տարածքային ամբողջականության մասին Ի. Ալիեւի հնչեցրած հայտարարություններին, Օսկանյանն ասել է, որ տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Եվ նման հայտարարությունները պետք է արհամարհել:
Խոսելով Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների մասին, Վ. Օսկանյանը նշել է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ծագումով ղարաբաղցի եւ այս գործընթացի ակտիվ մասնակից, այսօր բանակցություններում հանդես է գալիս եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի անունից: «Այն պահին, երբ համաձայնություն կլինի սկզբունքների շուրջ, եւ ընդամենը մեկ էջանոց փաստաթուղթը պետք է վերածվի ծավալուն, մանրամասն փաստաթղթի, այդ ժամանակ ԼՂ-ն իր մասնակցությունը պիտի ունենա բանակցություններում: Եթե այս անգամ էլ Ադրբեջանը մերժի Ղարաբաղի մասնակցությունը, հավաստիացնում եմ, որ Հայաստանն այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնի, որովհետեւ սկզբունքներից անցնելու ենք այն հարցերին, որոնք վերաբերում են Ղարաբաղին»,- ասել է Վ. Օսկանյանը: Նա միաժամանակ փաստել է, որ այդ դեպքում Հայաստանը պատրաստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը: