«Երեւան ջուր»-ի տնօրեն Սերժ Պոպոֆֆը համաձայն չէր այն կարծիքի հետ, թե այս դեպքում ընկերությունը հայտը ներկայացնելիս շտապել է:
«Գործընթացը բավականին նորմալ կերպով ընթանում էր, մենք չենք շտապել,- պատասխանեց Ս.Պոպոֆֆը: -Բայց մի փոքր խնդիր առաջացավ: 10 տարվա ժամկետ ունեցող պայմանագրի համար երկու շաբաթը կամ մեկ ամիսն այնքան էլ մեծ ուշացում չէ»:
Հիշեցնենք, որ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությանը նոր վարձակալ գտնելու համար անցած տարի Համաշխարհային բանկը (ՀԲ) մրցույթ էր հրավիրել: Մրցույթում հաղթեց ֆրանսիական «ժեներալ դեզ Օ» ընկերությունը: Համաշխարհային բանկի, «Ժեներալ դեզ Օ»-ի եւ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջեւ անցած տարի դեկտեմբերի 14-ին կնքվեց եռակողմ պայմանագիր: «Ժեներալ դեզ Օ»-ն այստեղ բացեց ԵՋԿ-ի վարձակալությամբ զբաղվող «Երեւան ջուր» ընկերությունը: Այս ընկերությունը 10 տարի զբաղվելու է Երեւանի եւ հարակից 30 գյուղերի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ: Այդ համակարգի խարխուլ վիճակը բարելավելու համար ՀԲ-ն այս անգամ էլ 20 մլն դոլար վարկ է հատկացնելու, 2 միլիոնով էլ համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Իսկ մինչ այդ կնքված պայմանագրով մեր կառավարությունը հաստատել է վարձակալ ընկերության՝ ջրի սակագինը բարձրացնելու ցանկությունը, որի համաձայն` առաջիկա 3 տարիներին 1 խմ ջրի գինն առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) պետք է լինի 144 դրամ: Փաստաթղթի համաձայն, այդ սակագինը կգործի մինչեւ 2009 թվականի վերջը, այնուհետեւ նախատեսվում է սակագնի աստիճանական նվազեցում, եւ վարձակալության 10-րդ տարում այն կկազմի 93 դրամ, ներառյալ` ԱԱՀ-ն: Նոր սակագնի հաստատումից հետո ստացվող գումարներից 17,6 մլն եվրո եւ եւս 6,4 մլն եվրո էլ պետք է կազմեն ընկերության սեփական ներդրումները` սարքավորման եւ գույքի տեսքով: Դեռեւս դեկտեմբերին Ա. Անդրեասյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները սպառողներին խոստացան, որ 10 տարի հետո ունենալու ենք ջրամատակարարման ու ջրահեռացման լավ համակարգ եւ շուրջօրյա ջրամատակարարում:
Իսկ այս ընթացքում հայկական կողմը ֆրանսիացիներին պետք է ներկայացներ, թե ինչ վիճակում է գտնվում ԵՋԿ-ի համակարգը եւ ինչ է հանձնելու նրանց: «Ընդունման-հանձնման» գործընթացից հետո «Երեւան ջուրը» պետք է արդեն դիմեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` պայմանագրով հաստատված սակագները սահմանելու համար: Հանձնաժողովն այդ հայտը ստացավ ապրիլի 7-ին եւ քննարկումը նշանակեց ապրիլի 28-ին: Նախատեսված էր, որ նոր սակագինը պետք է գործեր մայիսի 1-ից: Մինչդեռ դեռեւս դեկտեմբերին հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ ընկերությունը ջրի սակագնի բարձրացման հայտ կարող է ներկայացնել 2006թ. մայիսին, երկու-երեք ամիս հետո հանձնաժողովը կհաստատի, եւ մենք միայն աշնանը կունենանք ջրի նոր գին: Բայց ինչպես երեւում է` «Երեւան ջուրն» ու ոլորտի պատասխանատուներն այդքան երկար չկարողացան համբերել ու հայտն ավելի շուտ ներկայացրին: Ստացվում է, որ ԵՋԿ-ի վարձակալը դեռ իր աշխատանքը չցուցադրած՝ ծառայության գներն է թանկացնում: Իսկ հիմա էլ հանկարծ հայտնաբերեցին, որ իրենց համար դեռ ամեն ինչ հստակ չէ: Տեխնիկական ու իրավական չպարզված հարցեր կան: Իսկ Ս.Պոպոֆֆն էլ իր պատճառաբանության մեջ անընդհատ շեշտում էր, որ ամեն ինչ պետք է թափանցիկ լինի: Տպավորություն էր ստեղծվում, որ հայկական ու ֆրանսիական կողմերի միջեւ ինչ-որ տարաձայնություն է առաջացել: Հնարավոր է, որ մերոնք ֆրանսիացիներին ամեն ինչ չէ, որ ճիշտ են ներկայացրել: Հիշո՞ւմ եք, նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաեւ ԵՋԿ-ի նախորդ օպերատորի՝ իտալական «Էյ յութիլիթիի» ժամանակ, երբ պարզվեց, որ համակարգի գնահատումը չի համապատասխանում իրականությանը, պատկերն ավելի մռայլ է: Վերագնահատումը բերեց նրան, որ ջրի սակագինը ավելի թանկացրին, քան մինչ այդ էր նախատեսված: Հիմա էլ դժվար է ասել, թե «Ժեներալ դեզ Օ»-ն ու մերոնք ինչը չեն կարողանում հստակեցնել կամ համաձայնեցնել: Մերոնք նորի՞ց իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել: Հիշեցնենք, որ երբ «Էյ յութիլիթին» հեռանում էր, նրա 5 տարիների կատարած աշխատանքը ստուգեց դանիական «Ռամբոլ» աուդիտորական ընկերությունը: Բայց սպառողը չիմացավ, թե իտալական այդ ընկերությունը, ջրաչափերից բացի, ուրիշ էլ ինչ ավելացրեց համակարգում: Չէ՞ որ այդ ընկերությունը 5 տարիների ընթացքում ծախսել էր 35,5 մլն դոլար եւ այդ տարիներին բաժանորդներից հավաքագրած գումարները: Չէ՞ որ այդ գումարներից 30 մլն դոլարը Համաշխարհային բանկից վերցրած վարկն էր, որը հետո ծանրանալու է նույն սպառողների ուսերին: Մեր հանրությունը չիմացավ, թե «Էյ յութիլիթին» որ հեռացավ, ի՞նչ թողեց իրենից հետո: Ոլորտի պատասխանատուներն այդ արդյունքները սպառողից գաղտնի պահեցին: Միգուցե գաղտնի են պահել նաեւ նոր օպերատորի՞ց:
Սպառողից գաղտնի է պահվում նաեւ այն հաշվարկը, թե ինչից է գոյացել 1 խմ համար այդ 172,8 դրամը: Սպառողն ինչպե՞ս պետք է հասկանա, թե միանգամից 40 տոկոս թանկացումն արդարացված է: Չէ՞ որ ջրի գինը շատ ավելի թանկացավ նաեւ նախորդ օպերատորի կառավարման ժամանակ, բայց մատակարարման որակը համապատասխանաբար չբարձրացավ: Ավելին, «Էյ յութիլիթին» Հայաստանից հեռացավ ու այդպես էլ պատասխան չտվեց խմելու ջրի պատճառով Երեւանի մի հատվածի բնակչության թունավորման համար: Այս նախադեպը աչքի առաջ ունենալով` բաժանորդն ինչպե՞ս պետք է հավատա, որ իր սպառած ջրի գնի 40 տոկոս թանկացումն արդարացված է եւ խոստացված բարելավումներն իրականանալու են: Մանավանդ, որ նույն բաժանորդին տարիներ շարունակ հավատացրել են, թե հանրային ծառայությունների սակագինը կարող է որոշել միայն Հանրային ծառայությունները կարգավորող անկախ հանձնաժողովը, բայց այս անգամ սակագինը հաստատվել է եռակողմ պայմանագրով: Իսկ հանձնաժողովն ընդամենը որոշածը պետք է հաստատի: Եվ դժվար թե անկախություն ու համարձակություն ցուցաբերի ու իր տղամարդու խոսքն ասի: